Հանձնաժողովի անդամը բացահայտում է նախարարության խարդավանքները

Հանձնաժողովի անդամը բացահայտում է նախարարության խարդավանքները

Դասագրքերի մրցույթն այս տարի եւս ուղեկցվում է սկանդալներով։ Օրեր առաջ գրեցինք, որ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը՝ Արսեն Թավադյանի հետ համատեղ, «Տիգրան Մեծ» հրատարակչության կողմից հայտ է ներկայացրել դասագրքերի մրցույթին՝ հեղինակելով «Հասարակագիտություն-8» առարկայի դասագիրքը, որը, սակայն, մերժվել է ԿԳՄՍՆ-ի կողմից։

Նախարարությունը, տարօրինակ կերպով, դասագիրքը փորձաքննող առաջին հանձնաժողովը լուծարել է՝ իր այդ քայլը հիմնավորելով նրանով, որ հանձնաժողովականները սխալ են օգտագործել գնահատման սանդղակը։ Ուստի, ստեղծվել է նոր հանձնաժողով, եւ դասագիրքը կրկնակի փորձաքննություն է անցել։ Սակայն այստեղ էլ հեղինակներին ասել են, թե 2-րդ հանձնաժողովն իրենց դասագիրքն անբավարար է գնահատել, մինչդեռ, ծանոթանալով գնահատման արդյունքներին, գրքի հեղինակները պարզել են, որ 2-րդ հանձնաժողովն էլ ոչ միայն անբավարար չի գնահատել, նույնիսկ բավական բարձր է գնահատել դասագիրքը, եւ դասագիրքն արդյունքում հաղթահարել է անցողիկ շեմը։
«Այստեղ առաջացավ երկրորդ մեծ կասկածը՝ ինչո՞ւ էին մեզ ասում, որ դրական շեմը չենք հաղթահարել․․․ այդ 7-8 հոգանոց հանձնաժողովում չկա՞ր մի մարդ, որ տեսներ՝ մեր դասագիրքը հաղթահարել է այդ շեմը, եւ ո՞նց են արձանագրությունում գրում, որ մեր դասագիրքը չի հաղթահարել դրական շեմը։ Մենք հիմքեր ունենք կասկածելու, որ սա միտումնավոր է արվել, որպեսզի մենք հույսներս կտրենք ու մտածենք, որ այնքան վատ գիրք ենք գրել, որ անգամ դրական շեմը չենք հաղթահարել»,- մեզ հետ զրույցում նկատել էր Սերոբ Խաչատրյանը՝ նշելով, որ բողոքարկել են որոշումը, խնդրելով անցկացնել նոր, լրացուցիչ փորձաքննություն, բայց այստեղ էլ ԿԳՄՍՆ-ն անհարկի հապաղում է եւ դեռ չի արձագանքել հեղինակների նամակին՝ ընդունո՞ւմ են բողոքարկումը, թե՞ մերժում։

Չնայած դասագրքերը փորձաքննող մասնագետների անունները գաղտնի են պահվում, ըստ ԿԳՄՍՆ-ի՝ ավելորդ ճնշումներից խուսափելու համար, «Հասարակագիտություն-8» առարկայի դասագիրքը փորձաքննող մասնագետներից մեկը՝ փիլիսոփայական գիտությունների թեկնածու, հանձնաժողովի անդամ Արշակ Բալայանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր խնդրին՝ մասնավորապես նշելով․ «Ուրախ եմ, որ Սերոբ Խաչատրյանն ու Արսեն Թավադյանը դասագրքի վերաբերյալ որոշումը բողոքարկել են։ Ուրախ եմ նաեւ, որ հանրայնացրել են այս խնդիրը։ Ես նույնպես կարծում եմ, որ որոշումն անարդար է։ Ես եղել եմ «Հասարակագիտություն» առարկայի 8-րդ դասարանի դասագրքի փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի անդամ։ Մեր խմբում երեք հոգի էինք։ Մրցույթին ներկայացված էր երեք դասագիրք։ Յուրաքանչյուրի վերաբերյալ տրվել է կարծիք։ Չնայած մեր խմբի անդամները բարձրացրել են գնահատման սանդղակի հարցը, մեր խմբի անդամներից ոչ մեկին գնահատման սանդղակ չի տրվել։ Հանձնաժողովի մյուս երկու անդամները եւ ես աշխատել ենք իրարից անկախ։ Յուրաքանչյուրս մեր ոճով շարադրել ենք մրցույթին մասնակցող բոլոր գրքերի վերաբերյալ մեր կարծիքը։ Հանձնաժողովի երեք անդամն էլ, իրարից անկախ, կարծիք են հայտնել, որ Խաչատրյանի եւ Թավադյանի գիրքը լավագույնն է։ Հետաքրքիր է նաեւ, որ վատթարագույն գրքի (որը երաշխավորվել է) վերաբերյալ հանձնաժողովի անդամների կարծիքները նույնպես համընկել են։ Ի դեպ, մենք հանձնել ենք երեք եւ ոչ թե մեկ կարծիք։

Կարծիքները հանձնելուց առնվազն մեկ շաբաթ անց իմացանք, որ պետք էր կարծիքը ներկայացնել ինչ-որ սանդղակով։ Ես անձամբ պատրաստակամություն եմ հայտնել՝ այդ լրացուցիչ աշխատանքը կատարել եւ կարծիքս նաեւ ըստ այդ սանդղակի ներկայացնել։ Բացարձակ անհասկանալի է, թե ինչու է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը եզրակացրել, որ «միակ ելքը լուծարելն էր»։ Ինչո՞ւ էր միակ ելքը։ Մեր հանձնաժողովի կարծիքը Ձեզ համար տհա՞ճ էր։
Ես չեմ հավատում, որ «գիտական կառույցների հետ ծավալուն աշխատանք» է կատարվել։ Եթե կատարվել է, բայց այդ կառույցները փորձագետներին գնահատման սանդղակները չեն տվել, բարձրաձայնեք խնդիրը։ Հանրությանը հայտնեք, թե այդ որ գիտական կառույցն է, որ չի հասկանում, թե ինչպես է պետք աշխատել։
Ես չեմ հավատում նաեւ, որ կրկնակի փորձաքննություն է եղել։ Որոշում կայացնող մարմինը, ըստ իս, պարզապես կողմնապահություն է դրսեւորել»։

Հանձնաժողովի անդամը չցանկացավ թեմայի շուրջ հավելյալ մեկնաբանություն տալ։ Ի դեպ, չի շտապում պարզաբանումով հանդես գալ նաեւ ԿԳՄՍ նախարարությունը եւ բացատրել, թե ինչպես է ստացվում, որ 2 հանձնաժողովների կողմից էլ բարձր միավորներ ստացած դասագիրքը մերժվում է ու դուրս թողնվում մրցույթից։