Կորոնավիրուսի ախտանիշնե՞ր են ի հայտ եկել․․․

 Կորոնավիրուսի ախտանիշնե՞ր են ի հայտ եկել․․․

 

Միքայել Մինասյանի նախորդ տեսաուղերձից  (մայիսի 30), մի քանի օր հետո,  Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն  ու իր ողջ ընտանիքը կորոնավիրուսով հիվանդ են, բայց սիմպտոմ, ախտանիշ չունեն։  Բնական է, մարդիկ սպասում էին վարչապետի արձագանքին, բայց կորոնավիրուսով հիվանդ լինելն այնքան հարգելի պատճառ էր, որ մեկնումեկի մտքով չանցավ ասել՝ բա խի՞ չեք մի բան ասում։ Հիշեցի դպրոցում մի նմանօրինակ դեպք։ Աշակերտներից մեկը չէր եկել դասի, պատճառն եմ հարցնում՝ ասում է տատիկս մեռել է։ Մի երկու ամիս հետո էլի նույնը կրկնվեց, հարցրի, ասաց՝ հիմա էլ էն մյուս տատիկս է մեռել։ Արդեն հետաքրքրվել, իմացել էի, որ նախորդ տատիկն էլ չի մահացել ու ասացի՝ հիշիր էլ քեզ տատիկ չունես։

Միքայել Մինասյանի այսօրվա տեսաուղերձից հետո մտածում եմ՝ հիմա ի՞նչ է ասելու Նիկոլ Փաշինյանը։ Սա արդեն սովորական հայտարարություն չէ, խոսքը պետական դավաճանության մասին է։ Քիչ թե շատ այդ բնագավառին ծանոթ մարդը կհասկանա, որ դրանից այն կողմ էլ հանցանք չկա։  Սարսուռով էի լսում ամեն մի բառը, նման բան ասելու համար, եթե նախկին դեսպանը սխալ լինի, վարչապետը օրենքի ուժով կարող է նրան ոտ ու ձեռով կորցնել։ Իսկ եթե ճիշտ է, լռելու համար նոր պատճառ է պետք։ Հիմա ի՞նչ է ասելու։ Կորոնավիրուսի սիմպտոմնե՞ր են ի հայտ եկել․․․ թե՞ մի ուրիշ բան․․․

Գևորգ Պետրոսյանն էլ ոնց որ  Նիկոլ Փաշինյանի «հետևից ընկած լինի»՝ կորոնավիրուսով վարակված լինելու թուղթը բեր հա բեր։

Է՜, սուպեր վարչապետ մարդ է, որ ուզի՝ մահացածի թուղթ էլ կբերի։ Որ բերեց, ի՞նչ ես անելու։ Սա միջանկյալ։

Ամեն դեպքում սպասենք ու հիշենք, որ կորոնավիրուսով մի անգամ վարակվել է։