Համարժեք դրվագներ

Համարժեք դրվագներ

Էթիկայի հանձնաժողովի նախկին ղեկավար Սիրանուշ Սահակյանը կարծում է, որ եթե Հրայր Թովմասյանի ընտրության ժամանակ ընթացակարգային խնդիրներ են եղել, ապա դա ոչ թե Թովմասյանի, այլ ԱԺ-ի պատասխանատվության տիրույթում է․ «Այն, ինչն իրենք մեղսագրում են Թովմասյանին, կապ ունի ընթացակարգային խախտման հետ, այսինքն, ասում են՝ քանի որ հրաժարականի դիմում չի եղել, ԱԺ-ն այլ հիմքով չէր կարող իր լիազորությունները դադարած համարել․․․ մենք ի՞նչ փաստերի հետ գործ ունենք։ Ունենք դեպք, երբ թափուր տեղ է եղել, եւ որ ԱԺ-ի կողմից պետք է լինի ընտրությունը, թափուր տեղի համար ընտրվել է կոնկրետ անձ։ Հիմա իրենց պնդումները վերաբերում են ընթացակարգային խախտումներին։

Եթե համարենք, որ դա ապացուցված է, դա չի տեղավորվում իշխանության յուրացման շրջանակներում։ Դրան հակառակ՝ կան հստակ մեկնաբանություններ, որ եթե օրինական իշխանություն իրականացնող անձին մեկուսացնում են, ֆիզիկական ոչնչացման սպառնալիք են ստեղծում կամ իրեն այդ լիազորության իրականացումից մեկուսացնում են․․․ դա կարող է մեկնաբանվել որպես իշխանության յուրացում․․․ մենք կարող ենք ԱԺ որոշումների իրավաչափությունը դիտարկել, բայց դրա ընթացակարգը ոչ թե քրեաիրավականն է, այլ՝ սահմանադրական, վարչական»։

Սահակյանը զուգահեռ անցկացրեց․ «Մենք ունենք դեպք, երբ ընթացակարգային խախտումներ են վերագրվում եւ Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավոր ընտրվելուն։ Արդյոք այս ենթադրյալ խախտումներն իրենց գնահատականը պետք է ունենան քրեաիրավական դաշտում․ իմ պատասխանն է՝ ոչ»։