Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները ջերմացել են Արմեն Սարգսյանի ժամանակ
Նոյեմբերի 25-ին Հայաստանի Հանրապետության եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության միջեւ Աբու Դաբիում՝ ԱՄԷ-ում, Հայաստանի Հանրապետության դեսպան Կարեն Գրիգորյանի եւ Սաուդյան Արաբիայի Թագավորության դեսպան Սուլթան բին Աբդալլահ Ալ-Անկարի կողմից ստորագրվել է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություն:
Երկու երկրներն առաջնորդվել են «երկկողմ հարաբերություններն ամրապնդելու եւ համագործակցության շրջանակն ընդլայնելու, միջազգային անվտանգության եւ խաղաղության ապահովմանն աջակցելու» ձգտումով։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին փաստաթուղթն արձանագրում է երկու երկրների ցանկությունը՝ «ամրապնդելու արդյունավետ համագործակցության կապերը քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, զարգացման, առեւտրի եւ մշակույթի ոլորտներում՝ տարբեր բնագավառներում ջերմ հարաբերությունների հաստատման երկուստեք ձգտումներն իրականացնելու նպատակով»։
Մեծ կարեւորություն ունեցող մի իրադարձություն, քանի որ, հիշեցնենք, Սաուդյան Արաբիան այն եզակի պետություններից է, որը մինչ օրս չէր ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։ Այս առումով հետաքրքիր էին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումները նոյեմբերի 18-ին Ծոցի համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղար Ջասեմ Մուհամադ Ալ-Բուդայվիի հետ, իսկ նոյեմբերի 19-ին Մանամայում Բահրեյնի Թագավորության ԱԳ նախարար Աբդ Ալ-Լատիֆ բին Ռաշիդ Ալ-Զայանիի եւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյտի հետ։ Բոլոր երեք հանդիպումների ընթացքում էլ քննարկվել են երկկողմանի փոխհարաբերությունները զարգացնելու, համատեղ հանդիպումներ ու փոխադարձ այցեր կազմակերպելու հարցեր։ ԱԳ նախարարի՝ արաբական երկրներ կատարած հանդիպումները կարեւոր են ՀՀ-արաբական երկրներ փոխհարաբերությունների համատեքստում։
Իսկ ե՞րբ եւ ի՞նչ պայմաններում են սկսել ջերմանալ արաբական երկրների հարաբերությունները Հայաստանի հետ․ այս հարցերի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ «Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները ջերմացել են Արմեն Սարգսյանի նախագահության ժամանակ, որին շատ բարձր ընդունելություն էին կազմակերպել Սաուդյան Արաբիայում: Դա ինչ-որ առումով ճանաչման գործընթացի սկիզբն էր: Դա նաեւ նրա անձնական հարաբերություններով էր պայմանավորված, դեռ այդ ժամանակ Սաուդյան Արաբիայում պաշտոնապես հայտարարել էին, որ պատրաստ են Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել: Կարծում եմ, որ հիմա նաեւ ընդհանուր շահեր են հայտնվել՝ կապված աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ»,- ասաց Դանիելյանը։
Քաղաքագետը հիշեցնում է, որ դեռեւս 2018 թվականի սեպտեմբերի 21-ին` Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին, աննախադեպ բան տեղի ունեցավ՝ մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը չճանաչող Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլազիզ Ալ Սաուդին եւ գահաժառանգ արքայազն, նախարարների խորհրդի փոխնախագահ, պաշտպանության նախարար Մոհամեդ բին Սալման բին Աբդուլազիզ ալ Սաուդին հանդես եկան շնորհավորական ուղերձով՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված։
Իսկ 2021 թվականի հոկտեմբերի 26-ին Հայաստանի Երրորդ Հանրապետության գոյության ընթացքում առաջին անգամ այցելեց Սաուդյան Արաբիա։ Հիշեցնենք, որ անկախացումից ի վեր ոչ մի հայ պաշտոնյա այդ երկիր աշխատանքային այց չէր կատարել։ Արմեն Սարգսյանի այցելության պատվին հանդիսավոր ընդունելություն էին կազմակերպել։
«Կարծում եմ, որ դա պայմանավորված էր Արմեն Սարգսյանի եւ Բին Սալմանի հարաբերություններով, ինչը ցույց է տալիս, որ քաղաքականության մեջ անձնական կապերը կարեւոր են, իսկ 2021-ի այցը կարելի է համարել արդեն ճանաչում, թեկուզ՝ ոչ ֆորմալ»,-ասաց Դանիելյանը։
Իսկ ինչո՞ւ հենց հիմա դիվանագիտական հարաբերություններ հաստատել․ հարցին Դանիելյանն ասաց, որ Սաուդյան Արաբիան խնդիրներ ունի Թուրքիայի հետ՝ նաեւ հյուսիս-հարավ ապագա կոմունիկացիաների ստեղծման հարցում, եւ եթե այդ կոմունիկացիաներն անցնեն նաեւ Հայաստանով, ապա Սաուդյան Արաբիան այստեղ նույնպես ունի հետաքրքրություններ: Հետաքրքիր է, որ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել այն մասին, որ իբր Մոհամեդ Բին Սալմանը, նախքան դիվանագիտական հարաբերություններ հաստատելը խորհրդակցել է ադրբեջանական կողմի հետ։ Դանիելյանը նշում է, որ ձեւական առումով նման բան կարող էր, իհարկե, լինել, սակայն խիստ ձեւական։
«Ֆորմալ առումով Սաուդյան Արաբիան դա հիմնավորում է նրանով, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիրներ Հայաստանն այլեւս չունի, դրա համար խոչընդոտներ այլեւս չկան, սակայն Սաուդյան Արաբիան Հայաստանի ճանաչման մասին հայտարարություն արել էր դեռեւս 2020 թվականի պատերազմից առաջ: Սաուդյան Արաբիան այն երկիրն է, որն ունի մեծ ազդեցություն անգամ Թուրքիայի վրա, էլ չենք խոսում Ադրբեջանի մասին»,- եզրափակեց Ստեփան Դանիելյանը։
Կարծիքներ