Պողոսն էլ կարծում էր՝ նախրում էշ ունի

Պողոսն էլ կարծում էր՝ նախրում էշ ունի

Երկու տարին լիուլի բավական էր հասկանալու համար, որ Փաշինյանի իշխանությունը պատուհաս է երկրի ու ժողովրդի գլխին: Հեղափոխությանն անհույս սիրահարվածների մասին չէ խոսքը: Նրանք 22 տարում էլ ոչինչ չեն հասկանա: Խոսքը շատ թե քիչ մտածելու ընդունակ մարդկանց մասին է, որոնց համար, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունն արդեն իսկ հերձված դիակ է, ու պարզ են մահվան բոլոր պատճառները: Ի վերջո՝ ոչ մեկից այլեւս չես կարող թաքցնել, որ երկրի դռները լայնորեն բացվել են ամեն տեսակի մարտահրավերների առաջ, իսկ դրանք դիմագրավելու ո՛չ ցանկություն, ո՛չ կամք, ո՛չ էլ հնարավորություն Փաշինյանի կառավարությունը չունի:
Նման իրավիճակում մարդկանց մեջ արթնանում են ինքնապաշտպանության բնազդները եւ հույս, որ ինչ-որ տեղից վերջ կտրվի այս ամենին: Այդպիսի մի հույս էր Սահմանադրական դատարանը: Իմքայլական Փաշինյանն այդ հույսն էլ սպանեց փետրվարի 6-ի ԱԺ արտահերթ նիստում: Ակնհայտ եւ կոպտագույն խախտումներով եւ մեկ քաղաքական ուժի թվային գերակշռության շնորհիվ նա հասավ ՀՀ Սահմանադրության փոփոխության հարցով հանրաքվե անցկացնելու իր սեւեռուն գաղափարին՝ նպատակ ունենալով ազատվել ՍԴ 7 սկզբունքային դատավորներից:

Առաջ չանցնելով՝ նշենք, որ հրճվանքը, թե հասել են իրենց ուզածին, խիստ ժամանակավրեպ է, քանզի ճգնաժամ այս պահին կա ոչ թե ՍԴ-ում, այլ իշխանության մեջ, որ չգիտես ինչ ճնշումների ազդեցության տակ սկսել է ոտնահարել բոլոր օրենքները՝ ակնհայտորեն գերազանցելով իր իրավասությունների շրջանակը: Փաշինյանի այս «թռիչքը» կասեցնելու եւ նրան գետնին իջեցնելու համար ԱԺ-ում ներկայացված քաղաքական մյուս ուժերը՝ ԲՀԿ-ն եւ «Լուսավոր Հայաստանը», կարող են դիմել ՍԴ եւ վիճարկել ԱԺ վերջին արտահերթ նիստերի օրինականությունն ու սահմանադրականությունը, պահանջելով օրենսդիր մարմնում օրինականության վերականգնում: Իրավաբան եւ կլասիկ քաղաքական գործիչ Էդմոն Մարուքյանն այս ճանապարհը չի՞ տեսնում: Ինքն է, կարծեմ, այս օրերին տրակտատ տրակտատի հետեւից գրում եւ արձանագրում բոլոր այն խախտումները, որոնք տեղի են ունեցել արտահերթ նիստերում:

Հասկանալի է, որ Փաշինյանն շտապում է «բարեփոխիչ» հանրաքվեն ժողովրդի եւ միջազգային հանրության վրա ծախել որպես պայքար կոռուպցիայի դեմ: Մինչդեռ այն ընդամենը սեփական անճարակությունը քողարկելու եւս մեկ հնարավորություն է, իր ճանապարհից միակ խոչընդոտը վերացնելու գնով: Փաշինյանի քայլերի հաջորդականությունը, որով նա հասավ ՀՀ նախագահի կողմից հանրաքվե անցկացնելու հրամանագրի ստորագրմանը, արդեն իսկ հուշում էր, որ ճնշում կա նախագահի ինստիտուտի նկատմամբ, Արմեն Սարգսյանին շանտաժի են ենթարկում՝ խաղարկելով նրա լեգիտիմության, ինչպես նաեւ «կասկածելի» բիզնես գործունեության հետ կապված խաղաթղթերը: Որ Փաշինյանը նախագահի «ոչօրինակարգության» մեջ համոզված գործիչներից էր, կարծում եմ, բոլորը գիտեն: Պատգամավոր Փաշինյանի վերդիկտը, այն է՝ «թագավորն իսկական չէ», այսօր էլ հանգամանքների բերումով պտտվում է համացանցում: Ակամա հարց է առաջացնում․ 2 տարի է՝ վարչապետ ես, չկարողացա՞ր պարզել՝ Արմեն Սարգսյանն իսկակա՞ն է, թե՞ ոչ: Եթե «իսկական չէ», ինչո՞ւ չես բացահայտում այդ «պարզ» եւ «ցցուն» կոռուպցիան: 

