Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործերը կրկին կքննվեն մեկ վարույթում

Մանվել Գրիգորյանի եւ Նազիկ Ամիրյանի գործերը կրկին կքննվեն մեկ վարույթում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ վերսկսվել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը։

Նիստի մեկնարկին քննարկվեց Գրիգորյանի եւ Ամիրյանի գործը կրկին միացնելու եւ մեկ վարույթում քննելու հարցը։

Նշենք, որ ավելի վաղ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ դրվագը անջատվեց գործից, քանի որ Գրիգորյանն իր առողջական վիճակի պատճառով չէր կարողանում նիստերին ներկայանալ։ Նոյեմբերին նա մահացել է, եւ մեղադրողը խնդիր չի տեսնում գործը կրկին միացնելու վերաբերյալ։

Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց` դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար։ 

Դատարանն ի վերջո որոշեց` այս պահին վարույթները միացնել։ Դատավորը նաեւ նշեց, որ, եթե պաշտպանական կողմը վարույթները միացնելու վերաբերյալ  առարկություն կունենա, կարող են ներկայացնել։

Այս որոշումից հետո պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։

Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020-ի նոյեմբերի 19-ին: Նա մեղադրվում էր ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 մլն դրամ յուրացնելու, ավելի քան 1 մլրդ դրամ հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան մեկ մլրդ դրամ վատնելու և շորթմամբ 37 մլն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու համար: Նա մեղադրանքը չէր ընդունում: Մանվել Գրիգորյանը անազատության մեջ գտնվեց մեկուկես տարի: 2020 թվականի հունվարի 15-ին խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա ուներ մի շարք առողջական խնդիրներ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի և քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաև տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու համար։