Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ հաջորդ օրը կալանավորվելու է․ վարկա՞ծ, թե՞ իրականություն

Հայկ Հարությունյանն ինքնասպան է եղել՝ իմանալով, որ հաջորդ օրը կալանավորվելու է․ վարկա՞ծ, թե՞ իրականություն


Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, եւ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Ինչպես հայտնի է, սա Հայկ Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հարությունյանը հարցաքննվելու էր։ «Սակայն օրը չեմ կարող նշել»,- ասաց ծառայության խոսնակը «Հրապարակին»։ Այլ հարցերի չցանկացավ պատասխանել։
Եվ, ուրեմն, ի՞նչն էր հունից հանել գեներալին՝ ստիպելով նրան գնալ ծայրահեղ քայլի։ Հազիվ թե դա լիներ զուտ հարցաքննվելու հեռանկարը։ Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ իր ՀՔԾ կանչվելուց ժամեր առաջ Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրը նրա դատավարական կարգավիճակը փոխվելու է, նրան մեղադրանք են առաջադրելու եւ կալանավորելու են։ Այս գույժը նույն օրը նրան փոխանցել է ոստիկանությանը մոտ կանգնած անձը։
Հենց կալանավորման մասին լուրն էլ դրդել է գեներալին ինքնասպանության։ Չկալանավորվելը, բերդ չգնալը կալանավայրերում աշխատանքի երկար տարիների փորձ ունեցող Հայկ Հարությունյանի համար, հավանաբար, պատվի հարց է եղել, որը նա «լուծել» է կտրուկ ու անվերադարձ։ ՀՔԾ-ից հերքում են, որ Հայկ Հարությունյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում կամ մտադրություն է եղել։ «Դա հնարավոր չէ, քանի որ վաղեմության հարց կարող է ծագել»,- ասում է քննիչների շրջանակին մոտ կանգնած մեր աղբյուրը։
2008 թ. մայիսի 29-ին ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնից։ Նրա պաշտոնանկությունից հետո անցել է 11 տարի, իսկ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հոդվածների դեպքում (Քրօր․ 308-րդ հոդված, կամ պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ Քրօր․ 309-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասեր) օրենքը 5-10 տարվա վաղեմության ժամկետ է սահմանում։ Քննարկումներ գեներալի կալանավորման շուրջ եղել են, եւ կարելի է է կարծել, որ հենց այս քննարկումների աղավաղված լուրն էլ հասել է նրան այդ ճակատագրական օրը եւ կանխորոշել իրադարձությունների ողբերգական ընթացքը։
Սակայն արդյո՞ք հենց այս հոդվածներով էին Հայկ Հարությունյանին պատրաստվում մեղադրանք առաջադրել։ Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն օրերս տված հարցազրույցներում մի քանի անգամ պնդել է, որ, միեւնույն է՝ Հայկ Հարությունյանը վաղ թե ուշ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեր Մարտի 1-ի գործով: «Նա վաղ թե ուշ պետք է կանչվեր պատասխանատվության՝ որպես 300.1 հոդվածով օժանդակող: Որովհետեւ այն 4 անձինք, ովքեր այսօր մեղադրվում են այդ հոդվածով, հո նրանք միայնակ չե՞ն իրականացրել այդ ամբողջ սահմանադրական կարգի տապալումը»,- ասել է Ջհանգիրյանն «Առավոտին»։
Գագիկ Ջհանգիրյանի հետ դժվար է չհամաձայնելը։ Հայկ Հարությունյանին վաղ թե ուշ պետք է մեղադրանք առաջադրվեր։ Արդյո՞ք Հայկ Հարությունյանին պետական ծառայության դեմ կատարված հանցագործությունների մեջ չէին կարող մեղադրել՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետը, եւ ի՞նչ մտադրություն են ունեցել մեր քննչական մարմինները՝ Հայկ Հարությունյանի հետ կապված։ Անվանի իրավաբանների հետ մեր քննարկումների արդյունքում եկանք եզրակացության, որ Հայկ Հարությունյանի հնարավոր մեղադրանքը սահմանադրական կարգի տապալմանը օժանդակելու հոդվածներով կարող էր առաջադրվել եւ ահա, թե ինչու։ Ինչպես հայտնի է, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղսագրվում է, որ նա  չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ նպատակ ունենալով թաքցնել նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները եւ հանցագործության հետքերը, ոստիկանության իրականացրած անօրինական գործողությունները եւ Հայաստանի զինված ուժերի հակասահմանադրական օգտագործումը։
Այս մեղադրանքում ներկայացված են նաեւ Հայկ Հարությունյանին մեղսագրվող դրվագները։ Տրամաբանությունը հուշում է, որ նրա մեղադրանքն ավելի ծանր էր լինելու, քան Ալիկ Սարգսյանինը, քանի որ վերջինս ընդամենը թաքցնողն է  եղել ոստիկանության կատարած ապօրինի գործողությունները, ոչ թե կատարողը։ Հ. Հարությունյանին (ինչպեսեւ Ա. Սարգսյանին) ոչ միայն մեղադրանք էր առաջադրվելու ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիք) հոդվածներով, որոնք հանդիսանում են ծանր հանցագործություններ, եւ որոնց պարագայում վաղեմության ժամկետն առավելագույնը 10 տարի է (այսինքն՝ արդեն լրացել է), այլեւ 38-300.1.-րդ հոդվածով, որի վաղեմության ժամկետն արդեն 15 տարի է: Նա մեղադրվելու էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ, իսկ օժանդակողը դատապարտվում է նույն հոդվածով, ինչ կատարողը:
Հայկ Հարությունյանը, ըստ քննիչների վարկածի, նախապես օժանդակել է՝ ակտիվ դերակատարում ունենալով, սակայն նրան մինչ օրս մեղադրանք չէր առաջադրվել։ Ինչո՞ւ։ Ըստ իրավական շրջանակում տարածված վարկածի՝ դա չէր արվել, որպեսզի նա չգնա Ռոբերտ Քոչարյանի գործով որպես հանցակից։ Նախ, փորձառու օպերին ֆռռացնել եւ փափուկ բարձ դնել գլխի տակ, թե ձեզ ոչինչ չի սպառնա, եթե խոսեք Ռ. Քոչարյանի դեմ, հնարավոր չէր, եւ մեղադրանք չառաջադրելը նրան շահագրգռելու ձեւն է եղել։ Երկրորդ․ Քոչարյանի գործով մասնակցելու դեպքում նա կօգտվեր արդեն իսկ եղած պաշտպանների ծառայությունից, ինչը կմեղմեր նրա կարգավիճակը։ Եվ վերջապես․ Հայկ Հարությունյանին մեղադրանք չեն առաջադրել, որպեսզի նախապես չվախեցնեն հնարավոր մյուս անձանց, ովքեր կարող են դեռ պիտանի լինել Ռ. Քոչարյանի դեմ ցուցմունք տալու հարցում, ինչպես նաեւ մյուսներին հույս ներշնչել, թե իբր տեսեք՝ մարդիկ ոչ միայն ազատության մեջ են, այլեւ չունեն մեղադրյալի կարգավիճակ, քանի որ իրենք իրենց «ճիշտ են պահել»։