Անկլավներն են որոշելու, թե որքան կգործի «խաղաղության պայմանագիրը»

Անկլավներն են որոշելու, թե որքան կգործի «խաղաղության պայմանագիրը»

Եթե անգամ հաջողվի որեւէ կերպ կնքել այդ «խաղաղության պայմանագիրը», ապա Ադրբեջանը դա տարաբնույթ եւ անհեթեթ պատճառաբանություններով շարունակ խախտելու է, քանզի նրա իրական նպատակը ոչ թե տարածաշրջանում կայունություն, այլ ճիշտ հակառակը՝ անկայունություն հաստատելն է: Իսկ Արեւմուտքի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ այլ գլոբալ խաղացողների նպատակը ներքին կարգով Ադրբեջանին աջակցելն, «խաղաղության պայմանագրի» շուտափույթ կնքումը։ Բացի դա, հարավկովկասյան երկրների միջեւ առկա կոնֆլիկտը հոգնեցրել ու խանգարում է նրանց: 

Պարզ է, որ նրանց այնքան էլ չի հետաքրքրում Արցախի ու Հայաստանի բնակչության ճակատագիրը, քանզի նրանք իրենց հոգու խորքում լավ գիտեն, թե ով է Ադրբեջանը, ով է Թուրքիան, եւ, ի վերջո, որն է նրանց վերջնանպատակը: Մեծ հաշվով, նրանց համար միեւնույն է, թե ով կապրի Արցախի եւ Հայաստանի տարածքներում. հայե՞ր, թե՞ ադրբեջանցիներ, եւ, առհասարակ՝ մարդիկ կապրե՞ն, թե՞ ոչ: Բնական է, որ դա մեզ պետք է հուզի՝ մեր ժողովրդին։ Միայն մեզ պետք է հուզի նաեւ այն հանգամանքը, թե որքան ժամանակով է այդ պայմանագիրը մեզ խաղաղություն եւ կայունություն բերելու, քանզի այն պահին, ինչ սկսել են խոսել «խաղաղության դարաշրջան» հաստատելու մասին, բազմաթիվ անգամներ արդեն խախտել են երկկողմ պայմանավորվածությունները եւ հարձակվել են Արցախի ու Հայաստանի վրա, իսկ միջազգային հարթակներում՝ անամոթաբար խոսել խաղաղությունից: Զարմանալ կարելի է, թե այսքանից հետո ինչպես կարելի է դույզն-ինչ լուրջ ընդունել այդ խոսակցությունները՝ կապված խաղաղության հետ, ու շարունակել նրանց հետ բանակցել այդ թեմայով: 

Ո՞ւմ պարզ չէ, որ այդ «խաղաղության պայմանագիրն ու դարաշրջանը» զուտ բլեֆ են, եւ կնքվելուց հետո՝ այն լավագույն դեպքում աշխատելու է շատ կարճ։ Թուրքերը հարմար պահին շարունակելու են հարձակումները, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո: Հակամարտող երկու կողմն էլ հոգու խորքում լավ գիտեն, որ այս ամենը բլեֆ է, քանզի այն ձեռնտու է երկու կողմի իշխանություններին։

Մեր իշխանությունները, փաստորեն, ո՛չ պատմություն են ուսումնասիրել, ո՛չ էլ ժողովրդական իմաստնություններին են ծանոթ։ Ուզում եմ հուշել, որ «կատվի խաղը մկան մահն է»։ Մեր իշխանությունները պետք է հասկանան, որ այդ «խաղաղության պայմանագիրը» կնքելիս հատկապես պետք է հաշվի առնեն անկլավների փոխանակման հարցը: Թշնամին ուզում է խորամանկություն բանեցնել եւ Հայաստանին առաջարկել՝ Արծվաշեն գյուղը տալ, դրա դիմաց ստանալ Արարատի մարզի Տիգրանաշեն ու Տավուշի մարզի մի քանի գյուղերը: Բնական է, որ Ադրբեջանը պատահական քայլեր չի անում, քանզի գյուղերի ընտրությունը լավ հաշվարկված է, քանի որ դրանք տալուց հետո Հայաստանի տարածքն այդ ուղղություններով՝ թշնամու համար դառնում է լրիվ բաց՝ թիրախային, որտեղից էլ նրանք հեշտորեն կսկսեն իրենց առաջխաղացումը եւ մետր-մետր առաջ գալով, փոքր պատերազմներով հերթով կգրավեն Հայաստանի բոլոր հարակից տարածքները: Հայաստանի իշխանությունները, եթե մեր ժողովրդի ու պետության թշնամին չեն, չպետք է համաձայնեն նման տարբերակին, քանզի դա թշնամու հարձակման հետագա մարտավարության հաջորդ քայլն է: Եթե պետք է անկլավներ փոխանակվեն, կամ պարտադրված տանք, ապա գոնե պետք է տալ չբնակեցված գյուղեր, այլ ոչ թե բնակեցված, գործող գյուղեր: Հակառակ պարագայում մենք նրանց համար հետագա հաղթանակների հող կստեղծենք ու կնպաստենք նրանց զավթումների շարունակմանը։

Եթե այս բանն էլ մեր իշխանությունները չհասկանան, ապա թող այս պահից հրաժեշտ տան իրենց հորջորջած 29,800 հազար քառ. կմ-ի գաղափարին եւ մեր ազգին հաշտեցնեն երկիրը մաս-մաս կորցնելու մտքի հետ, ինչը նշանակում է կորցնել ամբողջ Հայաստանը։

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