«Հրապարակ». Սորոսի հիմնադրամի դեմ հայցը նախապատրաստական փուլում է

«Հրապարակ». Սորոսի հիմնադրամի դեմ հայցը նախապատրաստական փուլում է

Օրերս փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր էջում գրել էր, որ դիմելու է դատարան՝ կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի հայաստանյան հիմնադրամը լուծարելու պահանջով: Իր հայցը փաստաբանը հիմնավորել է դատաքննվող մի գործով, որտեղ մի սորոսական մեղադրվում է հայերի եւ եզդիների միջեւ ազգային ատելություն հրահրելու մեջ: «Հայցը դեռ չեմ ներկայացրել, այն նախապատրաստական փուլում է։ Ես չեմ համարում այս մարդուն կարեւոր, որպեսզի նրա անունը հնչեցնեմ»,- ասաց փաստաբանը։

Ըստ նրա՝ կարեւոր չէ սորոսականի անունը, այլ այն, որ նա սնուցվում է Սորոսի հիմնադրամից։ «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի փողերով ստեղծված Բաց հասարակության հիմնադրամները ամբողջ աշխարհում ցանում է պառակտման, քայքայման սերմեր, հասարակությունը բաժանում է փոքրամասնությունների եւ անհանդուրժողականություն է սերմանում իր իսկ կողմից բաժանված հանրային խմբերի միջեւ: Մեր՝ հայաստանյան օրինակը հստակ ցույց է տալիս, որ իրականում այդ հիմնադրամը եւ դրա շահառուները՝ սորոսականները, շատ հեռու են քաղաքացիական հասարակություն կառուցելու իրական նպատակից: Այդ հիմնադրամի իրական նպատակը կոնկրետ պետության փաստացի ոչնչացումն է՝ իր հեռահար եւ հաշվարկելի քաղաքական նպատակներով»,- ավելի վաղ գրել էր Աթանեսյանը Սորոսի եւ սորոսականների մասին։

Այնուամենայնիվ, ո՞վ է այդ խորհրդավոր սորոսականը, որի արարքն ամբողջ ֆոնդի դեմ գործ հարուցելու հիմք է դիտարկվել։ Այլ աղբյուրից ճշտեցինք, որ դատվող սորոսականը հայ եւ եզդի ժողովուրդների միջեւ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար մեղադրվող եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանն է։

Ինչպես հայտնի է, նա, yezidinews.com լրատվամիջոցին տված հարցազրույցում անդրադառնալով եզդի համայնքի խնդիրներին, ասել էր, որ ՀՀ տարածքում եզդիները պաշտպանված չեն, հայերի կողմից դիտարկվում են որպես հետամնաց ազգ։ «Հայերը ծաղրում են եզդիներին եւ խտրական վերաբերմունք են դրսեւորում նրանց նկատմամբ։ Եզդիները Հայաստանում հնարավորություն չունեն սովորելու իրենց մայրենի լեզուն, ինչի պատճառով եզդիերենը մոռացվում է։ Հայերը եզդիներին իրենց մշակույթը զարգացնելու հնարավորություն չեն տալիս»,- ասել է դատարանում մեղադրող դատախազը՝ ներկայացնելով Սաշիկ Սուլթանյանի մեղադրանքի հիմքը։

Ինքը՝ Սաշիկ Սուլթանյանը, պահանջել է, որ հարցազրույցը հանվի կայքից, քանի որ Իրաքում գործող եզդիական այդ լրատվամիջոցի լրագրողն իրեն չի զգուշացրել, որ զրույցը հրապարակվելու է, դա եղել է մասնավոր զրույց։ Նա վստահեցրել է, որ իր խոսքն ուղղված չի եղել հայ ժողովրդին, այլ քննադատել է ՀՀ կառավարությանը։ Նա նաեւ ասել է, որ թարգմանությունը ճշգրիտ չի եղել, որ դրանում կան իմաստային շեղումներ։

Սուլթանյանին պաշտպանում է սորոսական համարվող ՀԿ՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը եւ փաստաբան Արա Ղազարյանը։ Աթանեսյանի հայցի նախապատրաստմանը զուգահեռ եւ անկախ դրանից, ներկայում ստորագրահավաք է ընթանում՝ ընդդեմ այս ֆոնդից սնվող իրավապաշտպանների։ Նախաձեռնողը վավերագրող Վահան Իշխանյանի որդի Հովհաննես Իշխանյանն է։

«Հայաստանում իրավապաշտպանության անվան տակ գործող մի շարք կազմակերպություններ 2018թ․ ժողովրդավարության անվան տակ տեղի ունեցած հեղափոխությունից հետո հրապարակավ բացահայտեցին, որ իրենք քաղաքական թիմի շահեր են սպասարկում, խտրական մոտեցում ունեն Հայաստանի քաղաքացիների հանդեպ»,- գրում է Իշխանյանը՝ ՀՀ քաղաքացիներին կոչ անելով՝ «այս խմբերի եւ անձանց հանդեպ ունենալ առավելագույն ստուգողական դիրքորոշում»։ «Առաջին հերթին սա իրազեկում է, որ մարդու իրավունքների անվան տակ աշխատող հասարակական կազմակերպությունները ոչ միայն կապ չունեն ժողովրդավարության հետ, այլեւ թշնամի են ժողովրդավարությանը»,- ասել է Իշխանյանը «Հրապարակին»։ Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում ընդդիմադիր ազգայնական շարժմանը զուգահեռ, սրվում են հակասորոսական տրամադրությունները, եւ ճոճվում է նիկոլասորոսական նավակը։