Կարող եք, իհարկե, վիճել, որ Արմեն Սարգսյանն այն ֆիգուրը չէ, որին հնարավոր լինի ճնշել: Թե՛ ներսում եւ թե՛ դրսում նա ավելի մեծ հեղինակություն ունի, քան Փաշինյանը, 7 տարով ընտրված նախագահ է՝ լավ ներկայացված աշխարհի ամենաազդեցիկ քաղաքական եւ ֆինանսական շրջանակներում: Ամբողջ հարցն էլ հենց դա է՝ Արմեն Սարգսյանի եւ մեր կյանքի տարբերությունը: Մենք չենք կարողանում ընկալել, որ նա ոչ մի պարագայում չէր կարող թույլ տալ, որ իր միջազգային հեղինակությունն ու բազմազբաղ առօրյան տուժեին հանուն այս իշխանությունների մի այնպիսի կիսանպատակի, ինչպիսին ՍԴ առանձին դատավորներից ազատվելն է:

Այսուհանդերձ, Արմեն Սարգսյանին մեղադրել Փաշինյանի հետ գործարքի գնալու մեջ, կարծում եմ՝ ճիշտ չէ: Լինում են դեպքեր, երբ ուղղակի չի կարելի միջամտել, երբ իշխանության հասած մարդը գիտակցաբար գնում է ինքնասպանության, թաղելով ամեն ինչ՝ թե՛ իր հանդեպ ժողովրդի հավատը, թե՛ պետության ղեկավարի պատասխանատվությունը, թե՛ իր քաղաքական թիմի ճակատագիրը: Անունն ի՞նչ դներ, որ Նիկոլին խանգարեր ինքնասպան լինել: Արմեն Սարգսյանը, շառից հեռու, ստորագրեց հրամանագիրն ու հստակ ասաց՝ պետք չէ վախենալ հանրաքվեից: Հասկանալի է, կարեւորը, ի վերջո, հանրաքվեի արդյունքն է եւ ոչ թե «Արամ Խաչատրյան» համերգասրահից Փաշինյանի հրճվանքն այդ ստորագրության փաստից: Մարդը հաստատ որոշել է «ինքնասպան» լինել եւ ուրեմն՝ թող լինի: Նրա համար այլեւս ոչինչ չես կարող անել՝ նույնիսկ Արմեն Սարգսյանի հեղինակությունն ունենալու պարագայում:

Հիմա ի՞նչ, ապրիլի 5-ին գնո՞ւմ ենք հանրաքվեի: Փաշինյանին վերջնականապես աշխարհով մեկ խայտառակվելու համար մոտ 700 հազար «այո» է պետք: Ժողովրդից «այո»-ների կորզումը փորձ է արվում ներկայացնել որպես հնի ու նորի պայքար, որպես մի գործողություն, որպես կոռուպցիոներների առաջ դռան շրխկոց, որպես քայլ՝ հանուն ազատության եւ ապագայի: Ծիծաղելի է: Իշխանությունների ծանծաղամտությունը հասել է իր գագաթնակետին, որից այնկողմ արդեն բացարձակ դատարկությունն է: Եվ հիմա ճիշտ ժամանակն է, որ անգրագետ Պողոսն ամեն ինչ դնի մի կողմ ու երկրի թիվ մեկ աշխատասենյակին փոխանցի իր սրտի խոսքը. «Չե՞ք ամաչում, արա, գետինը չե՞ք մտնում, որ երկու տարում ձեր ոչ մի խոստում չկատարած, եկել եք, թե՝ Պողոս, գնա, Հրայր Թովմասյանին գործից հանելու մեր որոշումին էլ ասա «այո»: Սա չի՞ քո նոր Հայաստանը, ուստա Նիկոլ՝ վտանգավոր զարգացումներ Արցախում, համատարած հովանավորչություն, պետական թալանի օրինականացում, գունավոր կոռուպցիա, ժողովրդի կենսամակարդակի անկում, ներդրումների բացակայություն, վերեւներում շքեղ կյանք, ներքեւում՝ զրո հավատ ապագայի հանդեպ, օրինականության դեֆիցիտ, արտագաղթ: Ես գնամ՝ ձեր ինչի՞ն «այո» ասեմ»:

Պողոսը ճիշտ է, իհարկե։ Պողոսը միշտ է ճիշտ, բայց երբ ակնհայտ է, որ ջրում խեղդվող Պողոսի փրկությունը բացառապես Պողոսի խնդիրն է, Պողոսը պետք է քայլ անի: Հանրաքվեից պետք չէ վախենալ, այլ պետք է գնալ եւ հավաքական ուժով ասել՝ «Ոչ» վերոթվարկյալ բոլոր «կոմֆորտներին», որ այս իշխանությունն է բերել: Դա է քո փրկության ճանապարհի առաջին քայլը, Պողոս ջան, ախպեր ջան…

ՀԳ. Քիչ մնաց մոռանայի մեկնաբանել հոդվածի վերնագիրը: Ընթերցողին առաջարկում եմ այն կարդալ՝ առանց էշն ու նախիրն անձնավորելու: Դա հայտնի ժողովրդական խոսք է այն մասին, թե ինչ վիճակի է մատնվում իր հավատի սյուները մեկիկ-մեկիկ կորցնող հասարակ մարդը: