Ի՞նչ կապ ունեն Սուքիասյանները երեկվա կրակոցների հետ

Ի՞նչ կապ ունեն Սուքիասյանները երեկվա կրակոցների հետ

Երեկ Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցում հնչած կրակոցների հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել երկու քաղաքացի։ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ, սակայն, միայն մեկ քաղաքացու մասին է նշված՝ 1979 թ․ ծնված ԱՄՆ քաղաքացու, որը «Արմենիա» բժշկական կենտրոն է դիմել ոտքի շրջանում ստացած հրազենային վնասվածքով։ Ոստիկանությունից, սակայն, մեզ հայտնեցին, որ ևս մի քաղաքացի էլ՝ արդեն դանակահարված դիմել է «Նաիրի» բժշկական կենտրոն և ասել, որ վնասվածքն ստացել է դարձյալ Ամիրյան փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ 

Ու թեև Քննչական կոմիտեն իր հաղորդագրության մեջ նշել է, թե «անհայտ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ժամը 19:30-ի սահմաններում Երևան քաղաքի Ամիրյան 18 հասցեում՝ մայթեզրին, վիճաբանել են իրար հետ, հարվածներ հասցրել միմյանց, որի ժամանակ ներկաներից մեկը ոտքի շրջանում հրազենային վնասվածք է ստացել», սակայն արդեն անուններ են շրջանառվում, թե ովքեր են եղել այդ «անհայտ անձինք»։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ վիճաբանության մասնակիցներից մեկն ու ԱՄՆ քաղաքացու ոտքին կրակողը եղել է «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Սուքիասյան եղբայրներից կրտսերը՝ Ռոբերտ Սուքիասյանը, որը ՔՊ-ի ցուցակով խորհրդարան անցած խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրն է։ Ասացին՝ կրակոցից հետո Ռոբերտ Սուքիասյանն արագ հեռացել է դեպքի վայրից, նա եղել է վրացական պետհամարանիշով թանկարժեք սպորտային մեքենայով, որը, որոշների կարժիքով՝ Ferrari է եղել, իսկ մեր տեղեկությամբ՝ McLaren MP 4-12 C, որից օրերս հանդիպել ենք մայրաքաղաքի փողոցներում, այլ նմանատիպ մեքենա վրացական պետհամարանիշով քաղաքում ունեցող չկա, կարծես թե։ 

Սուքիասյանի հեռանալուց հետո նրա թիկնապահները, ըստ շրջանառվող տեղեկությունների, ոտքից հրազենային վնասվածք ստացած ԱՄՆ քաղաքացուն նստեցրել են իրենց մեքենան ու տարել հիվանդանոց։ Դեպքի վայրում կայանած է եղել Սուքիասյանների ընտանիքն ու նրանց մերձավորներին պատկանող 01 LN 015 պետհամարանիշով Mazda 6 մակնիշի ավտոմեքենա, որը, հավանաբար, թիկնապահներից մեկի մեքենան է եղել։ 

Ի դեպ, մեզ ասացին, որ տարածքի սրճարաններից մեկի մատուցողը հեռախոսով նկարահանել է միջադեպը, և նրան տարել են հարցաքննության։ Համացանցում լուրեր են տարածվում, որ տեսանյութը ջնջել են տվել։ Մենք երեկ գրել էինք, որ քննչական գործողությունների ժամանակ մի քաղաքացու ոստիկանները տանում էին բաժին՝ հընթացս վստահեցնելով, թե նրա անվտանգությունը կապահովեն։

Մենք փորձեցինք Սուքիասյանների առնչությունն այդ միջադեպին պարզել թե՛ իրենցից, թե՛ Քննչական կոմիտեից։ Կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ ասաց, որ իրենք անուններ չեն հրապարակում։ Այդուհանդերձ, Սուքիասյանները որևէ առնչություն ունե՞ն այս միջադեպի հետ։

«Չգիտեմ, էդ ինֆորմացիան չունեմ ես»,-եղավ պատասխանը։

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև «Սիլ կոնցեռնի» մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանից, սակայն նա մեր զանգերին չպատասխանեց։ Ցանկացած պահի մենք պատրաստ ենք հրապարակել նաև Սուքիասյանների մեկնաբանությունը կատարվածի վերաբերյալ։