Վերեւները չեն կարողանում, ներքեւները չեն ուզում

Վերեւները չեն կարողանում, ներքեւները չեն ուզում

Հատկապես ամանորյա տոներից հետո տարբեր ոլորտներում աշխատող մարդկանցից կարելի է լսել, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որի պայմաններում իրենք չեն կարող աշխատել եւ ապրել` այլեւս չեն կարողանում հանդուրժել իշխանությունների կողմից ան­ընդհատ իրականացվող ֆինանսական տեռորը: Իշխանությունն ան­վերջ նոր որոշումներ ու օրենքներ է ընդունում, որոնք ընդամենը մեկ նպատակ ունեն՝ հնարավորինս ավելի հաճախ մտնել մարդկանց գրպանը, հնարավորինս դատարկել արդեն իսկ դատարկ դրամապանակները: Դժգոհությունը համընդհանուր է. իշխանության գործողություններից դժգոհ են մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, հանրային տրանսպորտից օգտվողները, փաստաբանները, նոտարները, ոսկերիչները, ուսանողները, արտասահմանից դրամական փոխանցումներ ստացողներն ու ուղարկողները: Նույնիսկ խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն են հասկանում, որ երկիրը գնում է կործանման, եւ շտապ երկրից դուրս են բերում իրենց կապիտալը՝ վախենալով իրենց ունեցվածքի հնարավոր կորստից, զգուշանալով դրա մասին բարձրաձայնելուց: Լենինյան բնորոշմամբ՝ Հայաստանում ստեղծվել է հեղափոխական իրավիճակ` «վերնախավերը չեն կարողանում հին ձեւով կառավարել, իսկ ներքեւում չեն ուզում ապրել հին ձեւով»: Վերեւների չկարողանալը նույնիսկ ավելի ակնհայտ է. օրինակ, ՔՊ-ական մի պատգամավոր հայտարարում է, որ եթե տրանսպորտի վճարները չբարձրացվեն, հնարավոր չէ ունենալ նորմալ հանրային տրանսպորտ, մյուսն ասում է, որ եթե հարկերը չբարձրացնեն, հնարավոր չէ հավաքել բյուջեով նախատեսված գումարները եւ կատարել ծախսերը:

Վիճակը նախկինում էլ լավ չէր, սակայն Հայաստանն անվտանգային ճգնաժամի հասցնելուց, Արցախի կորստից, Հայաստանի տարածքի զգալի մասը թշնամուն զիջելուց հետո ավելացել են տնտեսական, սոցիալական ձախողումները: «Ղարաբաղը տանք` հանգիստ ու կուշտ ապրենք» մտածողներն անգամ տեսնում են, որ Փաշինյանն իրենց ու իրենց երեխաների բերանից խլում է հացի վերջին պատառը: Փաշինյանը դա անում է ոչ միայն իրեն հատուկ ագահության պատճառով: Նա ներքին համոզմունք ունի, որ ինչքան հասարակությունն աղքատ է եւ իրավազուրկ, այնքան հնազանդ է, հեշտ կառավարելի: Ինքն էր, չէ՞, ասում, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հատուկ է մարդկանց պահում աղքատության մեջ, որ ընտրությունից ընտրություն կարողանա 5-10 հազար դրամ բաժանելով վերարտադրվի: Ինքն ուզում է հասնել «կատարելության». այնքան աղքատացնել հասարակությանը, որ նույնիսկ այդ գումարը բաժանելու կարիք չլինի:

