Մեզ ներում չկա

Մեզ ներում չկա

Չեմ ուզում ողբ ու կական բարձրացնել, ոչ էլ աղ ցանել մեր արցախցի եղբայրների վերքերին: Այս ողբերգությունը մենք ազգովի ենք հասունացրել` մի քանիսի տգիտության ու դավաճանության, մյուսների` անբարոյականության ու ստորության, երրորդների անխելքության ու անտարբերության պատճառով: Բոլորս ենք մեղավոր, թեեւ, իհարկե, իշխանության գլխին կանգնածների ու մեր` շարքային քաղաքացիներիս մեղքն անհամեմատելի է: 2020 թ. սեպտեմբերից սկսված այս գահավիժումը մենք պետք է կարողանայինք կանգնեցնել` եթե ոչ 20 թվի հոկտեմբեր-նոյեմբերին, գոնե 2021-ին կամ 2022-ին, որովհետեւ ամեն օրն ավելի էր մեծացնում ողբերգության հավանականությունը: Օր առաջ այն կասեցնելու անհրաժեշտությունը շատերս չգիտակցեցինք: Մատների արանքով վերաբերվեցինք դեպքերի ընթացքին: 2021-ին դեռ մենք վառ հույսեր ունեինք, որ Արցախը` գոնե ԼՂԻՄ-ի սահմաններով, պահպանվելու է եւ անկախ կարգավիճակ է ունենալու:

Հետո հույս ունեինք, որ ռուսներն ու աշխարհը չեն թողնի, որ մարդկային կերպարանքը կորցրած հրեշը` հարեւան ագրեսորը, ոչնչացնի այն ամենը, ինչ մնացել է Արցախից, սպանդ իրականացնի: Վստահ էինք, որ արցախցիներն ապրելու են իրենց երկրում, իսկ Արցախից մարդկանց տարհանելու կոչ անողներին թշնամի ու դավաճան էինք անվանում:

Հիմա հասել ենք մի հանգրվանի, երբ մի բան ենք ուզում, որ Արցախում ապրող մեր հայրենակիցներն անվնաս արտագաղթեն եւ հաստատվեն Հայաստանում: Մենք բաց աչքով, անփութորեն «վարի տվեցինք» հայկական երկրորդ պետությունը, եւ այսօր մեր չքնաղ երկիրը` Արցախն ավելի ծանր վիճակում է, քան բռնապետական ՍՍՀՄ-ի կազմում էր, ինչի դեմ 1988-ին ազգովի պայքարում էինք: Մենք, փաստորեն, ո՛չ նորմալ իշխանություն ենք կարողանում ձեւավորել, ո՛չ հող ու հայրենիք ենք կարողանում պահել: