Ոչ միայն խոսում ենք Զանգեզուրյան միջանցքի մասին, այլ նաև գործնական քայլեր ենք ձեռնարկում․ Ալիև

Ոչ միայն խոսում ենք Զանգեզուրյան միջանցքի մասին, այլ նաև գործնական քայլեր ենք ձեռնարկում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Շուշիում ստորագրված դաշնակցության մասին հռչակագիրը բարձրացնում է Բաքվի և Անկարայի միջև հարաբերություններն ամենաբարձր մակարդակի։

Նրա խոսքերով՝ այս փաստաթղթի դրույթները հիմք են Ադրբեջանի և Թուրքիայի հետագա համագործակցության համար:

«Առաջին անգամ մենք միասին ենք Ղարաբաղի հողի վրա՝ Շուշիում: Այս այցը պատմական նշանակություն ունի: Քանի որ այսօր ստորագրված համատեղ հռչակագիրը՝ դաշնակցության հռչակագիրը, մեր հարաբերությունները բերում է ամենաբարձր մակարդակի: Այսօր ստորագրված հռչակագրի անունն է «Շուշիի հռչակագիր դաշնակցային հարաբերությունների մասին»: Հռչակագրում հղում է կատարվում Կարսի պատմական պայմանագրին: Ստորագրված համատեղ հռչակագիրը սահմանում է մեր հետագա համագործակցության ուղղությունները», - ասել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի ղեկավարը նաև ուշադրություն է հրավիրել, որ ստորագրված փաստաթուղթը պարունակում է «հստակ դրույթներ Զանգեզուրյան միջանցքի վերաբերյալ»։

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրյան միջանցքի մասին, որը ավտոմեքանայի ու երկաթուղային ճանապարհներով կապելու է Ադրբեջանն ու Թուրքիան, այլ նաև գործնական քայլեր ենք ձեռնարկում», - ընդգծել է Բաքվի ղեկավարը։

Հիշեցնենք, որ այսօր Սյունիք էր այցելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ Կարսի պայմանագիրը միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական է։ Այն ողբերգական նշանակություն է ունեցել Հայաստանի համար։

Կարսի պայմանագիրը 1921 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրել են «Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները՝ մի կողմից, և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը՝ մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»։ Պայմանագիրը, հաջորդելով Մոսկվայի պայմանագրին, հաստատում էր վերջինիս դրույթները և սահմանում էր ժամանակակից սահմանները Թուրքիայի և Անդրկովկասյան հանրապետությունների միջև։

Պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը, ներառյալ՝ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են Խորհրդային Հայաստանի կառավարությանը Ռուսաստանի բոլշևիկյան կառավարության կողմից։