Հատուկ հանձնարարություն ԱԱԾ-ին. Վտանգավոր գործողության կազմակերպիչը բացահայտված է

Հատուկ հանձնարարություն ԱԱԾ-ին. Վտանգավոր գործողության կազմակերպիչը բացահայտված է

ԱԱԾ տարածել է հաղորդագրություն, որում նշվում է, որ կառույցը բացահայտել է Շենգավթի վարչական շրջանում հունիսի 1-ին տեղի ունեցած մանկական միջոցառման կազմակերպիչներին: Դրանք եղել են շենքի բնակիչները, որոնք Երեխաների պաշտպանության օրվա առիթով կազմակերպել են միջոցառում: Դրան մասնակցել է 50-ից ավելի մարդ, խախտելով պարետատան պահանջները:

Կազմակերպիչներին բացահայտելու հանձնարարություն ԱԱԾ-ին տվել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Դա հետաքրքիր հանձնարարություն էր, հաշվի առնելով այն, որ խնդիրը կարծես թե չուներ այն կալիբրը, որ դրանով զբաղվեր Ազգային անվտանգության ծառայությունը: Կամ, վարչապետն ուներ քողարկված, բայց ռիսկի կամ վտանգի ավելի մեծ կալիբրի մասին կասկած, որ բացահայտումը հանձնարարել էր ԱԱԾ-ին:

Փաստորեն պարզվում է, որ ընդամենը կազմակերպել են բնակիչները, այսինքն՝ ծնողները, տատիկները կամ պապիկները: Իհարկե, արտակարգ դրության, համաճարակի դեմ պայքարի ռեժիմի խախտումը պետք է արժանանա համարժեք գնահատման եւ պատասխանատվության: Բայց այստեղ կա թերեւս մեկ այլ խախտում էլ, կամ նախանշան: Արդյո՞ք ԱԱԾ ֆունկցիոնալ նշանակության խախտում չէ, երբ կառույցը ստիպված է զբաղվել բակային միջոցառումների կազմակերպիչներ բացահայտելով:

Եթե կա ազատ ժամանակ եւ ռեսուրս, ինչու ոչ: Առավել եւս, որ ոստիկանությունը գուցե գերզբաղված է, գերծանրաբեռնված է դիմակ կրելու եւ այլ անվտանգային քայլերի վերահսկմամբ:

Արտակարգ դրությունը գուցե տալիս է արտակարգ որոշումների անհրաժեշտություն, եւ թերեւս պետք է ենթադրել, որ գործ ունենք այդ իրողության հետ: Հակառակ պարագայում, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը շատ անելիք ունի, Հայաստանն ունի շատ ներքին ու արտաքին լուրջ մարտահրավերներ՝ ԱԱԾ կառույցը բակային միջոցառումների կազմակերպիչների բացահայտման գործին լծելու համար:

Եվ այստեղ անշուշտ լոկ ռեսուրսային կամ ֆունկցիոնալ արդյունավետության, համարժեքության հարց չէ: Կալիբրը ներառում է նաեւ այլ կարեւոր հանգամանք՝ կառույցի «քաշային կատեգորիան» եւ դրանից բխող ընկալումները: Իհարկե, Հայաստանի ԱԱԾ-ն դեռ ունի շատ ճանապարհ՝ հանրային ընկալման ամբողջական պատկառելիության հասնելու համար, բայց հենց այդ իմաստով պետք է օգնել կառույցին անցնել այդ ճանապարհը, ոչ թե շեղվել դրանից: