Ձերբակալում են մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են Արցախի հարցով, Փաշինյանը հատուկ ծրագիր ունի. ակցիա՝ ԱԱԾ-ի մոտ

Ձերբակալում են մարդկանց, ովքեր պրոֆեսիոնալ են Արցախի հարցով, Փաշինյանը հատուկ ծրագիր ունի. ակցիա՝ ԱԱԾ-ի մոտ

ԱԱԾ ծառայողները փետրվարի 19-ին խուզարկություն էին  իրականացրել ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ.Սարգսյանը ձերբակալվել էին, ապա նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու քաղաքացի Մհեր Ավագյանն ազատ են արձակվել. Դատարանը մերժել է ԱԱԾ-ի քննիչների միջնորդությունը՝ արձանագրելով հիմնավոր կասկածի բացակայությունը։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ էր համարել նաեւ Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ, նրան կալանավորելու սանկցիա է տվել։

Այս պահին մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացնում ՀՀ ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ ի աջակցություն Արա Սաղաթելյանի։

«Ես կոնկրետ այս ձերբակալությունները չեմ կապում ամսի 20-ի հայտնի հանրահավաքի հետ։ Թե Արա Սաղաթելյանի, թե, ասենք, Բեքարյան Կարենի պարագայում համոզմունքս մեկն է՝ ձերբակալում են մարդկանց ,ովքեր Արցախի հարցով պրոֆեսիոնալներ են, մարդիկ են, ովքեր կարող են այս հարցով հստակ լուծումներ առաջարկել և արդեն ինչ-որ չափով միջազգային հանրությանը տեղյակ պահել այս հարցով մեր դիրքորոշումների հետ կապված։ Մենք այսօր ԱԱԾ շենքի մոտ ենք, որպեսզի ցույց տանք թե մարդկանց, թե միջազգային հանրությանը, թե ով է Արա Սաղաթելյանը, ինչպիսի ներդրում ունի նա հակաադրբեջանական քարոզչության գործում, ինչքան ջանքեր է գործադրել այս ընթացքում, որ մեր դիրքորոշումը հասկանալի, հասանելի և ընկալելի լինի բոլորի համար։

Մենք մեզ հետ նյութեր ենք բերել, կհանձնենք ԱԱԾ ներկայացուցիչներին, որ նրանք վերջապես հասկանան՝ ում հետ գործ ունեն։ Ես շատ եմ ցավում ,որ մեր երկրի անվտանգային հարցերով զբաղվող համար մեկ կառույցը իրական անվտանգային խնդիրները թողած՝ ըստ էության ծառայում է դավաճանի իշխանությանը։ Ես ավելի քան համոզված եմ՝ Փաշինյանը ունի հստակ ծրագիր ու հետևողականորեն իրականացնում է այդ ծրագիրը։ Առաջին փուլում հնարավոր բոլոր ջանքերը գործադրվել են, որ մենք պարտվենք այս պատերազմում, հիմա երկրորդ փուլում արդեն մասնագետներին, որոնք ամեն ինչ արել են Արցախի հարցի համար, ձերբակալում են»,- լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։