Ռեկտորների խորհուրդն ասելիք չունի՞ բուհերի միավորման մասին

Ռեկտորների խորհուրդն ասելիք չունի՞ բուհերի միավորման մասին

Ռեկտորների խորհրդի փոխնախագահ, Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ ռեկտորների խորհուրդը չի՞ պատրաստվում քննարկել կրթության մինչեւ 2030թ․ ռազմավարությունը եւ մասնավորապես բուհերի միավորման հարցը, որն այս օրերին փոթորկել է բուհական համակարգը, եւ որի առաջին քայլն արդեն արված է։ Ինչպես հայտնի է՝ կառավարության կողմից շրջանառվում է մի նախագիծ, որով նախատեսվում է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը եւ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտը միավորել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ։ Ի պատասխան մեր հարցին, Ռ․ Հակոբյանն ասաց, որ չի կարող ասել՝ կքննարկե՞ն այդ հարցը, թե՞ ոչ, առայժմ նման օրակարգ չկա․ «Ես ընդամենը ռեկտորների խորհրդի անդամներից մեկն եմ եւ չեմ կարող ասել, թե ինչ կլինի»։

Այդուհանդերձ, ռեկտորների խորհուրդը կրթական, բուհական համակարգում տեղի ունեցած ցանկացած փոփոխությունների, այս կամ այն որոշումների, օրինագծերի շուրջ մշտապես արտահայտել է իր դիրքորոշումը, տարածել հայտարարություն, ինչո՞ւ են հիմա լուռ։ «Ես միայն կարող եմ ասել, որ այս հարցով քննարկում չի եղել, թե հետայսու ինչ կլինի՝ չեմ կարող ասել»։
Ոչ որպես ռեկտորների խորհրդի փոխնախագահ, այլ որպես Գավառի համալսարանի ռեկտոր՝ ի՞նչ է մտածում բուհերի միավորման այս գործընթացի շուրջ։ Կառավարությունը նախատեսում է մինչեւ 2030-ն ունենալ առավելագույնը 8 պետական բուհ եւ ոչ թե 17։ Սակայն Ռ․ Հակոբյանն այստեղ էլ նկատեց, որ ծանոթ չէ բուհերի միավորման այդ նախագծին․ «Չեմ կարող կարծիք հայտնել, որովհետեւ չեմ էլ կարդացել նախագիծը, որպես այդպիսին»։  Բայցեւայնպես, կրթության որակն այդ միավորումից կշահի՞, թե՞ կտուժի, հատկապես որ միավորումից հետո դեռ երկար ժամանակ ոչինչ չի փոխվելու՝ բոլորը մնալու են իրենց տեղերում եւ իրենց շենքերում։ «Քանի որ ոչինչ դեռ պարզ չէ, ես էլ ոչինչ չեմ կարող ասել եւ ձեռնպահ եմ մնում որեւէ կարծիք հայտնելուց, որովհետեւ ծանոթ չեմ ո՛չ նախագծին, ո՛չ ընդհանուր նպատակադրումներին»,- եզրափակեց Ռ․ Հակոբյանը։ 

Նկատենք, որ դեռեւս այս տարվա ապրիլին ռեկտորների խորհրդից, որտեղ ընդգրկված էին 17 պետական բուհերի ռեկտորներ, 4 բուհերի՝ ՀՊՏՀ-ի, Բրյուսովի անվան, Հերացու անվան բժշկական եւ Ճարտարապետաշինարարական համալսարանների ռեկտորները դուրս եկան խորհրդից, քանի որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի վերահսկողություն սահմանեն ոչ միայն մայր բուհի՝ ԵՊՀ-ի, այլ նաեւ ողջ բուհական համակարգի նկատմամբ։ Իսկ դրա ամենակարճ ճանապարհը ռեկտորների խորհուրդն էր, որի այն ժամանակվա նախագահ, Գավառի համալսարանի ռեկտոր Ռուզան Հակոբյանը, ով դեռեւս կարող էր 2 տարի պաշտոնավարել, ինքնաբացարկ հայտնեց՝ պատճառաբանելով իր ծանրաբեռնվածությամբ, իսկ իրականում այն պատճառով, որ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը կարողանա ընտրվել այս պաշտոնում։