Իշխանությունները վախենո՞ւմ են արցախցիներին Երեւանում տեղավորել

Իշխանությունները վախենո՞ւմ են արցախցիներին Երեւանում տեղավորել

Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով արդեն ավելի քան 80 հազար արցախցի ժամանել է Հայաստան: Գորիսում նրանց հաշվառում են, բայց հոսքը մեծանալուն զուգընթաց՝ ոչ բոլորն են հաշվառվում Գորիսում, մարդիկ քարավաններով գնում են այլ մարզեր, փորձում են ինքնուրույն տեղավորվել կամ հարազատների մոտ են հանգրվանում։
Պետությունը հայտարարեց, որ արցախահայերին կացարաններով կապահովի։

Տեղեկանում ենք, որ նրանց առաջարկում են հաստատվել սահմանամերձ մարզերում` Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք: Պետական կառույցներն ամեն ինչ անում են, որ արցախահայերը մայրաքաղաք Երեւանում չհանգրվանեն, եւ անգամ իրենց ունեցած միջոցներով քարոզչություն են սկսել Երեւան եկողների դեմ: Արցախցիները պատրաստ են գնալ մարզեր, բայց, բնական է, սահմանամերձ տարածքներում հաստատվելուց խուսափում են․ նրանց մեջ կան մարդիկ, որ երկրորդ անգամ են տունուտեղ կորցնում, մեկը՝ 20 թվի պատերազմից հետո, մյուսը՝ այսօր, եւ հետո՝ թշնամու վայրագություններից մազապուրծ եղած մարդիկ չեն ցանկանում մրից դուրս գալ, մրջուրն ընկնել։ Բացի այդ, մարզերում աշխատանք գտնելը բարդ է։  

Արցախցիները կարծում են, որ վաղը կարող է նորից ռազմական էսկալացիա սկսվել, եւ չեն ցանկանում հերթական անգամ հայտնվել պատերազմի օջախում, եւ նրանց մտահոգությունն արդարացի է: Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության խոսնակ Սոնա Հարությունյանը մեզ ասաց, որ այն պնդումները, թե տեղահանվածներին բացառապես սահմանամերձ մարզերում են կացարաններով ապահովում, չեն համապատասխանում իրականությանը: 

«Բացարձակապես այնպես չէ, որ միայն սահմանամերձ շրջաններում են կացարան տրամադրում: Այս պահի դրությամբ առաջատարը Կոտայքի մարզն է: 10 հազարից ավելի արցախցի արդեն իսկ տեղավորված է, մոտ 2 հազար արցախցի այս պահին Կոտայքի մարզում է: Խոսքը Կոտայքի բոլոր համայնքների մասին է` Հրազդան, Չարենցավան, Աբովյան եւ այլն: Սյունիքի մարզը երրորդ տեղում է, իսկ երկրորդ տեղում Արարատի մարզն է»,- նշեց նա:

Հարցին, թե ինչու Երեւանում չեն տեղավորում մարդկանց, մեր զրուցակիցն ասաց. «Երեւանում տեղավորելու հնարավորություն չկա, միայն մարզերում»: Իսկ ինչո՞ւ են արցախցիները նշում, որ իրենց սահմանամերձ շրջաններում են կացարանով ապահովում։ «Որովհետեւ գալիս են՝ Կոռնիձորն անցնում են, երբ տեղի է ունենում կարիքների գնահատում, իրենք նշում են, որ բնակարան ունեն կամ էլ բարեկամ ունեն, որի մոտ են գնում, եւ հենց այդ պատճառով հրաժարվում են պետության աջակցությունից՝ պնդելով, որ բնակարան կա: Այդ եղանակով գալիս են Երեւան, եւ համացանցով ինչ-ինչ օգտատերեր սկսում են բնակարաններ փնտրել նրանց համար, եւ տպավորություն է ստեղծվում, թե այդ մարդկանց կացարաններով չենք ապահովել, այնինչ իրականությունն այլ է»,- նշեց նա:

Մենք հետաքրքրվեցինք՝ իսկ ինչո՞ւ Արմավիրի մարզում արցախցիներին չեն տեղավորում։ «Արմավիրում բավականին շատ արցախցիներ կան: Ամենապասիվը Լոռու մարզն է, բայց մնացած բոլոր տեղերում 1000-ն անցնում է: Հոսքը շարունակական է: Սյունիքում, Վայոց Ձորում եւ Գեղարքունիքում զուտ մարդկանց տեղավորում ենք՝ աշխարհագրությունից ելնելով, որովհետեւ դրանք ավելի մոտ են Արցախին, եւ այդպես ավելի արագ ենք տեղավորում մարդկանց»: 

Նշենք, որ այսօր Հայաստանում մտահոգ մարդկանց ջանքերն ուղղված են այս դժվարին օրերին Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնելուն, նրանց հոգսերը մեղմելուն։ Շատերն իրենց տներն են անհատույց տրամադրում, որոշ ընկերություններ լրացուցիչ աշխատատեղեր են բացում, ուսումնական կենտրոններ են արցախցիներին հրավիրում՝ անվճար նոր մասնագիտություն սովորելու կամ վերապատրաստվելու, մյուսները սնունդ, մանկական կեր, տաք հագուստ են հավաքում՝ Արցախում ամեն ինչ թողած ընտանիքների համար։ Անգամ Հայաստանի Շախմատի ակադեմիան է հանդես եկել հայտարարությամբ՝ նշելով, որ արցախահայերին ապահովելու են կացարանով: