Մասնավոր խուզարկուներն արգելված են Հայաստանում, բայց գործում են` ինչով են զբաղվում նրանք
Հայաստանյան օրենսդրությունը արգելում է մասնավոր անձանց հետեւել այլ քաղաքացիների՝ ինչ-որ բաներ բացահայտելու համար․ դա քրեորեն պատժելի արարք է, մարդու մասնավոր կյանքին ապօրինի միջամտություն։ Մինչդեռ համացանցում հայտնաբերեցինք «մասնավոր խուզարկու»-ի ծառայություններ առաջարկող էջեր: Նրանց հիմնականում դիմում են անձնական խնդիրների դեպքում, երբ զույգերից մեկը կասկած ունի, օրինակ, երբ կողակիցը դավաճանում է: «Մասնավոր խուզարկությամբ» զբաղվող անձինք հաճախորդին խոստանում են հետեւել իրենց նշված անձին, տեսանկարահանել եւ լուսանկարել իրավիճակը եւ դա անում են կլորիկ գումարի դիմաց՝ օրական 50-60 հազար դրամով։
Նման ծառայություններ առաջարկող երկու էջ գտանք՝ «Մասնավոր խուզարկու» անունով հայտնի List.am կայքում, նրանց հեռախոսահամարներն անջատված էին, շփվում են միայն իրենց էջին ուղարկված նամակների միջոցով։ Նրանցից մեկն իր ծառայության մասին նշել է․ «Առաջարկվում է մասնավոր խուզարկուի ծառայություն, լուսա և տեսա նկարահանումներ, հետևում, բացահայտում։ Մանրամասների համար գրեք էջին, կպատասխանեմ»։
Նմանատիպ պրոֆիլներ հանդիպում են նաեւ Ֆեյսբուքում։ Նրանցից մեկի հետ մեզ հաջողվեց կապ հաստատել, հեռախոսահամարը ռուսական էր։ Զրուցեցինք Սամվել անունով անձի հետ։ Նա ասաց, որ կարող է հանդիպել մեզ հետ Ամերիկյան համալսարանի շրջակայքում։ Մենք վիրտուալ իրավիճակ նկարագրեցինք, որ մեզ մտերիմ մի կին ուզում է, որ ամուսնուն հետեւեն, տրամադրեն լուսանկարներ եւ տեսանյութ, պատրա՞ստ է դա անել, նա ասաց, որ նման ծառայություն իրականացնում են, բայց մինչ այդ ցանկացան զրուցել կնոջ հետ, փորձել իրավիճակը հարթել․ «Այդ հարցի լուծման մի քանի ձեւ կա, ձեր հազարատը ընտրում է ամենավատ ձեւը, որովհետեւ նման քայլերից հետո ընտանիքը քայքայվում է։ Ճշմարտությունը իմանալուց հետո ընտանիքը կարող է քայքայվի, կարող է` չքայքայվի, ես ասում եմ վատագույն դեպքերը, միգուցե ես իր հետ խոսեմ, այդ հարցին ուրիշ ձեւ նայենք։ Նման դեպքերում ընտանեկան դավաճանության հետ կապված կետեր կան, որոնք իմ համար կարևոր են։ Ճիշտ կլինի ձեր հարազատի հետ ես խոսեմ, կամ` դուք»։
Տղամարդը խոսքի մեջ խոստովանեց՝ անձին հետեւելը օրենքի խախտում է․ «Իհարկե, մենք դա անում ենք, դա օրենքով նախատեսված չէ, քրեորեն պատժելի է՝ մարդու անձնական կյանքի մեջ մտնել, մենք փորձում ենք ուրիշ ձեւ, մարդու հետ խոսել, բայց անհրաժեշտության դեպքւմ երբ տեսնում ես կամուրջներն այրված են, ետ գնալու ճանապարհ չկա, նոր միայն դա»։ Մեր զրուցակիցն ասաց, որ խորհրդատվությունն արժի 20 հազար դրամ, բայց այս դեպքում, երբ խոսքը ջահել ընտանիքի մասին է, կանի 15 հազարով։ Պարզ չեղավ, թե զրուցելն ու համոզելն ինչ կապ ունի «Մասնավոր խուզարկուի» հետ, փաստորեն, հոգեբանական ծառայություն են մատուցում` մասնավոր խուզարկուի անվան տակ:
Հայաստանում գործում է նաեւ «Գաբրիելյան ընդ Փարթներս» դետեկտիվ բյուրոն․ սա օրինական գրանցված ընկերություն է, որն առաջարկում է օգնել ՀՀ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին լուծելու անձնական կյանքում և բիզնեսում առաջացած խնդիրները: Ընկերության հիմնադիր-տնօրեն Հայկ Գաբրիելյանը մեզ ասաց, որ իրենք անձնական կյանք չեն մտնում, «Որեւէ տեսակի սիրային, սեռային այլ դաշտ չենք մտնում, այդ տիրույթում մենք չենք գործում, դա սխալ է, դա օրենքի խախտում է։ Կա կորպորատիվ անվտանգության հարցերի լուծում, բիզնեսի, մեծ զեղծարարության հայտնաբերում, նախականխում»։ Իսկ դիմո՞ւմ են կողակցին հետեւելու հարցով, ասաց՝ այո, սակայն մերժում են ստանում։
Անդարադառնալով իրենց կայքում զետեղված տողին, թե լուծում են անձնական կյանքում առաջացած խնդիրները, Գաբրիելյանն ասաց, որ, օրինակ, դա կարող է վերաբերել անչափահասին․ «Հիշեք, որ մի քանի տարի առաջ դեպքեր եղան ինքնասպանության, երեխաները «Սինիյ կիտ» էին խաղում եւ այլն, հիմա, նայեք` եթե ծնողը համաձայնություն է տվել մինչեւ 14 տարեկան երեխայի պարագայում, դետեկտիվը զբաղվում է երեխայի շրջապատի եւ վարքի հսկողությամբ՝ որպես ծնողի լիազորված անձ։ Ճիշտ է՝ Հայաստանում դեռ նախադեպ չունենք, միայն խորհրդատվություն ենք տվել, որը մեզ մոտ անվճար է։ Անչափահասին դիտարկում ենք, շրջապատը դիտարկում ենք, եթե տեսնում ենք գնում է վատ ճանապարհով, ծնողին տեղեկացնում ենք: Մենք անալիզ անող, ներկայացնողն ենք, եթե կարիքը կա` ծնողը կարող է մեզ դիմել, եւ մենք կարող ենք երեխայի հետ զրուցել»։
Նշենք, որ համացանցում որոնողական համակարգի միջոցով տեղեկացանք, որ իրավապահ մարմինները մասնավոր խուզարկուների են հայտնաբերել, ձերբակալել, այնուհետեւ դատարանը կալանավորել է։ Դրանցից ամենաաղմկոտը նախկին ԱԱԾ-ական Վլադիմիր Թուրաբյանի գործն է՝ հեռավոր 2012-ին․ վերջինս աշխատանքից ազատվել է այն ժամանակվա տնօրենի հրամանով: Վլ. Թուրաբյանը սկսել է զբաղվել «Մասնավոր խուզարկուի» գործունեությամբ, բռնվել է եւ դատապարտվել 1 -ամսյա կալանքի։ Ըստ մեղադրանքի՝ գումարի դիմաց նա բացահայտել էր սիրային կապեր։
Կարծիքներ