Երեւանը դեռ բացահայտ թշնամանքով չի նայում Ռուսաստանին, բայց․․․ ․ Ալեքսանդր Դուգին

Երեւանը դեռ բացահայտ թշնամանքով չի նայում Ռուսաստանին, բայց․․․ ․ Ալեքսանդր Դուգին

Այս շաբաթ Մոսկվայում էր Հայաստանի պառլամենտական պատվիրակությունը Ռեգիոնալ եւ Եվրասիական հարցերով հանձնաժողովի ղեկավար Միքայել Մելքումյանի գլխավորությամբ։ Հանդիպումները, որոնք ունեցան հայ պատգամավորները Մոսկվայում, առանձնապես հաճելիներից չէին։ Այսպես, ՌԴ Պետդումայի նախագահի տեղակալ Պյոտր Տոլստոյը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմավարական գործընկերների հետ հանդիպումները կարեւոր են, սակայն շատ ավելի կարեւոր են կոնկրետ արդիական խնդիրների լուծումը։ Ըստ նրա, կուտակվել են չափազանց շատ հարցեր, որոնք պահանջում են համատեղ լուծումներ ինչպես երկկողմ հարաբերություններում, այնպես էլ միջազգային խոշոր հարթակներում։ Պյոտր Տոլստոյը հիշեցրել է, որ Ռուսաստանը չունի այնքան մեծ թվով ոչ-կառավարական կազմակերպություններ Հայաստանի տարածքում, որքան Միացյալ Նահանգները։ Ադրբեջանական Media.Az պարբերականը, որը բավականին հաճախ է զրուցում ռուսաստանի քաղաքագետների հետ հայկական թեմատիկայով, այս առնչությամբ զրուցել է Եվրասիական միջազգային շարժման ղեկավար քաղաքագետ Ալեքսանդր Դուգինի հետ։ Դուգինը հայտարարել է, որ հենց որ Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության, հայ-ռուսական հարաբերությունների այն մոդելը, որը կառուցվել էր նախորդ փուլում, հայկական կողմը դրել է հարցականի տակ։ «Փաշինյանը սկսել է բազային հիմքերի վերանայում։ Դա իհարկե, Մոսկվային դուր չի գալիս։ Պայմանավորվածությունները երկարատեւ էին, միջպետական, եւ ուղղված չէին այս կամ այն անհատը, ով կղեկավարեր Հայաստանը։ Ռուսաստանը այս հարցում հետեւում էր այն տրամաբանությանը, որ պետք է համագործակցել քաղաքական դիվանագիտական, տնտեսական ու ռազմական ոլորտներում։ Այդ համագործակցությունը իրականացվում էր եւ ուներ իր սցենարները։ Հայաստանն աջակցում էր բազմաթիվ ինտեգրացիոն նախաձեռնություններ, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Ու անկախ այսրոպեական խնդիրների առաջացումից, այդ պարադիգման հայկական կողմի նախորդ ղեկավարությունից ոչ մեկ չէր փոխում։ Իսկ Փաշինյանը որոշեց ամեն բան փոխել ու դա ազդեց ամեն ինչի վրա։ ՀԱՊԿ-ի մասով։ Եկեք ձերբակալենք ՀԱՊԿ-ի ղեկավարին եւ պարզենք, թե ինչ է ներկայացնում իրենից ՀԱՊԿ-ը։ ԵԱՏՄ-ի մասով՝ եկեք նայենք, թե որքանով է դա օգտակար Հայաստանի մասով։ Ռուսաստանի ռազմական ներկայությունը դեռեւս հարցականի տակ չի դրվել, սակայն այստեղ էլ հարցեր են առաջանում։ Ինչ հիմքով է բազան գտնվում Հայաստանում, որքան եք դուք մեզ վճարում եւ այլն։ Տնտեսական մոդելների մասով՝ եկեք վերանայենք այն բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել էին ավելի վաղ։ Նույնիսկ Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունները դրվում են հարցականի տակ, քանի որ դրանք իր օրոք ձեռք չեն բերվել»։ Դուգինը եզրակացնում է, որ այդ կերպ դաշնակցային հարաբերությունների ողջ համակարգը Փաշինյանը դրել է հարցականի տակ, ու թեեւ Ռուսաստանն այո, Հայաստանի դաշնակիցն է, սակայն նույն Հայաստանն ուզում է վերանայել դիրքերը։ Մոսկվային դա, ըստ ռուսաստանցի քաղաքագետի, բնականաբար այդ ամենը ձեռք չի տալիս։ «Երեւանը դեռ բացահայտ թշնամանքով չի նայում Ռուսաստանին, սակայն վերջինս սկսում է զգուշանալ։ Տարբեր փուլերում Փաշինյանը համառության տարբեր չափաբաժիններով այս բոլոր հարցերը վեր է հանել ու վերանայել։ Դա է նրա քաղաքականության լեյտմոտիվը։ Ընդ որում, երբեմն, երբ սրացումն ակնհայտ է դառնում, նա սկսում է իր կեցվածքը մեղմացնել։ Սակայն երբեք Հայաստանի վարչապետը չի վերադառնում Մոսկվայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների այն ֆորմատին, որը եղել է անցյալ տասնամյակներին»,- ասել է Դուգինը։