Երբ «չալաղաջ թիքա է», լավ էլ մենակով ուտում եք, երբ համավարակ է, մենք ենք թուքումուր ուտում

 Երբ «չալաղաջ թիքա է»,  լավ էլ մենակով ուտում եք, երբ համավարակ է, մենք ենք թուքումուր ուտում

Ասում էիք, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է։ Ուղիղ իմաստով չէ, այլ իրավունքների, ձայնի գերակայության տեսանկյունից։ Հիմա այնպես է ստացվել, որ մենակով ամեն ինչ անում եք, ասում՝ ժողովուրդն է այդպես ուզում։ Դե եկ ու ձայն հանի՝ այքան ձայն եք տվել ինձ, ուրեմն ի՞նչ պարտադիր է, որ ձեզ հարցնեմ, ձեր ձայներով ինչ ուզում, անում եմ։

Ո՞ր հարցում եք խորհրդակցել ժողովրդի հետ՝ պաշտոնյաների միլիոնների հասնող պարգևավճարների, աշխատավարձերի կրկնակի բարձրացմա՞ն, հարկերի համահարթեցմա՞ն, գույքահարկի բարձրացմա՞ն․․․ Կա՞ այդպիսի հարց, որ մենակով չեք արել։

Համաճարակի ժամանակ, դրել, ինչ մանկական կապրիզ եք ունեցել, «սղղցնում եք»։ Դե խեղճ ու անտեր ժողովուրդ, անաշխատանք, տներում քաղցած փակված կամ մեկուսացված, իսկը պահն է, դրել ու ինչ ուզում, անում եք։ Համավարակը մոլեգնում է, որովհետև նրա դեմ  դիմակով եք պայքարում, իսկ քաղաքական խնդիրներ լուծելու համար գործի եք դրել ուժային ողջ կառույցները, ծանր հրետանին։  Ահա թե ինչու համարակը չի նահանջում։  Հետո էլ, երբ համաճարակը դիմակով չի նահանջում, մեղքը գցում եք  ժողովրդի վրա՝ բա դուք չհասկացաք ու դիմակը քթից ներքև քաշեցիք կամ ականջի վրա կախեցիք։ Երբ «չալաղաջ թիքա է»,  լավ էլ մենակով ուտում եք,  բայց երբ համավարակ է, մարդիկ են մահանում, մենք ենք թուքումուր ուտում․․․

Վարչապետի այսօրվա օրվա խոսքը լսենք․

«Այս պահի դրությամբ 123 մարդ ծայրահեղ ծանր վիճակում է, 529 մարդ՝ ծանր վիճակում, 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահի կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր: Այս վիճակագրության հեղինակները մենք ենք՝ բոլորս: Եվ մենք էլ մեր անհատական ջանքով կարող ենք փոխել իրավիճակը: Ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել»։

Հինգ ամիս է անցել։ Օրեցօր վիճակը ծանրանում է։ Համաճարակի ժամանակ կառավարման ռազմական համակարգ է պետք՝ մարդկանց օգնությունից սկսած, մինչև պետական բոլոր կառույցների ուղղորդումը համաճարակին։ Աշխարհում մի պետություն չեք գտնի, որ համաճարակի ժամանակ Սահմանադրություն փոխի, հարկեր բարձրացնի, հետապնդումներ իրականացնի․․․Եթե թվարկեմ, չի վերջանա․․․ Վիճակի պատասխանատուն օրվա իշխանությունն է։ Դուք ողջ պետական ուժերը փոշիացնում եք այլ ուղղություններով՝ մոռանալով, որ համաճարակը կանխելուց հետո էլ կարող եք սկսել ձեր քաղաքական հետապնդումները, գույքահարկի բարձրացումը, սահմանադրական փոփոխությունները․․․ Բոլորիս բերանը դիմակով փակել, լցրել եք տները՝ լավ պահ է՝ ով ձայն հանի, մի լաթի կտոր կխցկեք բերանը։ Ուժայինները նման հարցերով աչալուրջ են։

Ժողովրդին գաղափարական, սթափեցնող  կոչեր թող անեն մասնագետները, դուք զբաղվեք կառավարման համակարգով՝ «շիլա- շփոթ է դարձել երկիրը», չես հասկանում՝ ով ինչ գործի է։ Պատասխանատվությունը, սա ընդունված աքսիոմ է, երբ դրվում է բոլորի վրա, քաոս է տիրում, ինչպես մեզ մոտ։ Դուք եք պատասխանատուն,  «յուղալի պատառներ ուտելուց մեզ բաժին չեք անում», բայց երբ գալիս է պատասխանատվության պահը, մե՛նք ենք պատասխանատուն, որովհետև դուք ժողովուրդ եք։ Դուք ընդամենը իշխանություն եք․ ընդունեք սա։ Այս պահի դրությամբ դուք եք երկրի այս վիճակի պատասխանատուն։