Մեր հաշվին տուն մի պահեք

Պետք չէ մեղադրել մարդկանց ինչ-որ կերպ իրենց գործերն առաջ մղելու, իրենց շահը պետության շահից գերադասելու համար: Եվ մարդկայնորեն կարելի է հասկանալ Նիկոլ Փաշինյանին, առհասարակ` ցանկացած իշխանավորի քծնողներին, որոնք պայքարող զանգվածին ու Բագրատ սրբազանին քննադատում են, հայհոյում: Ինչպես ասում են` «մարդիկ տուն են պահում», թեկուզ մեր մեծ տունը` պետությունը, «վարի տալու» գնով: Բայց այդ նույն մարդիկ, որոնք իրենց «տնամերձից» այն կողմ ոչինչ չեն տեսնում, պետք է նաեւ հասկանան, որ երբ երկրում կա պայքար, շարժում, դիմադրություն, հենց իրենք էլ են շահում` անգամ չգիտակցելով դա:
Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, թե ինչպես են մարդիկ իրենց մեջքն ուղղում, հպարտ քայլում, երբ հրապարակում եւ փողոցներում ցուցարարներ կան: Դատական համակարգը սկսում է մեկումեջ մերժել իշխանությունից եկած հրահանգները եւ կալանքի սանկցիաները չի դակում: Բժիշկ-դասախոս-գիտնականներ սկսում են իրենց կարծիքը հայտնել` հակադրվելով պետական համակարգից իջեցված անհեթեթ որոշումներին: Գործարար աշխարհն է սկսում ինքնուրույնություն դրսեւորել` դուրս գալով պետական չինովնիկների դիկտատի տակից: Կուսակցություններն ու հասարակական կազմակերպություններն են ակտիվանում, ներքին կյանքն է աշխուժանում: Համայնքային իշխանություններ, ավագանու անդամներ, մարզային կառույցներ՝ սկսում են Երեւանից եկող աբսուրդ հրահանգներին չենթարկվել: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն անգամ իրենց երկրներում մի քիչ ավելի ինքնավստահ են դառնում` թուրք-ադրբեջանական խաժամուժին մատնացույց անելով, որ մենք կոտրվող ժողովուրդ չենք, եւ այնպես չէ, որ պարտված ղեկավարին բոլորն են ընտրել: Առհասարակ` ցանկացած ընդվզում, կարծիքի դրսեւորում քայքայում է ճահիճը եւ հույսի շող է արթնացնում:
Կարծիքներ