Երկարուձիգ խժդժություններից հետո Չեխովի անվան դպրոցը նոր տնօրեն ունի 

Երկարուձիգ խժդժություններից հետո Չեխովի անվան դպրոցը նոր տնօրեն ունի 

Երեւանի Ա. Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի պաշտոնն ամիսներ շարունակ թափուր էր, որի համար մի քանի անգամ մրցույթ անցկացվեց, սակայն տնօրենի ընտրության գործող կարգով պայմանավորված՝ ոչ մի թեկնածու հաղթող չէր ճանաչվում:

Կրքերը դպրոցում սրվեցին հատկապես այն բանից հետո, երբ ապրիլի 1-ի առավոտյան քաղաքապետարանից զանգահարել էին դպրոց եւ տեղեկացրել, որ Տաթեւիկ Մելքոնյանն այլեւս տնօրենի ԺՊ չէ, եւ դպրոցն ունի տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ Դիանա Մինասյանը՝ քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանի ընկերոջ կինը։ Դրանից հետո դպրոցում սկսեցին դասադուլներ, ակցիաներ՝ ի պաշտպանություն նախկին ԺՊ-ի՝ Տաթեւիկ Մելքոնյանի։ Ծնողները, աշակերտները եւ ուսուցիչները դիմեցին քաղաքապետարան, որտեղ նրանց ձայնը չլսվեց, իսկ ապրիլի 14-ին կայացած մրցույթում դարձյալ Չեխովի անվան դպրոցում տնօրեն չընտրվեց։ 

Հաջորդ՝ նոր մրցույթը նախատեսված էր հունիսի 21-ին, որը, ինչպես պարզեցինք, հանգուցալուծել է իրավիճակը։ 

Մասնավորապես, դպրոցի տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հունիսի 21-ին հայտարարված մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 3 հոգի՝ Նվարդ Հովսեփյանը, Տաթեւիկ Մելքոնյանը եւ Դիանա Մինասյանը, որոնցից մեկը՝ Նվարդ Հովսեփյանը, չի մասնակցել՝ հայտարարելով ինքնաբացարկ, Տաթեւիկ Մելքոնյանն էլ, տեսնելով ուսուցչական խորհրդի քվեարկությունը, որտեղ, ի զարմանս շատերի, ձայների մեծամասնությունը բաշխվել է հօգուտ Դիանա Մինասյանի, չի ներկայացել ծնողական խորհրդի նիստին, հետեւաբար, չի մասնակցել ընտրական գործընթացին։ 
Խորհուրդը որոշել է դպրոցի զարգացման ծրագիրը ներկայացնելու համար միակ հավակնորդին հատկացնել 15 րոպե, որից հետո տեղի է ունեցել բաց քվեարկություն, ըստ որի՝ 1 ձեռնպահ եւ 7 կողմ ձայներով մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել Դիանա Մինասյանը։ Այսինքն` իշխանությունը ճնշումներով հասավ իր նպատակին:

Կապվեցինք Տաթեւիկ Մելքոնյանի հետ, ով մեր հարցը լսելով՝ անջատեց հեռախոսը եւ դարձավ անհասանելի։ Կապ հաստատեցինք դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ, ով նույնպես չէր ցանկանում խոսել, բայցեւայնպես, պնդեցինք եւ մի քանի հարց ուղղեցինք, մասնավորապես` արդեն հարթվե՞լ են կոնֆլիկտները դպրոցի տնօրեն Դիանա Մինասյանի հետ, որին այդքան ընդդիմացան դպրոցի ներսում՝ թե՛ ուսուցիչները, թե՛ աշակերտները եւ թե՛ ծնողները։ «Ոչ մի կոնֆլիկտ չկա, ամեն ինչ նորմալ է դպրոցում, ամեն ինչ իր հունով գնում է»,- ասաց նա ու մեր հարցին ի պատասխան՝ հավելեց, որ նորմալ հունով է ընթացել նաեւ տնօրենի ընտրությունը։

Ստացվում է՝ ի վերջո, դպրոցի ուսուցչական, ծնողական կոլեկտիվը հաշտվեց եւ ընդունեց քաղաքապետարանի թեկնածուին։ «Այո, կարող եմ վստահ ասել, որ ամեն ինչ լավ է...»։ Թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների մոտ ի՞նչ փոխվեց այս ընթացքում Դիանա Մինասյանի հանդեպ, Մինասյանն ինչո՞վ «շահեց» նրանց սիրտը։ «Իր աշխատանքով երեւի․․․»,- նկատեց նա՝ հրաժարվելով ավելին խոսել։ 

Ինչ վերաբերում է Տաթեւիկ Մելքոնյանին, ապա նա իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից եւ հեռացել դպրոցից։ Ի դեպ, Մելքոնյանը Կրթության տեսչության պետի երկարամյա տեղակալ Ռաիսա Գալստյանի դուստրն է, իսկ Գալստյանին համակարգում հարգում եւ գնահատում են:

Ահա, այսպիսի չեխովյան հագուցալուծում Չեխովի անվան դպրոցում։