Մի ձեռքով տալիս, մյուսով վերցնում է

Մի ձեռքով տալիս, մյուսով վերցնում է

Մերի եւ Արմեն ամուսնական զույգն օրերս դիմել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն՝ ամուսնական զույգի համատեղելիության հետազոտություն անցնելու համար։ Մինչեւ հետազոտությունը, բժիշկը տեղեկացրել է, որ պրոցեդուրան օրեր առաջ 50 տոկոսով թանկացել է՝ նախկին 30 հազար 500-ից դառնալով 45 հազար դրամ։ «Թանկացման հետ կենտրոնը կապ չունի․ առողջապահության նախարարության հրահանգով է գինն աճել»,- տեղեկացրել են կենտրոնում։
«Հարցիս, թե որն է թանկացման պատճառը, ինչ ներդրած ռեսուրսի հաշվին է գինն աճել, երբ նույնն են լաբորատորիան, բուժանձնակազմը, ներարկիչները, սրվակները, բժշկուհին չկարողացավ պատասխանել։ Ամուսինս վատ չի վաստակում, ոչինչ, մենք կարողացանք վճարել, բայց ինչքան ընտանիքներ կան, որոնց համար այդ 14 հազար 500 դրամը լուրջ փող է։ Զարմանում եմ՝ համաճարակի ֆոնին պետությունն ինչպե՞ս է  գնում թանկացումների, երբ հազարավոր ընտանիքներում օրեցօր աճում են սոցիալական խնդիրները»,- ասաց Մերին։

Նրա համոզմամբ՝ կառավարությունը որոշ ծառայությունների սպասարկման գների չհիմնավորված բարձրացում է անում՝ սոցիալական աջակցության ծրագրերով քաղաքացիներին տված փողը հետ բերելու համար։ «Հայտարարում է՝ երկու եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների՝ բնակարան ձեռք բերելու դեպքում կանխավճարի 50 տոկոսը կփոխհատուցի պետությունը։ Գովելի է։ Սա ինձ թույլ է տալիս մտածել, որ այս ծրագրով ուզում է ոգեւորել երիտասարդ ընտանիքներին, որ շատ երեխաներ ունենան, ծնելիությունն աճի։ Բայց, մյուս կողմից, բարձրացնում է բժշկական որոշ ծառայությունների գները, որոնց պարբերաբար դիմում են երեխա ունենալու համար պայքարող ամուսնական զույգերը։ Ստացվում է՝ պետությունը մի ձեռքով տալիս է, մյուսով վերցնո՞ւմ…»։
Մերիի ասելով՝ ինքը հակասություն է տեսնում պետության գործելաոճում։ «Մի կողմից ցույց է տալիս, թե սրտացավ է բազմազավակ ընտանիքների նկատմամբ, որոնց բնակարանի համար պատրաստ է կանխավճար տալ, մյուս կողմից՝ հարվածում է երիտասարդ այն ընտանիքներին, որոնք իրենց սուղ միջոցներով պայքարում են երեխա ունենալու համար։ Ես չեմ կարողանում հասկանալ մեր կառավարիչների տրամաբանությունը»։