«Հրապարակ». Ովքե՞ր են փլուզման մեղավորները

«Հրապարակ». Ովքե՞ր են փլուզման մեղավորները

Ծիծեռնակաբերդի խճուղու 200 մետրանոց ճանապարհի հենապատի փլուզումից հետո ամբողջ ճանապարհի երկայնքով ճաքեր են առաջացել, շրջվել են արտաքին լուսավորման սյուներ, վնասվել են մալուխներ, կոյուղին: Լենինգրադյան փողոցից դեպի «Դալմա Գարդեն մոլ» ճանապարհը շարունակում է երկկողմանի փակ մնալ: Քաղաքապետարանը տրանսպորտի երթուղիներ է փոխել: Երեկ հայտնեցին, որ ավտոբուսային թիվ 33, 63, 26, 27, նաեւ 26 միկրոավտոբուսային ուղեգծերը, որը նախկինում Ծիծեռնակաբերդի խճուղով էր անցնում, ժամանակավոր անցնելու է Մոնթե Մելքոնյան փողոցով՝ միանալով Իսակովի պողոտային եւ Հաղթանակի կամրջին, 70-րդ երթուղայինը գնալու է Հրազդանի կիրճով: 

Փլուզման պաշտոնական պատճառը պարզ չէ: Անգամ քրեական գործ չի հարուցվել: Դատախազությունից «Հրապարակին» պատասխանեցին, որ դեպքը ստուգման առարկա է: «Դեպքի առնչությամբ քրեական գործ դեռեւս չկա հարուցված: Դատախազության կողմից հանձնարարված է շինարարության հետ կապված նորմերի ու պահանջների հանցավոր խախտումների հնարավոր առարկության պարզման նպատակով ստուգողական գործողություններ կատարել: Դրա արդյունքներով պայմանավորված՝ կլինի քրեական վարույթի հարուցման հիմքերի առկայությունը»,- ասված է պատասխանում: 

Այնուամենայնիվ, ճանապարհ է վնասվել, եւ կա առերեւույթ ծանր հետեւանք, հետեւապես, նաեւ մեղավորներ կլինեն: Ըստ քաղաքապետարանի՝ մեղավոր է հարակից տարածքում շինարարություն անող ընկերությունը, որը չի իրականացրել ճանապարհի ամրակցման աշխատանքներ։ Խոսքը «Սահակյանշին» ընկերության մասին է: Այն բնակելի շինարարություն է իրականացնում տարածքում: Մայիսի 20-ին տեղի ունեցած փլուզման վերաբերյալ ընկերությունից տարբեր լրատվամիջոցներին պարզաբանել են, թե մեղավորը ոչ թե իրենք են, այլ անձրեւները, խոնավ եղանակը: Իսկ իրենք ճանապարհի վիճակը 2-3 ամիս է՝ ուսումնասիրում են: Այս ընթացքում ընկերությունում հասցրել են միայն պարզել, որ ճանապարհի ասֆալտային ծածկույթը պետք է հեռացնել: «Անհրաժեշտ է հեռացնել տակի հիմքը, որն անձրեւների պատճառով թրջվել եւ ծանրացել է, եւ ճիշտ գրունտով վերականգնել: Քաղաքապետարանը մեզ հնարավորություն է տվել վերականգնել մեր հաշվին, եւ մենք դա սկսել ենք անել»,- ասել է «Սահակյանշինի» տնօրենը: 
Այսինքն՝ ստացվում է, որ շինարարական խախտումներ եթե անգամ եղել են, ապա դրանք քրեաիրավական դաշտում չեն, իսկ ընկերությունն արդեն սկսել է վերականգնել փլուզված ճանապարհահատվածը:  Անուամենայնիվ, ինչո՞ւ է տեղի ունեցել փլուզումը: ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կառուցվածքների եւ սեյսմակայունության կենտրոնի վարչության պետ Զավեն Խլղաթյանն ասաց, որ դեռեւս 3 ամիս առաջ է մասնագիտական եզրակացություն ուղարկել քաղաքապետարանին, որում ներկայացրել է տվյալ ճանապարհահատվածի խնդիրները: 

«Հորդառատ անձրեւների պատճառով ամբողջ ճանապարհային պատվածքի, ասֆալտաշերտի տակ եղած գրունտի վատ հատկություններից ելնելով՝ ջրերը կուտակվել են, ջրահեռացման խնդիր լուծված չի եղել, եւ դրանց հոսքերի ճնշման ներքո հենապատը փլվել է»,- ասաց նա:

Եզրակացության մեջ մանրամասն գրված է եղել ճանապարհի երթեւեկելի մասում առաջացած ճաքերի բնույթի վերաբերյալ եւ այն մասին, թե ինչ վտանգ կարող են ներկայացնել դրանք:
«Կոյուղաջրերի համակարգը խցանված է եղել, լյուկերը փակ են եղել: Ջրերը, փոխանակ իրենց ճանապարհով գնան, գնացել են չկանխատեսված տեղերով, որտեղ որ հեշտ է եղել անցնել: Իսկ սա ճանապարհի շահագործման կանոնների խախտում է»,- ասում է Զավեն Խլղաթյանը: Այլ կերպ ասած՝ ճանապարհի ջրերը ժամանակին չեն հեռացվել, քաղաքապետարանն էլ վերահսկողություն չի իրականացրել: Ճանապարհի սխալ սպասարկման հետեւանքով, որը քաղաքապետարանի պարտականությունն է, հորդառատ անձրեւները հանգեցրել են փլուզման: Փաստորեն, քաղաքապետարանը, մի կողմ թողնելով իր սխալները, մեղավորներ է փնտրում: