«Երիտասարդական» կայարանն անվանափոխելու մասին

«Երիտասարդական» կայարանն անվանափոխելու մասին

2025 թվականին լրանում է մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակը։ Այդ կապակցությամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որում ընդգրկված են մշակույթի ոլորտի նշանավոր ներկայացուցիչներ, մտավորականներ, ինչպես նաև գրողի ընտանիքի անդամները՝ այդ թվում Իսահակյանի թոռը։ Այս  հայտնել է  ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը տեղեկացրեց, որ հանձնաժողովի նիստերի ընթացքում բարձրացվել է առաջարկ՝ մետրոյի «Երիտասարդական» կայարանն անվանակոչել Ավետիք Իսահակյանի անունով։ Առաջարկը հիմնավորվում է նրանով, որ հենց այդ կայարանի հարևանությամբ է տեղադրված գրողի արձանը, իսկ հոբելյանական տարում դա կարող է դառնալ խորհրդանշական քայլ։

Ըստ նախարարի՝ նախաձեռնությունն արդեն փոխանցվել է Երևանի քաղաքապետարանին՝ սահմանված կարգով քննարկման համար։ Անդրեասյանը ընդգծեց, որ կայարանի ներկայիս անվանումը նույնպես պատմական նշանակություն ունի, ուստի հարցը պետք է դիտարկվի բազմակողմանի։

Բացի այդ, նախարարությունը դիմել է քաղաքապետարանին նաև մեկ այլ առաջարկով՝ ձեռնարկել քայլեր, որպեսզի Ավետիք Իսահակյանի արձանը ավելի տեսանելի դառնա։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում արձանի շրջակայքում զարգացած տարբեր գործունեություններ որոշ չափով մթագնել են այդ մշակութային արժեքի տեսանելիությունը։