Մարությանը հարկատուների հաշվին կփոխհատուցի՞ քանդված շինության տիրոջը հասցված վնասը

Մարությանը հարկատուների հաշվին կփոխհատուցի՞ քանդված շինության տիրոջը հասցված վնասը

Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականատերը դատի էր տվել քաղաքապետարանին։ Հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ՝ քաղաքապետ ընտրվելուց հետո Մարությանը քանդել էր Նոր Նորքի վերոնշյալ հասցեում գտնվող շինության մի մասը՝ այն ապօրինի լինելու հիմքով։ Քաղաքապետարանն էլ իր հերթին հայց էր ներկայացրել՝ շինությունն ամբողջովին քանդել պարտավորեցնելու պահանջով։Մեզ հայտնի դարձավ, որ  դատարանը մերժել է քաղաքապետարանի հայցը, և «Անի-97» ընկերությանը չի պարտավորեցրել քանդել շինությունը ամբողջովին։

Թեմային անդրադարձել էր Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը՝ գրելով.
«Այսօր մամուլը գրեց, որ ամիսներ առաջ քաղաքապետարանի կողմից քանդված շենքը սխալ են քանդել ըստ դատարանի վճռի։ Եթե շենքի տերը դիմի փոխհատուցման պահանջով ( գրեթե 100 մլն. դրամ), ապա քաղաքի բյուջեից պիտի փոխհատուցեն։ Նման դեպքեր էլի են լինելու։ Բայց ամենածանրը Սանիտեկի հայցն է լինելու։ Ես կասկած անգամ չունեմ, որ ինչքան էլ ժամանակ անցնի Հայկ Մարությանը իր անձնական ունեցվածքով է պատասխան տալու այս անգրագետ կառավարման համար։ Հ.Գ. Մի հարց էլ վարչապետին ունեմ՝ ա՞յս դեպքը նկատի ունեիք, որ ասում եիք Հայկ Մարությանը ցուցաբերել է կառավարելու հրաշալի ունակություն։#մետրոնինչեղավ»:

«Հրապարակը» պարզաբանում ստացավ  քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից, նա մեզ հետ զրույցում ասաց, որ փոխհատուցման վերաբերյալ դատական ակտ չկա․

«Այդ մարդը դատը չի շահել, դա ապատեղեկատվություն է։ Եթե խոսքը վերաբերում է Գյուրջյան փողոցի ապօրինի շինությանը, ապա այդ գործով կա 2 դատական հայց, դրանցից մեկով հայցատուն քաղաքապետարանն է և պահանջել է, որ «Անի- 97» ընկերությանը պարտավորեցնեն քանդել ապօրինի կառույցը, մյուս հայցը այդ ընկերությունն է տվել ընդդեմ քաղաքապետարանի՝ պահանջելով դատարանից փաստել, որ քաղաքապետարանի ընդունած որոշումը հակաօրինական է։ Տարածված տեղեկատվությունը վերաբերում է առաջին դեպքին, որ քաղաքապետարանը պահանջել է ամբողջ այդ շինությունը, որի մի մասը նոյեմբերի սկզբներին քաղաքապետարանը քանդեց, քանդելու պարտավորություն ներկայացնել։ Առաջին ատյանի դատարանը մերժել է քաղաքապետարանի հայցը, և քաղաքապետարանը բողոքարկել է այդ որոշումը Վերաքննիչ դատարանում։ Այսինքն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ մենք չունենք, խոսել այն մասին՝ քաղաքապետարա՞նն է շահել հայցը,թե՞ պատասխանող կողմը, այս պահին տեղին չէ և ժամանակավրեպ է։ Քաղաքապետարանը այս գործով որևէ փոխհատուցում պարտավոր չէ որևէ մեկին վճարել։ Այդ շինության մի մասը քաղաքապետարանը քանդել է, որովհետև այդ շինության մի մասը գտնվում է համայնքային հողի վրա»,- ասաց Կարապետյանը։