Մեծ սիրով դառը սուրճ կխմեի Սերժ Սարգսյանի հետ

Մեծ սիրով դառը սուրճ կխմեի Սերժ Սարգսյանի հետ

Երկու տարի առաջ այս օրը Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Դա իհարկե պատմական և անհավատալի իրադարձություն էր, քանի որ ընդամենը շաբաթներ առաջ անպարտելի թվացող նախագահն ի վերջո պարտություն կրեց ու հեռացավ։ Ի դեպ հեռացավ առանց զոհերի ու ցնցումների, ինչը միանշանակ կերպով պատիվ է բերում երրորդ նախագահին։ Ես սա ասում եմ ամենայն համոզմունքով, ինչպես նաև այն գիտակցումով, որ ձևախեղված արդի իրականությունում Սարգսյանի մասին ընդունված է ասել կամ վատը կամ ոչինչ։ 

Չնայած այն հանգամանքին, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը համահասարակական ցնծության պատճառ դարձավ, բայց, այնուամենայնիվ, ես այդպես էլ չկարողացա այդ փաստը միանշանակ ընդունել։ Մի կողմից բավարարված էի, քանի որ տարիների պայքարը պսակվեց հաջողությամբ, իսկ մյուս կողմից էլ տիրապետող էր դատարկության զգացողությունը, քանի որ նրա հեռացումով բովանդակազրկվեց այն ամենը, ինչ ես սովոր էի անել։ Կարելի է ասել, որ հայտնվել էի խորհրդային այլախոհների կարգավիճակում, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո կորցրել էին կյանքի և աշխատանքի մոտիվացիան, քանի որ հակադրության սնուցող աղբյուրը այլևս գոյություն չուներ։ Պատահական չէ, որ 1991-ից հետո այլախոհներից շատերը ոչ ոքի պետք չէին, նրանց ժամանակաշրջանն այլևս ավարտված էր։ 

Ինչ-որ իմաստով Սերժ Սարգսյանը մեզ սնուցող այդ նույն  հակադրությունն էր, ինչի շնորհիվ մենք ձևավորվել ենք ու գործունեություն ծավալել։ Մեր քաղաքացիական էությունը այդ հակադրության արտադրանքն էր և հենց այս հանգամանքով էր պայմանավորված նրա հրաժարականին հաջորդած դատարկության զգացողությունը։ Թվում էր, թե ես գրելու և ստեղծագործելու անհրաժեշտություն այլևս չեմ ունենալու, քանի որ թագավորը գլխատված է, իսկ Բաստիլն էլ գրավված։ Ինքներս մեզ համոզել էինք, որ Սերժ Սարգսյանը չարի մարմնավորումն է երկնքի և երկրի վրա, իսկ նրա հեռացումից հետո երկնային Երուսաղեմն անխուսափելիորեն տեղափոխվելու է Հայաստան։ 

Ինչևիցե, Ես արդեն ասել եմ այն, ինչ մտածում եմ Սերժ Սարգսյանի իշխանության մասին։ Այլևս ո՛չ ասելիք կա և ո՛չ էլ քննադատության շարժառիթ, քանի որ երկու տարի առաջ այս օրը Սարգսյանը հեռացել է իշխանությունից։ Ցավոք սրտի, մարդիկ տառապում են թերարժեքության բարդույթով և մինչ օրս ենթագիտակցական մակարդակում կասկածում են այդ փաստի իրականությանը։ Այլ բացատրություն չկա լայն տարածում ունեցող այն պայքարին, որը ուղղված է արդեն իսկ հաղթահարված անցյալի դեմ։ Իմ համոզմամբ երկու տարի անց Սերժ Սարգսանին քննադատելը ոչ միայն կոնֆորմիզմ է, այլ նաև վախկոտություն։ Հեղափոխության ներկայիս ամենամոլի պաշտպանները Սարգսյանի հրաժարականից մեկ ամիս առաջ շարունակում էին խոնարհվել նրա առջև և համբուրել կոշիկները, իսկ հիմա օր ու գիշեր փրփուրները բերաններին պայքարում են գոյություն չունեցող իշխանության դեմ։ 

Իսկ ես Սերժ Սարգսյանից այլևս ո՛չ պարտք ունեմ և՛ ոչ էլ պահանջ, միայն կարող եմ նշել, որ մեծ սիրով դառը սուրճ կխմեի նրա հետ, եթե իհարկե երբևիցե նմանատիպ հնարավորություն ընձեռնվի։