Ռուսաստանը գիտի, որ Հարավային Կովկասի տերը նա է, ով Հայաստանի տերն է

Ռուսաստանը գիտի, որ Հարավային Կովկասի տերը նա է, ով Հայաստանի տերն է

Հայտնի է, որ ՀՀ իշխանությունները հակված են դեպքի արեւմուտք քայլեր անելուն եւ սպասում են հարմար պահի` ռուսական ուղուց դեպի արեւմտյան կողմնորոշում անցում կատարելու համար: Այդ մասին անգամ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը արտահայտվել է` ասելով, որ, եթե Հայաստանը չկարողանա Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ կառույցների միջոցով ստեղծված ճգնաժամը լուծել, ապա ստիպված կլինի դիմելու միջազգային այլ գործընկերների։

Թեմայի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Սարո Սարոյանի հետ։

- Սա արդեն մեծ հաշվով երկրորդ այդպիսի զգուշացումն է, բայց ընդհանուր առմամբ Հայաստանը մշտապես վախեցել է դուրս գալ ռուսական ուղեծրից և այսօր հարց է, թե քաղաքական վերնախավը որքանով իր մեջ ուժ կգտնի նման կարգի լուծումների գնալու։ Ընդհանրապես, որ դրա ճանապարհը և շատ խնդիրներ կարող են այլ կերպ դասավորվել, այլ լուծումներ գտնել, դա փաստ է։ Բայց վախը մեծ է, որ Ռուսաստանը  դրա համար իրենց կպատժի, և ընդհամենը հեռավար այսպես «սպառնալիքներ»: Մոտավորապես այն տրամաբանությունն են փորձում կիրառել, թե Հայաստանը միանշանակ կախված չի Ռուսաստանից և կարող է այլ գործընկերներ գտնել միջազգային տարբեր խաղացողների շրջանում։ Բայց դրա իրագործումն է խնդրահարույց․ Հայաստանի ղեկավարությունը գիտի, թե որքան մեծ է Ռուսաստանի հնարավորությունները տարբեր լծակների միջոցով պատժելու իրենց։ Հիմա իրենք ընդամենը շանտաժի գործիք են օգտագործում, թե երբևէ ռիսկ կցուցադրեն, որպեսզի իսկապես ազգային անվտանգության հետ կապված խնդիրներում արևմտյան այս կամ այն սուբյեկտներին դիմեն։ Չնայած սրան, Հայաստանը շատ լավ գիտի, որ Ռուսաստանն ի վիճակի է տարբեր լծակներով իրեն պատժել, կարգի բերել։ Քաղաքական վերնախավի վախեր են, որ թույլ չեն տալիս այլ ճանապարհներ գտնել։ Վախենալով, որ դրա համար իրենք կպատժվեն։ Այս խնդիրների կծիկն այստեղից է գալիս։

- Ռուսաստանը չի արձագանքում նման սպառնալիքներին։

- Ռուսաստանը չի արձագանքում, որովհետև ինքը իսկապես լիարժեք վերահսկում է Հայաստանի քաղաքական դաշտը։ Եվ բոլոր միավորների հնարավորությունները շատ լավ պատկերացնում է, այդ թվում՝ իշխող ներկա վարչախմբի՝ հնարավորությունների և վախերի աստիճանը։ Ռուսաստանի վախերն էլ բոլորովին այլ տեղից են՝ նույն արտաքին արևմտյան ուժերի միջամտություններից են գալիս։ Իրենք լավ գիտեն անզորության աստիճանը հայկական էլիտայի։ Ռուսաստանը վախենում է, որ արևմտյան այս կամ այն հատուկ ծառայությունները այլ մեթոդներով, միջոցներով հայկական իշխող վերնախավին այս կամ այն կերպ կարողանան դեպի իրենց հակել` որոշակի մարդկանց, որոշակի պաշտոնյաների։ Այստեղ է, որ գործակցություն, որոշակի ազդեցություն Արևմուտքը կարող է հատկացնել։

- Ի՞նչ սպասել Ռուսաստանից, եթե Հայաստանը իսկապես դիմի Արևմուտքի օգնությանը։

- Հիմնական խնդիրը Ռուսաստանից ուղղակիորեն ֆիզիկապես, և ոչ միայն ֆիզիկապես՝ առնվազն քաղաքականապես պատժի արժանանալն է, քաղաքական պաշտոնից զրկվելն է, չհաշված՝ ֆիզիկական ոչնչացումը։ Հայաստանը արտաքին կառավարման դաշտում է գտնվում, Ռուսաստանի կողմից ուղղակիորեն։ Եվ Հայաստանում այդ ամեն ինչը շատ լավ գիտեն։ Այնպես չի, որ այսօր ինչ պաշտոններ, որ զբաղեցնում են, առանց Ռուսաստանի միջամտության կամ ազդեցության  է եղել։ Այս ամենը ժամանակի ընթացքում հա խորացել է, և խորացել է այն աստիճան, որ բոլոր  ուժային կառույցները ընկել են ուղղակի վերահսկողության տակ, և առաջին հերթին բոլոր տեսակի ինֆորմացիոն հոսքերը կառավարում է Ռուսաստանը՝ հասկանալու համար այստեղ ով ինչ է մտածում, ինչպես է մտածում։

- Այնուամենայնիվ, որքանով ռեալ կլինի ռուսներին Հայաստանից և Արցախից հանել ու փոխարենը ՆԱՏՕ-ի և այլ խաղաղապահ ուժերի բերել։

- Դա բոլորովին այլ փիլիսոփայություն է իրենից ենթադրում։ Երբ, որ նման կարգի գործընթաց սկսվի, այդ գործընթացը աշխարհաքաղաքական փոփոխություն է ենթադրում։ Նման կարգի բաները կատարվում են շատ գլոբալ մակարդակում։ Երբ որ այս մակարդակի խնդիր գործարկվի, որպեսզի Հայաստանը ներգրավի այլ խաղաղապահների, այստեղ որևէ խնդիր չկա արդեն հանելու կամ չհանելու։ Այստեղ խնդիր է, որ Հարավային Կովկասում Արևմուտքը ոչ մի կերպ չի կարողանում իր տեղը ստեղծել, ի նկատի ունեմ ՝ Ադրբեջան, Հայաստան, Արցախ, որովհետև Ռուսաստանը՝ ռուս-թուրքական համաձայնությամբ, փակել է` բոլոր տեսակի կապանքներով, այդ բոլոր դաշտերը։ Բայց եթե երբևէ Հայաստանի և Արցախի ղեկավարությունները ինչ-որ մի  դաշտ թողնեն իրավական միջամտությանը, այստեղ արդեն տեխնիկայի հարց է մնացած ամեն ինչը կազմակերպելը։ Այդ հնարավորությունը Ռուսաստանը ատամներով պահում է, ամեն գնով փորձում է թույլ չտալ Արևմտյան ներկայությունը այդ տարածաշրջանում, որովհետև գիտի, որ Հարավային Կովկասի տերը նա է, ով Հայաստանի տերն է։

- Ռուսաստանը նաև ուղղակի կապ ունի Հայաստանի միջով միջանցք, ճանապարհներ տրամադրելուն։ Անվտանգության երաշխիքներ է տալիս կոմունիկացիաների ապաշրջափակման դեպքում:

- Այո, այսօր Ռուսաստանը ծրագրային անում է այն, ինչ-որ պայմանավորվել է թուրքերի հետ, Էրդողանի հետ, և քիչ-քիչ կյանքի է կոչում։ Այդ ընդհանուր համաձայնությունների դաշտում մտնում է նաև Ադրբեջանի և Նախիջևանի կապի ապահովումը, և այս տեսանկյունից նույնպես պլանային կատարվում են այն բոլոր քայլերն ու գործողությունները, որոնք նախատեսված են եղել։ Իսկ Հայաստանը պատանդի կարգավիճակով հլու-հնազանդ կատարում է։  Ադրբեջանն ու Թուրքիան ունեն առավել մեծ ախորժակ, որի հետ կապված Ռուսաստանը մշտապես ակնառու է պահում, որպեսզի առևտրի դաշտ ունենա թուրքերի հետ։ Բայց այն, ինչ-որ որոշվել է, որ պետք է  հաղորդակցման ուղիները, ճանապարհները բացվեն և ռուսներն ու թուրքերը կարողանան անարգել ապրանքաշրջանառություն և ռազմաստրատեգիական համագործակցություն իրականացնեն, դրա հետ կապված որևէ  խնդիր մինչև հիմա չի ծագել և չի կարող ծագել։