«Հրապարակ». Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, մենք մեր անելիքը ձախողել ենք

«Հրապարակ». Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, մենք մեր անելիքը ձախողել ենք

Հայաստանը եւ Ադրբեջանը վերահաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հանձնառությունը՝  հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահը։ Ընդ որում՝ անգամ նշեց երկու երկրների տարածքի չափերը՝ Հայաստանի 29 հազար 800 եւ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ն։ Այս 86 600-ի մեջ մտնում է նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Փաստացի Արցախն Ադրբեջանին նվիրելու Փաշինյանի գործողությունները մոտենում են տրամաբանական ավարտին, իսկ խորհրդարանական ընդդիմությունը ֆեյսբուքյան գրառումներից զատ ոչինչ չի անում: Մենք մի քանի հարց ենք ուղղել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին:

- Հասարակության մի ստվար զանգված ձեզ` խորհրդարանական ընդդիմադիրներիդ, մեղադրում է ոչինչ չանելու, դիտորդի պես իրավիճակին հետեւելու եւ չպայքարելու մեջ: Ի՞նչ կասեք` որպես խմբակցության ղեկավար: Ի՞նչ ծրագրեր ունեք առաջիկայում:

- Եկեք մեղադրանքները բաժանենք երկու մասի. արդար ցասում եւ ոչ արդար: Արդար ցասումը կիսում եմ 101 տոկոսով: Այո, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի աթոռը, մենք մեր անելիքը ձախողել ենք: Երկրորդ մասում ներառված են հատուկ շրջանակների կողմից ուղղորդված մարդիկ, որոնց քննադատություններն անառողջ են: Այդ մարդիկ փորձում են մեր ազգի դժբախտության վրա գալիք ընտրությունների համար քաղաքական դիվիդենտներ շահել: Այդ մարդիկ ինձ համար Փաշինյանից ոչնչով չեն տարբերվում: Եկեք նորից ֆիքսենք՝ կան արդար եւ հատուկ ուղղորդված մարդիկ, որոնք, ցավոք, հաճախ իրենց ընդդիմադիր են երեւակայում:

- Ովքե՞ր են իրենց ընդդիմադիր երեւակայող ուղղորդված մարդիկ, ո՞ւմ եք ակնարկում:

- Վստահեցնում եմ Ձեզ, որ այս հարցազրույցը կարդալիս յուրաքանչյուր նման գործելաոճ ունեցող մարդ կհասկանա, որ ես նկատի ունեի իրեն: Ինչ վերաբերում է մեր հետագա անելիքներին, ապա կարող եմ խոսել ՀՀԿ-ի ու «Պատիվ ունեմ» խմբակցության մասին: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, նույնիսկ եթե մնանք մենակ: Չեմ համարում, որ կգա այդպիսի պահ, սակայն եթե նույնիսկ նման իրավիճակ լինի, մեր պայքարը շարունակելու ենք: Ես կարծում եմ, որ երբեք ժողովուրդը մեղավոր չէ, չի կարելի ասել՝ ինչու ժողովուրդն ավելի լայն մասշտաբով փողոց դուրս չեկավ՝ փողոցային պայքարի, անհրաժեշտ է գտնել սեփական թերությունները: Հույս ունեմ, որ յուրաքանչյուր ընդդիմադիր գործիչ գոնե ինքն իր մեջ կվերլուծի, թե ինչ բացթողումներ է արել այս կամ այն փուլում: Իմ խորին համոզմամբ՝ պառլամենտական խողովակով հնարավոր չէ հասնել Փաշինյանի հեռացմանը: Պետք է լինեն փողոցային պայքար, փողոցային ճնշում: Մեր անելիքների մասին չեմ կարող ասել, այլապես դրանք օգտավետ չեն լինի, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ պլանները շատ են:

- Փողոցային պայքարի հետ կապված՝ կա՞ն պլաններ:

- Արդեն պատասխանեցի Ձեր հարցին:

- Ռուսաստանյան բլոգեր, մեդիամենեջեր Արամ Գաբրիելյանովը Սերժ Սարգսյանի մասին ուշագրավ հայտարարություններ է արել, մասնավորապես նա Սարգսյանին մեղադրում է Փաշինյանի հետ համագործակցելու, երկակի խաղեր խաղալու մեջ:

- Մի բան ասեմ, որը գուցե Ձեզ դուր չգա, պարզապես զարմացած եմ, որ հենց դուք հանդիսացաք այն խողովակը, որով այդ նյութը ներմուծվեց հայկական մեդիադաշտ: Գաբրիելյանովի զառանցանքներին արդեն իսկ Արմեն Աշոտյանը պատասխանել է:  Աշոտյանի մայիսի 9-ի գրառումից հետո համոզված եմ, որ հասարակաքաղաքական տեսանկյունից ընկածին այլեւս խփելու կարիք չկա:

- Փաշինյան-Սարգսյան հնարավոր համագործակցության վարկածը շատ վաղուց են որոշ շրջանակներ քննարկում, այնպես որ՝ ազատ մամուլին այս պարագայում թերեւս մեղադրել պետք չէ:

- Չեմ մեղադրում, ուղղակի արտահայտեցի իմ զարմանքը: Եկեք ֆիքսենք՝ ես շատ հարգում եմ «Հրապարակն» ու Ձեր աշխատանքը: Պարզապես կարծում եմ, որ Գաբրիելյանովը Դռիկ Խչոյից ոչնչով չի տարբերվում:

- Բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո որոշակի տագնապ կա: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը նշանակում է Արցախն Ադրբեջանի՞ն նվիրել:

- Երեկ ինձ համար ոչ մի նոր բան չհնչեց: Սրա մասին մենք արդեն խոսում ենք բավականին երկար ժամանակ: Մոտեցումների եւ Փաշինյանի` Ղարաբաղի վերաբերյալ ընկալումների մասին մենք խոսել ենք 5 տարի առաջ: Գործընթացների մասին էլ անդադար ենք խոսել: Երբ մենք մեր հայրենակիցներին ասում էինք, որ Փաշինյանը հանձնում է Արցախը, մեր հայրենակիցների որոշ հատվածը մեզ չհավատաց: Արմեն Աշոտյանն անգամ ստիպված եղավ հրապարակել փաստաթուղթ, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էին բանակցային պրինցիպները: Մի ինչ-որ հատված դրան էլ չհավատաց: Ստիպված եղա հրապարակել եվրոպացի պաշտոնյաների հետ հանդիպման բովանդակությունը` բոլոր մանրամասնություններով, ներկայացնելով, որ բանակցային սեղանին Արցախն Ադրբեջանի կազմում հայտնվելու տրամաբանությունն է: Այդ հանդիպումներին ներկա են եղել նաեւ ՔՊ-ականներ․ եթե սխալ եմ ասում, կարող են հերքել: Իմ ասածին չի հաջորդել հերքում: Շատ եմ խնդրում հիմա. մեր այն համաքաղաքացիները, որոնք չէին հավատում մեզ, սակայն հավատում էին Փաշինյանին, այժմ հավատան հենց Փաշինյանին ու գործողություններ անեն:

- ԱԽՔ Արմեն Գրիգորյանը մի հարցազրույցում օրերս ասել է. «2013-ին նախագահ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Մաքսային միությանը միանալու մասին... Նրան հասկացրին, որ եթե նա դա չանի, Լեռնային Ղարաբաղում խնդիրներ կլինեն։ Միությանը միանալու գլխավոր փաստարկը Սարգսյանի համար Ղարաբաղի անվտանգությունն էր։ Դրանից հետո մենք 2 պատերազմ ստացանք՝ 2016-ի ապրիլին եւ 2020-ի սեպտեմբերին»։ Համաձա՞յն եք ԱԽՔ-ի ասածների հետ:

- Արմեն Գրիգորյանն ամեն անգամ հակապետականության նոր նշաձող է սահմանում, եւ ես ստիպված եմ ամեն անգամ դրան անդրադառնալ: Նրա ասածները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Բացատրեմ, թե ինչու է սուտ, եւ ինչու է ասվում այդ սուտը: Պուտին-Փաշինյան առաջին հանդիպման ժամանակ` 2018-ին, ՌԴ նախագահը Փաշինյանին ասել է․ «Ես գիտեմ, որ Դուք ցանկանում եք դուրս գալ ԵԱՏՄ-ից», եւ հավելել է, որ Հայաստանն է եղել Եվրասիական միություն մտնել ցանկացողն ու նախաձեռնողը: Կոպիտ ասած՝ Պուտինը հասկացրել է` ուզում ես դուրս գալ, դուրս արի, ինչին, իհարկե, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է` ոչ: Այս մասին Արմեն Աշոտյանը բազմիցս խոսել է, եւ որեւէ կողմից հերքում չի հնչել: Հետեւաբար, իրականությունն այն է, որ Հայաստանն է եղել Եվրասիականին միանալու նախաձեռնողը: Մեր բոլոր գործընկերները՝ թե՛ եվրոպացի եւ թե՛ ստրատեգիական դաշնակիցները, տեղյակ են ընթացող բոլոր բանակցություններից: Այդ մասին բազմիցս խոսել է նախագահ Սարգսյանը: Նշել է, որ ինչ-որ մի պահի մեր եվրոպացի գործընկերները փոխեցին խաղի կանոնները, ինչից հետո հակասություն մտավ Եվրասիական Միության եւ եվրոպական ինտեգրման միջեւ: Հետագայում, ինչպես գիտենք, Սերժ Սարգսյանի հմուտ քաղաքականության արդյունքում կնքվեց նաեւ Սեպայի համաձայնագիրը: Արմեն Գրիգորյանի սուտը կապված է նրա հետ, որ նա պաշտպանում է ոչ հայկական ուժային կենտրոնների շահերը եւ նմանաբնույթ ցնդաբանություններով փորձում է հակառուսական տրամադրություններ գեներացնել մեր հասարակության մեջ: Ամիսներ առաջ էլ նույն Արմեն Գրիգորյանը եւս մեկ ցնդաբանությամբ աչքի ընկավ` խոսեց միութենական պետություն դառնալու մասին, ինչից հետո գլխավոր ստախոս Նիկոլ Փաշինյանը հերքեց այդ ամենը՝ նշելով, որ ռուսական փորձագիտական շրջանակներն Արմեն Գրիգորյանի վրա ճնշում են գործադրել: