ԱՄՆ-ԵՄ «առևտրային պատերազմն» սկսված է. ի՞նչ է կոչ արել Մակրոնը Թրամփին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը համոզված է, որ Եվրամիությունից ապրանքների վրա ԱՄՆ մաքսատուրքերի սահմանումը կարող է վնասել ամերիկյան տնտեսությանը` առաջացնելով գնաճ։
CNN-ին տված հարցազրույցում Մակրոնը կոչ է արել Վաշինգտոնին ԵՄ-ի հետ առևտրային պատերազմ սկսելու փոխարեն կենտրոնանալ Չինաստանի, Մերձավոր Արևելքի ճգնաժամի և Ուկրաինայի պատերազմի վրա։
«Եվրոպան ձեր դաշնակիցն է, և եթե ցանկանում եք, որ Եվրոպան ավելի շատ ներգրավված լինի ներդրումների, պաշտպանության և անվտանգության հարցերում, եթե հույս ունեք զարգացման, որը, կարծում եմ, բխում է Միացյալ Նահանգների շահերից, չպետք է վնասեք եվրոպական տնտեսությանը` սպառնալով նրան մաքսատուրքերով»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Եվրամիությանը մաքսատուրքերով՝ պատճառաբանելով Եվրոպայի հետ առեւտրային դեֆիցիտի կրճատման անհրաժեշտությունը։ ԵՄ-ում հայտարարել են, որ պատրաստ են հայելային պատասխանի:
Նախօրեին Թրամփը հայտարարեց ԱՄՆ պողպատի և ալյումինի ներմուծման համար 25 տոկոս մաքսատուրքերի սահմանման մասին բոլոր երկրների համար՝ առանց բացառության։ Նմանատիպ քայլը նրա առաջին նախագահական ժամկետում հանգեցրեց սուր առևտրային հակամարտության ԱՄՆ-ի և Բրյուսելի միջև: Այնուհետև ԵՄ-ն իր հատուկ տուրքերը սահմանեց մի շարք ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ վիսկիի, Harley-Davidson մոտոցիկլետների և Levi Strauss-ի ապրնքանիշի վրա:
Կարծիքներ