Ինչո՞վ է պայմանավորված ՔԿ այս տարօրինակ օպերատիվությունը

Ինչո՞վ է պայմանավորված ՔԿ այս տարօրինակ օպերատիվությունը

Քննչական կոմիտեն զարմանալի օպերատիվությամբ շաբաթ կեսօրին տեղեկություններ հաղորդեց ԱԱԾ նախկին ղեկավարի մահվան հանգամանքներից, մանրամասնելով, որ փաստորեն մոտ 20 օր առաջ Կուտոյանն ալկոհոլ օգտագործած վիճակում այցելել է իր բնակարան և այնտեl 35 անկանոն և այլ կրակոց է արձակել հյուրասենյակի և խոհանոցի բաժանարար պատին: Ոչ մեկի համար գաղնտնիք չէ, որ իրավապահները շատ ավելի պակաս հանրային հնչեղություն ունեցող գործերով, շատ ավելի մանրամասներ չեն հաղորդում՝ հղում անելով նախաքննության գաղտնիքին։ Չսպասեցին անգամ փորձաքննության եզրակացությանը։ Նման պրակտիկա եղե՞լ է և արդյոք սա անհասկանալի չէ։ Հարցն ուղղեցինք փաստաբան Նորայր Նորիկյանին, ով ասաց, որ պայմանավորված հարցի հասարակական հնչեղությունից՝ չի կարող ասել, թե Քննչական կոմիտեն ինչ տրամաբանություն է դրել իր հաղորդման մեջ, որ այս պահին այդ ծավալի տեղեկատվություն է հրապարակում։

Այլ բան է, որ այդ տեղեկատվությունն ինքնին, նորանոր հարցեր է առաջացնում։ «30-ից ավելի կրակոցներ է արձակել և ուշադրություն դարձրեք մի կարևոր նախադասության վրա, ասում է՝ «այնուհետև կինը վերջինիս խնդրանքով հավաքել է փամփուշտները, տեղադրել է սեղանի վրա»։ Առնվազն պարզ է դառնում, որ կինը տեղյակ է եղել, թե դեկտեմբեր ամսին Գեորգի Կուտոյանը կրակոցներ է արձակել։ Եվ , հետևաբար, հարցեր են առաջանում․ այդ կրակոցներից բացի կնոջից էլի ովքեր են տեղյակ եղել, ինչ հոգեվիճակում է եղել, ո՞րն ա եղել էդ կրակոցներն արձակելու նպատակը, ինչո՞ւ չեն հայտնել այլ շրջանակների, այդ կրակոցները հասանելի՞ են եղել ուրիշներին։ Այսինքն՝ սրանք քննչական գործողությունների արդյունքում է հնարավոր պարզել»,-ասում է Նորայր Նորիկյանը և իր թվարկած հարցերին ավելացնում նորը՝ եթե Կուտոյանն ինքն էր կրակել, ապա ինչու ինքը չէր հավաքել։ Կամ՝ ե՞րբ է այդ մասին խնդրել կնոջը, կինն այդ պահին որտե՞ղ է եղել,ում է հայտնել կինը այդ հանգամանքի մասին։

Փաստորեն, ՔԿ հաղորդագրոթյունից ստացվում է, որ մարդը մոտ 20 օր առաջ, ակնհայտորեն, անհավասարակշիռ հոգեկան վիճակում գնացել է այդ բնակարան, այնտեղ 35 անգամ կրակել, դա ոչ ոք չի լսել, հետո ասել է  կնոջը, որ նորից գնում  է այդ բնակարան և դա նրա չի անհանգստացրել, տարօրինակ չի թվացել, նա չի փորձել հետ պահել։ Ավելին՝ Նորիկյանը հարցնում է՝ էս ինչ էր եղել, որ ինքը ուզեցել էր մեկուսանալ՝ գնալ իր տանը երկու-երեք օրով հանգստանալ, թեև նոր էր վերադարձել դրսից և պետք է, որ հակառակը, ձգտեր ընտանիքի հետ լինել։

 Նորայր Նորիկյանի խոսքով՝ մի շարք պատասխաններ պետք է տրվեն, թե տան պատերին առկա հետքերն ի՞նչ վաղեմություն ունեն, արձակվել են նույն ատրճանակի՞ց, պարկուճները նույն զենքի՞ց են, թե ոչ, ինչու՞ էր եկել Կուտոյանը Հայաստան, ինչո՞ւ գնացել Եվրոպա, վերադառնալուց հետո ի՞նչ շրջանակների հետ է շփվել, ունե՞ր անձնական մեքենա,ինչո՞ւ էր օգտվում տաքսիից, և այլն։ Եվ ամենակարևորը, ըստ Նորիկյանի՝ պետք  է անցկացվի Գեորգի Կուտոյանի հետմահու դատահոգեբանական և դատահոգեբուժական համալիր փորձաքննություն՝ պարզելու՝ արդյոք նա ընկճված է եղել, դեպրեսիայի մեջ, ովքե՞ր են նրան հասցրել այդ վիճակին։
Նորայր Նորիկյանն ասում է, որ ՔԿ այս հայտարարությունը ոչ միայն որևէ բան չբացատրեց, այլ ավելին՝ ավելի շատ հարցականներ առաջացրեց։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ, հակառակը, որևէ տարօրինակ բան չի տեսնում և ասում է, որ, ակնհայտորեն, իր հարազատների ցուցմունքներն են, արագ նայել են, ճշտել։ «Եվ այդ ամեն ինչը շատ հեշտ էր պարզել, ոչ մի զարմանալի բան չկա»,-ասում է Աթանեսյանը։ Նա նաև պաշտպանեց ՔԿ-ին՝ ասելով, որ վերջիններս չեն ասում, որ մարդն ինքնասպան է եղել, ասում են, թե ինչ տվյալներ են ձեռք բերել։

Հարցին, բա ո՞ւր մնաց նախաքննական գաղտնիքը, որոնք իրավապահները, որպես կանոն, լրագրողների աչքն են մտցնում որևէ հարց տալիս։ Փաստաբան Աթանեսյանի խոսքով՝ մեծ հաշվով, նախաքննական գաղտնիք գոյություն չունի և քննիչն ըստ էության՝ ազատ է հրապարակել այն ամենն, ինչ ինքն ուզում է։ Այսինքն՝ ինքն է որոշում ինչ հրապարակել, ինչը՝ ոչ։