Ուժայինները՝ մարզպետի թեկնածու

Ուժայինները՝ մարզպետի թեկնածու

Ռոմանոս Պետրոսյանի՝ շրջակա միջավայրի նախարար նշանակվելուց հետո Կոտայքի մարզպետի պաշտոնը թափուր է մնացել։ Նիկոլ Փաշինյանը, ասում են, մտադիր է նախկիններից անցած «ավանդույթի ուժով»՝ այս պաշտոնում ուժային համակարգից ազատված մեկին նշանակել մարզպետ։ Նույն կերպ նա վարվեց Սյունիքի մարզի դեպքում, երբ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակեց մարզպետ։

Կոտայքում էլ, ասում են, նախկին ոստիկանապետ, վերջերս պաշտոնից ազատված Արման Սարգսյանին է մտադիր նշանակել մարզպետ։ Կոտայքի մարզում սպասում են, որ այս հնգշաբթի օրը վարչապետը կառավարության նիստին պետք է ներկայացնի իրենց նոր մարզպետին։ Արման Սարգսյանից բացի շրջանառվում է նաև ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Ռոբերտ Բազիկյանի անունը։ Թեեւ նրա անունը շոշափվում է նաեւ Տավուշի մարզի ղեկավարի պաշտոնի առումով։

Բազիկյանը, հիշեցնենք, վերջերս ազատվեց զբաղեցրած պաշտոնից, հիմա անգործ է, և, ըստ խոսակցութունների, վարչապետի ընտրությունը, ամենայն հավանականությամբ, կանգ է առնելու այս երկու ուժայիններից մեկի վրա։ Ի դեպ, մեզ ասացին, որ ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Հովհաննիսյանին ևս առաջարկվել է Կոտայքի մարզպետի պաշտոնը, սակայն վերջինս հրաժարվել է։ Փոխարենը, ըստ որոշ տեղեկությունների, Մարտիրոսյանին առաջարկվել է Երեւանի ՋԷԿ-ի տնօրենի պաշտոնը, ըստ նախնական տեղեկությունների, նա հակված է այդ առաջարկն ընդունել։

Ինչո՞ւ է ՔՊ-ական իշխանությունը ուժայիններին որոշել մարզերում ղեկավար պաշտոնների նշանակել։ Գաղտնիքը առաջիկա ընտրությունների մեջ է։ Իշխանությունը գիտի, որ մարզերում ընտրություններ կազմակերպողները եւ ձայն բերողները, որպես կանոն, պետական կառույցներն են՝ մարզպետների գլխավորությամբ եւ կարեւոր է, որ այդ կարգավիճակում գտնվող անձինք լինեն ուժայինների ներկայացուցիչներ։ Ոչ միայն «ուժ» կիրառելու համար, այլեւ՝ որպես ուժայինների ներկայացուցիչներ, վերեւների հրահանգներն, այդ կառույցներում ընդունված, կարգապահությամբ՝ կատարելու։