Դատում են` չզոհվելու համար

Դատում են` չզոհվելու համար

ՊԲ հրետանային դիվիզիոնի՝ «Ցորի» զորամասի շտաբի պետ, հրամանատարի տեղակալ, մայոր Գեւորգ Գեւորգյանը արդեն  3,5 տարի է՝ կալանքի տակ է։ Վերջին 10 ամսվա ընթացքում ոչ մի դատական նիստ այս գործով չի կայացել։ Նիստերի օրերը նշանակվում են, սակայն քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն չի կարողանում ապահովել մայորի տեղափոխումը Շենգավիթի դատարան, դրանք հետաձգվում են։ Իսկ չեն կարողանում տեղափոխել կալանավորին, քանի որ ուղեկցողներ չկան։ ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գումարտակի աշխատակիցներն ընդամենը 120․000 դրամ աշխատավարձ են ստանում։ Շատերը դուրս են գալիս աշխատանքից։ Եւ ստացվում է, որ դատաքննություններն առաջ չեն գնում, կալանավորները տարիներով սպասում են դատավճռի։ «Եթե օրվա մեջ 10 հատ կալանավորներով նիստ կա, 8 չեն լինում։ Դատարանին այդպես էլ գրում են՝ ուղեկցողների թվի պակաս լինելու պատճառով չենք կարողանում ապահովել կալանավորին դատարան բերելու պահանջը»։  

Հիշեցնենք․ Գեւորգ Գեւորգյանը մեղադրվում է Ցորի զորամասի ծառայողների զոհվելու համար։ Ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 12-ին Արցախի Վարանդայի շրջանում մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում նա զինվորական մեքենայով փախուստի է դիմել կրակային դիրքից, եւ առանց ղեկավարի մնացած անձնակազմը խուճապի է մատնվել։ «Նա համակողմանի չի ուսումնասիրել, չի մշակել իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, բայց առանց հիմնավորման նշել է, թե մոտեցող խմբավորումը յուրային է։ Տեղեկությունը հաղորդվել է Ցորի դիվիզիոնի անձնակազմին, իսկ մոտեցող խմբավորումն իրականում եղել է ադրբեջանական ստորաբաժանում»,- նշված է մեղադրական եզրակացությունում։ Այս նույն գործով անցնում էր Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, որը փետրվարի 7-ին դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց պատերազմի ժամանակ զինվորական ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար եւ դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման։ Ըստ ցուցմունքների, նա էր տարածել տեղեկությունը, թե մոտեցողները մերոնք են։ 

Ցորի գործը մնաց Գեւորգի վրա  

Այնպես է ստացվել, որ մայոր Գեւորգյանին է ուղղված 20 զոհվածների եւ մեկ անհայտ կորածի ծնողների ցասումը։ Այլ մեղադրյալներ գործով չկան։ Նա մենակ է պատասխան տալիս բոլորի թերացումների համար։ Դատական նիստերն ուղեկցվում են անեծքով ու տհաճ տեսարաններով։ Գեւորգյանն արգելել է իր կնոջը՝ Մարինեին, դատարան գնալ։ Նիստերի մասին կինը տեղեկանում է փաստաբանի միջոցով։ Մարինեն վրդովվում է։ «Կա դիվիզիոնի հրամանատար, որը պանիկա է գցել, ասել է՝ ով ոնց կարող է` փախչի, նորմալ հրաման չի եղել, մեկն ասել է՝ պատրաստվել կրակի, մեկն ասել է՝ թողեք, մերոնք են։ Խառը վիճակ է եղել։ Ծնողներն ասում են՝ փախել ես, ինքը չի փախել, հետ է գնացել, վիրավորներ է հանել, եթե փախնող էր, ինչո՞ւ պետք է հետ գնար։ Հրամանատարն ասել է, իր մեքենան լցվել են` դուրս են եկել։ Հիմա ոչ մեկին չեն մեղադրում, բոլորի փոխարեն Գեւորգն է պատասխան տալիս»,- ասում է Մարինե Գեւորգյանը։

«Մենք չենք փախչում դատերից` կալանքից ազատեք»

Մեղադրյալի կինը հիշեցնում է, որ գործը սկզբում քննվում էր Արցախում։ «Ստեփանակերտի քննչականն է սկզբում քննել, հրամանատարի ծանոթ, բարեկամ` ով կար-չկար, հանել են գործից, մաքրել, գործը դասավորել են, ուղարկել Երեւան։ Միայն Գեւորգն է Երեւանում հարցաքննվել։ Իսկ Երեւանի քննիչները շարունակել են, չեն նայել, թե այնտեղ ինչ են արել»,- ասում է Մարինեն։ «Հրապարակին» դիմելու նպատակը ԲԴԽ ուշադրությունն այս գործի վրա հրավիրելն է։ Արդար չէ չդատապարտված մարդուն տարիներով կալանքի տակ պահելն ու տարին մեկ դատական նիստ անելը։ «Ասում են՝ կխոչընդոտի քննությանը։ Բայց Գեւորգը ո՛չ պաշտոնյա է, ո՛չ գողական, ինչո՞վ պետք է խոչընդոտի քննությանը։ Մենք չենք փախչում դատերից, բայց կալանքից ազատեք»,- ասում է կինը։ Նա շատ հոգսեր ունի, 3 անչափահաս երեխա կա տանը, մենակ է աշխատում` պահում երեխաներին։

Գեւորգ Գեւորգյանի փաստաբան Գոռ Գեւորգյանն ամեն անգամ դատարան է գնում, ինչպես պատերազմի։ Նիստերը լարված են անցնում, հուզումնալից պոռթկումներով։ «Վկա ենք հարցաքննում, վկան տալիս է իդեալական ցուցմունք՝ իրավիճակի մասին, որ իրականում այդտեղից ոչ ոք դուրս գալու հնարավորություն չուներ։ Ջալալի դատավճիռը հենց նրա համար կարդացվեց, որ նա ադրբեջանցիների մասին ասել էր՝ մերոնք են, չկրակեք, ու եկել էին լցվել տղաների վրա։ Այդ ֆորսմաժորային իրավիճակում կողմնորոշվել, ինչ-որ բան անել հնարավոր չէր, չնայած Գեւորգը 5 տղաների կյանքը փրկել է՝ նրանց փաստացի հանելով կրակի տակից»,- ասում է նա։
Ըստ փաստաբանի, 1,5 կմ հեռու, սարի վրա դիրքավորված է եղել Գեւորգը։ «Սկզբում ինքն է նկատել զորքը, զեկուցել է Ջալալին, Ջալալն ասել է՝ մերոնք են։ Բայց անգամ եթե ասում է՝ մերոնք են, նա շարունակաբար պետք է դիտարկում կատարեր, որովհետեւ 1,5 կմ հեռավորությունը կրճատվում է։ Բայց չի արել։ Միայն այն ժամանակ են բացահայտել, որ եկողները թուրքեր են, երբ որ արդեն հարձակվել են տղաների վրա»։ 

«Մինչեւ Գեվորգին հասնելը, շատ մեղավորներ են եղել»

«Դիվիզիոնի հրամանատարը՝ Հայկ Թովմասյանը, որը ռացիայով ասել էր՝ ով ոնց կարող է, թող փախչի, եղել է մարտկոցի ավագ սպա Ալիկ Գոգորյանը, որը կողքն է եղել, մինչդեռ Գեւորգը 500 մետր հեռվում քանդված շենքերի մոտ իր ջոկով կանգնած է եղել, եւ իր ջոկի տղաներից մեկը՝ Դավիթ Ազատյանը, չի ենթարկվել իր հրամանին։ Նա է զոհվել։ Վկաները ցուցմունք են տալիս դատարանում, ասում են՝ գնաց մայկան բերի։ Ինչ-որ շոր է ունեցել, գնացել է, որ բերի, ու եթե ենթարկվեր իր հրամանին, ողջ էր մնալու։ Սրանք փաստեր են, որոնք արձանագրված են ցուցմունքներով, բայց այս փաստերի վրա ոչ ոք ուշադրություն չի դարձրել»,- ասում է փաստաբանը։ Մայորին ուղղված հիմնական մեղադրանքը՝ մարտի դաշտից փախչելը, նա չի ընդունում։ «Փախչել կլիներ, եթե նա մենակ դուրս գար։ Եթե հրամանատարը հրաման է տալիս, ասում է՝ ով ոնց կարող է, թող դուրս գա, եւ ինքն իր ջոկով դուրս է գալիս, ո՞րն է նրա մեղքը»։ Ասում են՝ պետք է իր վրա վերցներ մարտը, սրա մասին ի՞նչ կասեք՝ հարցրինք փաստաբանին։ «Գեւորգին դատում են, որ նա իր վրա դրված պարտականությունը չի կատարել, եւ հետեւանքներ են առաջացել, բայց թե ո՞ր պարտականությունը պետք է կատարեր, որ հետեւանք չլիներ։ Օրինակ, ականապատ դաշտ լիներ, ու Գեւորգի՝ կնոպկեն սեղմելուց ականները չպայթեին` նա չսեղմեր, թող դատեին։ Բայց ի՞նչ պետք է աներ նա, բացի այդ 5 տղաներին հանելուց: Մի ավտոմատ ունեին, որով տարվա մեջ մի անգամ չէին կրակում։ Ուղղակի նրան դատում են, որովհետեւ նա չի զոհվել»,- ասաց Գոռ Գեւորգյանը։