Օպերատիվ աշխատողները «բառիգներին» ասում են՝ որպեսզի կարողանաս շնչել, պետք է մեզ գործ տաս

Օպերատիվ աշխատողները «բառիգներին» ասում են՝ որպեսզի կարողանաս շնչել, պետք է մեզ գործ տաս

Գլխավոր դատախազը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կարդացել է դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը ուշագրավ է հատկապես Հայաստանում տիրող հանցավորության իրավիճակի մասով: 2023 թվականի համեմատ պատկերն առանձնապես չի փոխվել: Ծանր եւ միջին ծանրության հանցագործությունների գծով թեթեւ նվազում է արձանագրվել՝ 4-ից 10 տոկոսով, մինչդեռ կտրուկ ավելացել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 422-ով կամ 25.1%-ով: 2023 թվականին ունեինք 1678 նման դեպք, 2024-ին՝ 2100 առանձնապես ծանր հանցագորություն:

Ամենամեծ աճը՝ 111.4%-ով, գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության գծով: Սպանությունները անցյալ տարվա համեմատ աճել են 14.5%-ով: Մոտ 12 տոկոսով ավելի են սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունները: Իսկ ամենամեծ աճը՝ 111.4%-ով, գրանցվել է թմրամիջոցների մաքսանենգության գծով:
Փաստաբան, նախկինում քննիչ Հովիկ Արսենյանին հարցրեցինք, թե ի՞նչ է նշանակում թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի այսպիսի ավելացումը՝ իրավապահնե՞րն են սկսել լավ աշխատել, թե՞ Հայաստանը կորել է թմրամիջոցների մեջ: «Մաքսակետերում պետք է շատ ավելի հզոր տեխնիկա լինի, եւ սրանով թող ցույց չտան, թե լավ են աշխատում: Հետո, պետք է դատախազը նշեր, թե դեպքերից քանիսն են մաքսակետում արձանագրվել եւ քանիսն են օպերատիվ ճանապարհով Հանրապետությունում են բացահայտել: Պետք է հաշվի առնել, որ այս 111 տոկոսը շատ փոքր թիվ է, քանի որ մեր մաքսային հսկողությունը տեխնիկական տեսակետից թույլ է: Աշխատում են հին մեթոդներով, պատկերացնո՞ւմ եք` եթե ժամանակակից մեթոդներով աշխատեին, ինչ թվեր կստանային: Մեծ մասամբ թմրամիջոցները բռնել ու արձանագրել են ՀՀ տարածքում, ոչ թե մաքսակետերում: Փաստորեն, ինչքան են թույլ սահմանային կետերի համապատասխան սարքավորումները, եթե ներսում այսքան թմրամիջոց են կարողանում գտնել»: Պաշտոնական վիճակագրությամբ, որը դատախազը հրապարակում էր ԱԺ-ում, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեպքերը նվազել են 28 տոկոսով: Հովիկ Արսենյանի կարծիքով, սա իրականության խեղաթյուրում է: «Մենք էլ, դուք էլ գիտենք, որ այդպես չի: Չեղավ, չէ՞: Իրավապահները փոխանակ իրացնողներին բռնեն, այսօր ընկել են օգտագործողների հետեւից՝ կալանք են տալիս, պատժում են, մինչդեռ նրանք առանց այդ էլ դժվբախտ մարդիկ են: Բա ինչո՞ւ չեն ասում, թե քանի իրացնող են նստացրել: Որ մեկուսարանը մտնում ես, կալանավորվածների 50 տոկոսը բառիգ ա, կամ օգտագործող: Էդ թվերը ինչո՞ւ չեն հանում», - հարցնում է Հովիկ Արսենյանը: Ըստ նրա, իրավապահ համակարգում ահավոր երևույթ է արմատավորվել. «Օպերատիվ աշխատողները պաշտպան են կանգնում «բառիգներին», ասում են՝ որպեսզի դու կարողանաս շնչել, պետք է մեզ գործ տաս: Նրանք էլ գործ են տալիս մանր վաճառողների, օգտագործողների դեմ: Փոխանակ իրացնողներին բռնեն, ով վաճառում է, նրանց են բռնում»:  

Սպանությունների դեպքերը 24 թվին 63-ն են եղել, իսկ 23 թվին՝ 55, բայց  սպանության փորձի ընդամենը անցյալ տարի 4, այս տարի 2 դեպք են բացահայտել, սա ի՞նչ է նշանակում: «Ժամանակին, որ աշխատում էի, հետաքրքիր բան էր կատարվում, ասենք, գողություն էր լինում, եւ տեղամասային տեսուչն անմիջապես ասում էր, ով է կատարել: Մեր օրերում լրիվ անորոշութուն է: Դա նշանակում է, որ պրոֆիլակտիկա գոյություն չունի: Մարզերում որոշ հանցագործությունների դեպքերն ավելի շատ են, քան Երևանում, մինչդեռ հակառակը պետք է լիներ», - պատասխանում է Արսենյանը: 

Դատախազի հաղորդման մեջ մի ուշագրավ թիվ էլ հնչեց՝ մարդկանց թրաֆիքինգի դեպքերը՝ 89.5%-ով ավելացել են: Ինչի՞ հետ է սա կապված: «Հրապարակի» հարցին պատասխանեց փաստաբան, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման դեմ պայքարի հարցերով միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը: Ըստ նրա, ավելացել են եւ բացահայտումները, եւ ինքնին դեպքերը: «Բայց 24 թվականին տեղի ունեցած դեպքերը հենց այդ ժամանակ չեն եղել: Կան այնպիսիք, երբ շահագործումը տեղի է ունեցել 3-4 տարի, ուղղակի բացահայտվել է 24 թվականին: Բացի դա, մենք ունեինք միգրացիոն մեծ հոսքեր, ունեինք հնդիկների հետ կապված մի քանի քրեական գործեր, թե Երևան քաղաքում, թե մարզերում», - ասաց նա: ՀՀ քննչական կոմիտեում Հնդկաստանի քաղաքացիների մասնակցությամբ թրաֆիքինգի դեպքերով նախաձեռնված քրեական վարույթներից երկուսը քննվում են Տավուշի և Արարատի մարզերում, իսկ մեկը՝ Երևանում: Արարատի գործով ներգրավված են Հնդկաստանի 16 քաղաքացիներ: Այնուամենայնիվ այսօր էլ հրապարակային հարթակներում բացահայտ հայտարարություններ են տեղադրվում կասկածելի բովանդակությամբ՝ «տրամադրում ենք հնդիկ աշխատողներ»: