Դեմիրճյանի «Երկիր հայրենի»-ն՝ Վանաձորի թատրոնի բեմում 

Դեմիրճյանի «Երկիր հայրենի»-ն՝ Վանաձորի թատրոնի բեմում 

Վանաձորի Հ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 90-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 22-ին Դերենիկ Դեմիրճյանի «Երկիր հայրենի» ստեղծագործության հիման վրա բեմադրված առաջնախաղով: Բեմադրության հեղինակը ռեժիսոր Վահե Շահվերդյանն է:

Ինչպես իր խոսքում նշեց Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը, հոբելյանական միամսյակը գերհագեցած ծրագիր է ունենալու, որի ընթացքում տեղի է ունենալու եւս մեկ պրեմիերա՝ «Հիշիր վաղվա օրդ» ներկայացումը, որի բեմադրիչը Նունե Խեչումյանն է, այն նվիրված է ժողովրդական արտիստ Ռոզա Մխիթարյանի 90-ամյա հոբելյանին․

«Սա շատ կարեւոր է այն առումով, քանի որ 90-ամյա դերասանուհին նոր դեր է ստանում, եւ նոր բեմադրությունը նվիրվում է հենց այդ դերասանին»:

Հոկտեմբերի 12-16-ը թատրոնը հյուրախաղերով հանդես կգա նաեւ մայրաքաղաքում՝ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի բեմում, որտեղ կխաղա «Երկիր հայրենի», «Հիշիր վաղվա օրդ», «Չար ոգի», «Անուշ» եւ «Ընթրիք հիմարի հետ» ներկայացումները: