Փաշինյանի ելույթը արատավորել է պրն Քոչարյանին․ դատարանում ինտերնետ չկար, որ հետազոտեինք դիտումները

 Փաշինյանի ելույթը արատավորել է պրն Քոչարյանին․ դատարանում ինտերնետ չկար, որ հետազոտեինք դիտումները

Նախագահությամբ դատավոր Սերգեյ Սահակյանի, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այժմ քննվում է ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Քոչարյանն արդեն երրորդ անգամ է հայց  ներկայացնում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Այս անգամ Քոչարյանը պահանջում է հերքել 2021-ի մարտի 1-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում 2008-ի արյունալի իրադարձությունների և գործի քննության վերաբերյալ Փաշինյանի արած որոշ հայտարարություններ և որպես փոխհատուցում վճարել 4 միլիոն դրամ։

«2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի այն ժամանակվա կառավարողները բանակը հանեցին ժողովրդի դեմ, Հայաստանի քաղաքացիներին գնդակահարելու որոշում կայացրին: Շատ կարևոր է արձանագրել, որ այս գործով՝ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործն ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է», - հայտարարել է վարչապետը:

«Այս դատական նիստին ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի ելույթը, որը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 1-ին։ Այդ ելույթում Փաշինյանը արել է հայտարարություններ, որոնք զրպարտչական են իրենց բնույթով ու արատավորում են պրն Քոչարյանին։ Այսօրվա դատական նիստը արդեն իսկ դատաքննության փուլն է, երբ հետազոտվում են ապացույցներ, իսկ մենք հետազոտեցինք այդ ապացույցները։ Մենք հետազոտեցինք նախ ելույթը։ Կարևոր է այն հանգամանքը, թե ինչ տարածում է ունեցել այդ ելույթը ԶԼՄ-ներում ու համացանցում։ Մենք դիտարկեցինք նաև, թե նույն ԶԼՄ-ներում ու համացանցում մոտավորապես քանի դիտումներ են ունեցել այդ ելույթը։  Հենց դրանից ելնելով պիտի որոշվի վնասի չափը։ Վնաս, որը հասցվել է այն անձին, ում զրպարտել են։ Քանի որ խնդիր առաջացավ, որ մենք համացանցում տեղադրված նյութեի անմիջական հետազոտություն իրանանացնենք, իսկ դատարանը այս պահին ինտերնետ չուներ, նիստը հետաձգվեց»,- լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հայկ Ալումյանը։