Վաղարշակ Հարությունյանը չի վերահսկում իրեն վստահված ոլորտը

Վաղարշակ Հարությունյանը չի վերահսկում իրեն վստահված ոլորտը

Լուսանկարը ներբեռնել եմ ՀՀ պաշտպանության նախարարության կայքից: Լուսանկարից կից տեքստում ասվում է, որ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 10-ին խորհրդակցություն է անցկացրել ՊՆ ներքին աուդիտի վարչության ղեկավար կազմի մասնակցությամբ: Խոսել են զինված ուժերում իրականացվող ստուգումներից, արձանագրված խախտումներից: Հիանալի է: Հատկապես, եթե նկատի ունենանք, որ խորհրդակցողներից «մեկը տեղով» խախտում է: 

Խոսքը լուսանկարում աջից առաջին տղամարդու մասին է: Նա մուգ կանաչ հագուստով է: Սա մեր զինված ուժերի համազգեստ չի, հայկական զինված ուժերի ծառայողների համար նման համազգեստ հաստատված չէ: Սա սովորական սպորտային ոճի հագուստ է, որ հարմար է ակտիվ հանգստի համար: Բայց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը դեմ չի, որ իր ենթակաները ծառայողական պարտականությունները կատարելիս համազգեստ չհագնեն: Սա Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13-րդ եւ 35-րդ հոդվածների խախտում է: 13-րդ հոդվածը զինվորականին պարտավորեցնում է ծառայության ընթացքում մշտապես համազգեստով լինել, իսկ 35-րդը վերադասին պարտավորեցնում է կարգի հրավիրել խախտում թույլ տված ենթակային: Ուրեմն Վաղարշակ Հարությունյանը չի կարողանում, չի ուզում սաստել իր ենթակային, կամ տեղյակ չէ, չի հասկանում, որ պիտի սաստի: Օրենք է խախտում: Ենթական էլ չարաշահելով վերադասի անտեղյակությունը, օրենք է խախտում: Այսքանից հետո կլինե՞ն մարդիկ, որ կհավատան պաշտպանության նախարարության հայտարարություններին, թե Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հայկական կողմը վերահսկում է մեր տարածքը զավթած ադրբեջանցիների գործողությունները: Բանակի ղեկավարությունը իրավիճակը չի վերահսկում նախարարության տաքուկ սենյակներում, զինված ադրբեջանցուն վերահսկելու է՞: Չեմ հավատում, կասեր դասականը:

Ցավալին այն է, որ պաշտպանության նախարարության սույն պաշտոնյան միակ օրինախախտը չէ: Ծառայողական պարտականությունները կատարելիս համազգեստի փոխարեն այս մուգ կանաչ հագուստից են հագնում շատերը ոչ միայն զինված ուժերում: 

Այս հագուստն են հագնում նաեւ իրենց հեղափոխության պահապաններ կոչող մի խումբ ջահելներ: Սրանք ահաբեկում են բոլորին, ով քննադատում է Նիկոլ Փաշինյանին եւ վարկաբեկել են այս հագուստը: Ավելին՝ այս տարվա մարտի 15-ին ոստիկանության տարածած հաղորդագրությունից պարզվեց, որ իրեն հեղափոխության պահապան անվանող եւ այս հագուստը կրող մեկը՝ Ատոմ Կամոյի Հաթամյանը, զբաղվել է թանկարժեք մեքենաների կողային թանկարժեք հայելիների գողությամբ: Ու պաշտպանության նախարարությունում կան մարդիկ, որ նախընտրում են այս վարկաբեկված հագուստը: Իսկ հանրապետությունում բազմաթիվ են ձկնորսական եւ որսորդական խանութները, որտեղ վաճառվում է եւ այս մուգ կանաչ, ձեւի ու տեսքի, բայց այլ գույնի եւ գունաբաժանմամբ (կամուֆլյաժ) հագուստ, այդ թվում՝ Հայաստանի բոլոր ուժային կառույցների՝ ոստիկանություն, բանակ, փրկարար, ազգային անվտանգության ծառայություններ եւ այլն: 

Առանձին թեմա է ուժային կառույցների համազգեստների ազատ վաճառքի հարցը: Իսկ թե ինչու են թավշյա իշխանության ներկայացուցիչները օրենք խախտելու համար նախընտրում վարկաբեկված հագուստը՝ ինձ հասկանալի չէ: Բայց ցավալի է, տեսնել, որ մասնավորապես, պաշտպանության նախարարության նման գերկարեւոր կառույցում ղեկավարն անկարող է կամ անտեղյակ, ենթակաները՝ չարաշահող:

Արեգ ՄԱՐԳԱՐՅԱՆ