Հեգնելով սեփական անունը

Հեգնելով սեփական անունը

ԿԳՄՍ նախարարությունը մտադիր է պետական հրատարակչություն ստեղծել, ինչը կարող է վտանգել ողջ գրահրատարակչական ոլորտի բնականոն գործունեությունը, քանզի ակնհայտ է, որ այդպիսի որոշմամբ պետությունը մտնելու է բիզնեսի դաշտ` ստեղծելով ծայրաստիճան անհավասար պայմաններ հրատարակչությունների համար: Նախարարության այս ենթադրվող քայլին առաջիններից մեկն անդրադարձել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս ակնհայտորեն հույս ուներ առաջիկայում ինքը դառնալ յուրօրինակ պետական հրատարակչություն` հրատարակչական մեծ պատվերներ ստանալով, դիցուք, հանրակրթական դպրոցի դասագրքերի տպագրությունից: Դրանք այնքան էլ սին հույսեր չէին, եթե նկատի ունենանք «Անտարեսի» անթաքույց իշխանամետ պահվածքը` ընդհանրապես,  կրթական չափորոշիչների ու ծրագրերի բուռն քննարկումների ներկա փուլում` մասնավորապես: «Անտարեսականները» (Ա. Մարտիրոսյան, Ա. Նիկողոսյան) անվերապահորեն աջակցում են նոր ծրագրերի իրականացմանը, որովհետև դրանք ենթադրում են նոր դասագրքեր, նոր ձեռնարկներ, ուրեմն և` նոր, հսկայական պատվերներ:

Ուրեմն բնավ զարմանալի չէ, որ «անտարեսականներն» ամբողջ այս ընթացքում շահախնդրորեն ակտիվ էին զանազան սոցիալական հարթակներում, առցանց քննարկումներում, նաև՝  ֆեյսբուքում: Այդ շահամետ ակտիվությունը երբեմն մոռանալ էր տալիս հայ մարդու նույնիսկ բնական պարկեշտությունը, պարզ բարեկրթությունը, հակառակ դեպքում նույն ինքը` Արմեն Մարտիրոսյանը, որ բողոքում է առաջիկայում ստեղծվելիք պետություն-բիզնես կոռուպցիոն «միությունից», ֆեյսբուքում չէր «ոչնչացնի» հանրակրթության մեջ ազգային գաղափարախոսության պահպանման այն միտումները, որ առկա են մասնագիտական քննարկումներում, բայց որոնք պնդերեսորեն մերժվում են պետության կողմից:  Ֆեյսբուքի իր էջում Ա. Մարտիրոսյանը ծաղրալից գրառում է.
«Ռուսերեն Այբուբեն,
Հայերեն գերմաներեն,
Հայրենի Ֆիզկուլտուրա,
Հայավարի աշխատանքի ուսուցում,
Հայուգեն անատոմիա,
Հայամետ աստղագիտություն,
Հայ բուսաբանություն,
Հայակենտրոն կենդանաբանություն,
Հայանպաստ շարունակեք...»:

Եվ երբ օգտատերերից մեկը (բանաստեղծուհի Գոհար Գալստյան) սպանիչ հետծաղրով «շարունակում է»` թուրքական դիվանագիտություն, թուրքական մուղամ, թուրքական մարդամասնատման անատոմիա… ազատ խոսքի մեր ջատագով հրատարակիչն արագ ջնջում է գրառումը… 
Բայց վերոբերյալ ցանկից ինձ ամենից շատ նողկանք է պատճառում «հայուգեն անատոմիա» ձևակերպումը: Նկատեմ, որ գրառման հեղինակի անունն արդեն այդ գենի ծածկագրերից մեկն է, ազգանունն էլ` այն երևույթի, երբ փորձել են «հայու գենը» ոչնչացնել: Ուրեմն՝ հարկ կար գոնե քաշվելու սեփական անունից ու ազգանունից: