Որոշում Փաշինյանի օգտին եւ ընդդեմ Փաշինյանի

Որոշում Փաշինյանի օգտին եւ ընդդեմ Փաշինյանի

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռել է, որ խախտվել է ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատության եւ անձնական անձեռնմխելիության, խոսքի եւ հավաքների ազատության իրավունքները եւ նրա իրավունքները հարգելու՝ պետության պարտականությունը։ Խոսքը գնում է 2008 թվականի նախագահական ընտրությունից հետո փողոցային բողոքական շարժման եւ դրա պարտության, դրանում Փաշինյանի դերակատարության, իրավապահներից թաքնվելու, նրանց հանձնվելու եւ ազատազրկման մասին: Նույն խնդրի առնչությամբ այլ անձանց կողմից ներկայացված մյուս հայցերից այս մեկի տարբերությունն այն է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը։     

Իսկ ի՞նչ է, ի վերջո, նշանակում ՄԻԵԴ-ի այդ վճիռը կամ որոշումը: Նախ, տպավորությունն այն է, որ եվրոպական դատարանը ձեռք է առնում մեր պետությանը: Այդպիսի տպավորություն չէր ստեղծվի, եթե այդ որոշումը կայացվեր նախքան 2018-ի ապրիլյան իրադարձությունները եւ կամ Փաշինյանի հրաժարականից հետո: Ինչը, վստահ եմ, սարերի հետեւում չէ: Այլապես ստացվում է, որ վարչապետ Փաշինյանը պետք է միջոցներ ձեռք առնի ինքն իր գործի առումով ընդդեմ իշխանության: Երկրորդ․ նման որոշմամբ ՄԻԵԴ-ը լեգիտիմացրեց փողոցային բողոքական շարժումը կամ, եթե իրերն անվանվեն իրենց անունով, փողոցային խառնակչությունը: Իսկ եթե մի բան արգելված էր 2008-ին գործող ՀՀ իշխանությանը, ապա նույնն արգելվելու է նաեւ այսօր գործող իշխանությանը: Եվ հակառակը, եթե փողոցային խառնակչության համակարգող Փաշինյան Նիկոլին թույլատրվել է նման «գործունեությունը», ապա այն պետք է թույլատրվի նաեւ ընդդեմ վերջինիս իշխանության: Ասվածը նաեւ նշանակում է, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է վերջապես ինքնորոշվի՝ ինքն աշխարհում «ժողովրդավարության բաստիոնի» եւ կամ տարածաշրջանում «ժողովրդավարության փայլուն աստղի» վերածված երկրի ղեկավա՞ր է, թե՞ ոչ: Եթե հենց այդպիսի երկրի ղեկավար է, ապա պետք է հարգի այսօրվա ընդդիմադիր գործիչների ազատության եւ անձնական անձեռնմխելիության, խոսքի եւ հավաքների ազատության իրավունքները: Եվ ապահովի նրանց իրավունքները հարգելու՝ պետության պարտականությունը։

Կամ էլ ինքն ամբողջացնում է իր շրջադարձը դեպի ավտորիտար իշխանություն եւ ընդունում է հենց այն դերակատարության լեգիտիմացումը, ինչը դրսեւորվեց ղազախստանյան իրադարձությունների առնչությամբ: Այսինքն, ինքը վերածվում է ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ղեկավար բռնակալների ակումբի անդամի: Այսինքն, այն բանի, ինչի դեմ ինքը պայքար է մղել իր ողջ գիտակից կյանքում: Դա, իր հերթին, նշանակում է, որ ինքը պետք է «post factum» (լատիներեն՝ արվածից հետո) հրաժարվի իր հայցից, որի առումով արդեն որոշում է կայացվել: Դա՝ մեկ, եւ երկրորդ. ինքը պետք է պաշտոնապես հրաժարվի այս տարվա դեկտեմբերին ԱՄՆ նախագահի կողմից հրավիրվելիք՝ ժողովրդավարական երկրների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցելուց: Այլապես ստացվում է, որ ինքն այսօր անում է այնպիսի բաներ, ինչի դեմ պայքարել է 2008-ին, հայցով դիմել է ՄԻԵԴ ու ստացել է դատարանի դրական որոշումը:

Բայց հասկանալի է, որ հայաստանյան հասարակությունը երբեւէ ականատես չի լինելու նման հրաժարականների շքերթին: Ինքը չի հրաժարվի վարչապետի պաշտոնից եւ չի հրաժարվի այս տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ում կայանալիք միջոցառմանը մասնակցելուց: Միաժամանակ, ինքը չի հրաժարվի իրավապահների բռնի ուժով հայաստանցիների ազատության եւ անձնական անձեռնմխելիության, խոսքի եւ հավաքների ազատության իրավունքները ոտնահարելուց: Եվ չի ապահովի նրանց իրավունքները հարգելու՝ պետության պարտականությունը։ Որովհետեւ ինքը փողոցի ուժով նվաճել է իշխանությունը եւ եթե հանձնի այն, ապա դա տեղի կունենա կրկին փողոցի ուժով: