Ոչ թե ամեն տեսակի, այլ ճիշտ խաղաղություն

Դատելով նրանից, թե ինչպիսի համառությամբ են հայաստանյան իշխանությունները թշնամի երկրից խաղաղության «բարաթ» մուրում, դատելով նրանից, թե «ամեն տեսակի» խաղաղությունն այս երկրի վրա բացարձակ նվաճման գնով վաճառելու համար այս իշխանություններն ինչերի են գնում, կարող ենք պնդել, որ, ինչպես 2021-ին էր, այսօր եւս այս իշխանություններն այլ բանով, քան ամեն տեսակ խաղաղությունն այս երկրի վրա` իշխանություն պահելու գնով վաճառելն է, չեն անելու:
Իհարկե, ցանկացած պետության համար խաղաղությունը լավ բան է: Բայց լավը ոչ թե ամեն տեսակի, այլ ճիշտ խաղաղությունն է: Իսկ երբ այդ խաղաղությունը պատերազմով սպառնացող եւ իշխանություն պահելու գին ունեցող խաղաղություն է, ապա դժվար է այդ խաղաղությունը ճիշտ խաղաղություն, իսկ այդպիսի խաղաղության հետեւից գնացող պետությունը «լավ» պետություն համարել:
Դժվար է, որովհետեւ, եթե քաղաքացու համար խաղաղություն ուզելն է կարեւոր, ապա լավ պետության համար կարեւորն այն է, որ այդ խաղաղությունը քաղաքացուն «պատերազմի սպառնալիքով» չառաջարկվի, որ այդ խաղաղությունն «իշխանություն պահելու» գին չունեցող խաղաղություն լինի:
Իսկ եթե այդպես չի լինում, ուրեմն այդ պետությունը լավ պետություն չես կարող համարել: Լավ պետություն չես համարի, որովհետեւ լավ պետությունը պատերազմով սպառնացող եւ իշխանություն պահելու գնով վաճառվող խաղաղություն չի հանդուրժում, որովհետեւ նա ոչ թե ամեն տեսակի, այլ պատերազմով չսպառնացող եւ իշխանություն պահելու գին չունեցող խաղաղություն է բերում, որովհետեւ նա խաղաղությունը պատերազմի սպառնալիքով մատուցող, խաղաղությունը քաղաքացու վրա իշխանություն պահելու գնով վաճառող կառավարություն չի պահում:
Նա՝ լավ պետությունը, այդպիսի կառավարությանը չի հանդուրժում ու չի պահում ոչ միայն նրա համար, որովհետեւ լավ է հասկանում, որ պետությունն իրավունք չունի խաբել, առավել եւս՝ վախեցնել իր քաղաքացուն, այլեւ նրա համար, որ գիտի, որ այդպիսի կառավարությանը նաեւ թշնամին է ճանաչում: Եվ նա՝ այդ թշնամին, ամեն ինչ կանի, որպեսզի այդ հանգամանքն օգտագործի՝ այս երկրից ավելին պոկելու համար:
Այնպես որ, Հայաստանի այսօրվա իշխանությունները պետք է հասկանան, որ այս երկրին այսօր ոչ թե ամեն տեսակի, այլ իսկական խաղաղություն է պետք: «Իսկական» խաղաղություն, որի հիմնական ուղերձները ոչ թե պատերազմից մի կերպ խուսափելու օրակարգով ապրելուն, այլ երկրի տնտեսությունն արդյունաբերականացնելուն, երկիրն ավելի ժամանակակից ու առաջադեմ դարձնելուն, սփյուռք-Հայաստան հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելուն, երկրի դեմոգրաֆիական խնդիրներն այլ դիտակետից գնահատելուն եւ երկրի անվտանգությունը միայն հայ-թուրքական հարաբերություններով չբացատրելուն կվերաբերեն:
Այս իմաստով, ՔՊ-ական իշխանություններն ու իրենց կառավարությունը պետք է հասկանան, որ իրենք այս երկիրն արդեն այնտեղ են հասցրել, որ նրա ընտրությունն այլեւս իսկական խաղաղության եւ ամեն տեսակի խաղաղության միջեւ ընտրություն կատարելուն է վերաբերում: Իսկ իրենք եթե մնացել են ամեն տեսակի խաղաղության բարիկադներում, ուրեմն պետք է հեռանան: Ավելին՝ պարտավոր են հեռանալ:
Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ
Կարծիքներ