Կառավարությունը քաղաքացիներին ծաղրելու մշակույթ է որդեգրել
Կառավարությունը արտակարգ դրությունը եւս մեկ ամսով երկարաձգելու օրը հրավիրված արտահերթ նիստում մի արտակարգ որոշում կայացրեց, որով հազարավոր քաղաքացիների սոցիալական բեռն այս անաշխատ շրջանում կթեթեւանա։
Համաձայն այդ որոշման՝ կառավարությունը կիսով չափ կփոխհատուցի այն բաժանորդների փետրվար ամսվա կոմունալ վճարները, որոնք չեն գերազանցել գազի սպառման դեպքում 10 հազար դրամը, էլեկտրաէներգիայի սպառման դեպքում՝ 5 հազարը: Բայց եթե մեկը ծախսած լինի մոտ 10 հազար 50 դրամ կամ 5 հազար 60 դրամ, ապա նա այս ծրագրի շահառուների ցանկ չի մտնի։ Սա, հիրավի, ՀՀ պատմության մեջ գործադիր իշխանության կայացրած երեւի ամենալայնամասշտաբ, ամենասոցիալական, ամենահումանիտար որոշումն է, որը երբեւէ կայացրել է 30 տարվա անկախություն ունեցող Հայաստանի որեւէ կառավարություն։
Բայց մի փոքր, շատ փոքր տեխնիկական հարց կա՝ ովքե՞ր են այն ընտանիքները, որոնք ձմեռվա ամենացուրտ ամսին՝ փետրվարին, 10 հազար դրամից էլ քիչ գազ են ծախսել։ Այս հարցը երեկ ողջ օրը հուզում էր քաղաքացիներին, որոնք իրենց չէին գտնում այս ծրագրի շահառուների ցանկում։ Այն հուզում էր նաեւ ընդդիմադիր պատգամավորներին, որոնք բարձրացրին այս հարցը, բայց կառավարությունն ու պարետ Տիգրան Ավինյանը շատ արագ գտան պատասխանը։ Պարզվում է՝ նրանք գյուղերում ապրող այն ընտանիքներն են, որոնք տանը աթար կամ փայտ են վառում, ոչ թե՝ գազ։ Այ, իրենց գազի ծախսն է, որ 10 հազար դրամը չի գերազանցել։
Իսկ իմքայլական պատգամավոր Գեւորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց․ «ՀՀ գյուղաբնակ եւ քաղաքաբնակ հարյուր հազարավոր քաղաքացիներ ձմռանը ոչ թե գազ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, այլ՝ փայտ եւ աթար, եւ այս մարդիկ, այո՛, օգտագործում են 10 հզ դրամից քիչ գազ եւ 5 հզ. դրամից քիչ էլեկտրաէներգիա։ Բացի այդ, այս քաղաքացիների զգալի մասը սոցիալապես խոցելի խմբերում են, եւ նրանց համար 5 կամ 7 հազար դրամի աջակցությունը եւս կարեւոր է»։ Իսկ քանի՞ այդպիսի ընտանիք կա ՀՀ-ում, պարզվում է՝ շատ, մոտ 220 հազար, որտեղ ապրում է 600 հազար մարդ։ Այսինքն՝ իր ընտրազանգվածին կառավարությունն աջակցում է մի ամբողջ 5 հազար եւ 2 հազար 500 դրամով։
Սա նույնն է, որ կառավարությունը որոշի բենզինով մեքենա վարող բոլոր վարորդներին գազի լիցքավորման 50 տոկոս զեղչի քարտ տալ։ Սա, մեղմ ասած, հերթական ծաղրն է կառավարության կողմից, ոչ ավելին։ Ամենայն հարգանքով աթար ու փայտ օգտագործող մեր հայրենակիցների հանդեպ, բայց ստացվում է՝ բոլոր նրանք, ովքեր 21-րդ դարում նախընտրում են գազով ջեռուցել իրենց բնակարանը, այլ ոչ թե աթարով կամ փայտով, ու վառում են ամսական 30, 40 հազար դրամի գազ, նրանք մարդ չեն, ընտանիք չեն, նրանք սոցիալական խնդիր չունեն։ Տպավորություն է, որ կառավարությունը հատուկ այնպիսի փաթեթներ է մշակում, որոնցից ոչ ոք չկարողանա օգտվել։
Պակաս ծաղր չէր նաեւ Նիկոլ Փաշինյանի բացատրությունը, թե ինչու է կառավարությունն այդ բաժանորդների կոմունալները 50 տոկոսով սուբսիդավորում, այլ ո՛չ ամբողջությամբ։
«ՀՀ-ում կոմունալ վարձերը վճարելու շատ բարձր կուլտուրա կա, եւ մենք ուզում ենք այնպիսի քաղաքականություն վարել, որ այդ կուլտուրային որեւէ ձեւով չվնասենք, դա շատ կարեւոր է, եւ այդ պատճառով 50 տոկոսով ենք փոխհատուցելու ծախսերը: Իհարկե, սոցիալական որոշակի խմբերի այլ ծրագրերով եւս օգնություն կտրամադրվի»․ այսպիսի հանճարեղ բացատրություն տվեց երեկ Նիկոլ Փաշինյանը։ Փաստորեն, վարչապետն ու նրա գլխավորած կառավարությունը որոշել են վարձերը վճարելու կուլտուրան չփչացնելու գնով ժողովրդին ծաղրի ենթարկելու կուլտուրա ներդնել։ Ժողովուրդն էլ, իրեն «պողոսի տեղ դրած», գլուխները պիտի տմբտմբացնի, թե ինչ հրաշալի կառավարություն ունենք։
Երեկ այս թեմայով փորձեցինք զրուցել ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ, սակայն նա ոչ մի կերպ չցանկացավ մեր հարցերին պատասխանել, միայն ասաց, որ կպատասխանի իր որպիսությանը վերաբերող հարցին, ինչին ի պատասխան ասաց, որ լավ է։ Թե ինչ կա լավ զգալու, չհասկացանք:
Կարծիքներ