Լենինն ասում էր, որ հեղափոխական իրավիճակը կարող է բերել հեղափոխության, եթե կա այն քաղաքական-կազմակերպված ուժը, որը կարող է ղեկավարել, առաջնորդել հանրային դժգոհությունը, կարող է իր վրա վերցնել երկիրը նորովի կառավարելու պատասխանատվությունը: Որքան էլ Հայաստանում չսիրեն Վլադիմիր Իլյիչին, նրա ղեկավարած քաղաքական ուժը` Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բոլշեւիկյան կուսակցությունը, որը հետագայում անվանափոխվեց կոմունիստականի, կարողացավ օգտվել ստեղծված հեղափոխական իրավիճակից եւ վերցնել իշխանությունը: Հիմա Հայաստանում կա՞ այն քաղաքական ուժը, որը կարող է իր վրա վերցնել հանրային համընդհանուր դժգոհությունն առաջնորդելու առաքելությունը: Այս պահին նման քաղաքական ուժ կարծես թե չկա: Կան տարբեր կուսակցություններ կամ քաղաքական միավորներ, որոնք փորձում են առաջնորդել հանրային դժգոհությունը: Հնարավոր է, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը վախենում է հեղափոխությունն առաջնորդելու պատասխանատվությունը ստանձնելուց: Շատերը ցույց են տալիս, որ կիսում են բողոքավորների մտահոգությունները, համակարծիք են նրանց դժգոհության հետ, բայց իրենք սոցիալական բունտի կազմակերպիչ չեն դառնա: Դե հո բոլշեւիկ կամ կոմունիստ չե՞ն` իրենք ազգային ուժ են, իսկ ազգային ուժին հարիր չէ սոցիալական բունտ կազմակերպելը: 

Հայ հանրությունը չունի իր համար ընդունելի պետության տեսլական, ինչպիսի պետություն է ուզում ունենալ, ինչպիսին պետք է լինի պետությունը, որ ինքն իրեն լավ զգա, համարի իրենը: Մինչեւ 2018 թվականի հեղաշրջումը մարդկանց մեծ մասի մոտ համոզում կար, որ իրենց դժբախտությունների` վատ կյանքի, արդարադատության բացակայության, սոցիալական անարդարության, խտրական արդարադատության պատճառը կոռուպցիան է, հովանավորչությունը, օլիգարխիայի եւ պաշտոնյաների՝ օրենքից վեր լինելը, ոմանց ամենակարողությունը, այ, երբ այդ խնդիրները լուծվեն` արդար իշխանություն գա, իրենք էլ կսկսեն լավ ապրել` կլինի արդար հասարակություն, ռեսուրսների արդար բաշխում, բոլորը հավասար կլինեն դատարանների եւ ընդհանրապես արդարադատության առաջ, բիզնեսի իրականացման հավասար պայմաններ ու արդար մրցակցություն կստեղծվեն, սեփականությունը պաշտպանված կլինի, երկիրը կզարգանա, մարդիկ կսկսեն ավելի պաշտպանված եւ բարեկեցիկ ապրել: Իսկ նման պետություն ունենալու համար պետք էր, որ իշխանությունը լինի իրենցից, ընտրություները չկեղծվեն, իրենք գնան ու ընտրեն իրենց ուզած մարդուն, այն մարդուն, որն իրենց խոստանում է այդ արդար հասարակության կառուցումը, արդարության վերականգնումը: Բաց պարզվեց՝ դա միֆ է, բլեֆ: Ոչ միայն նախկինում եղած խնդիրները չվերացան, այլեւ ավելի խորացան, դրանց ավելացան նորերը:

Սիրիայի օրինակը շատ լավ ցույց է տալիս, թե ինչ է տեղի ունենում այն երկրների հետ, որտեղ ժողովուրդն իրեն օտարված է զգում սեփական պետությունից՝ պետական իշխանությունը համարելով իրեն թշնամի եւ օտարի կամակատար: Հասարակությունն ուղղակի ողջունում է ցանկացած օտար ներխուժում՝ դա դիտելով ազատագրում: Սրա մասին չափազանց դիպուկ գրել է ռուս քաղաքագետ Ալեքսեյ Չաադաեւը. «Մենք կանգնած ենք պատերազմի նոր տեսակի առջեւ, որը ՆԱՏՕ-ի տեսաբաններն անվանում են «ճանաչողական պատերազմ»: Սա նշանակում է, որ կան հրացաններ, տանկեր, ինքնաթիռներ եւ նույնիսկ՝ անօդաչու թռչող սարքեր: Սիրիացիներն էլ ունեին դրանք: Որովհետեւ չկա պատրաստակամություն՝ կռվելու, պաշտպանելու իրենց երկիրը։ Ո՛չ վերնախավերի, ո՛չ համազգեստով մարդկանց եւ ո՛չ էլ հասարակ բնակիչների գիտակցության մեջ չկա որեւէ արժեք, որի համար անհրաժեշտ կլիներ պայքարել»: