Փաշինյանն ի՞նչ չմաքրված հաշիվներ ունի Միքայել Մինասյանի հետ

Փաշինյանն ի՞նչ չմաքրված հաշիվներ ունի Միքայել Մինասյանի հետ

Տարիներ շարունակ տարբեր շրջանակներ հավաստիացնում էին, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի մտերիմն է, ոմանք նույնիսկ Փաշինյանին համարում էին Սարգսյանի եւ Մինասյանի պրոյեկտը եւ անգամ որպես ապացույց նշում, որ Մինասյանի մտերիմներից մեկի ընկերությունը, որը զբաղվում էր «Հայկական ժամանակի» վաճառքով, ամբողջությամբ վճարում է Փաշինյանի չվաճառված թերթերի գինը։ 
Միքայել Մինասյանի մտերիմն է համարվում նաեւ ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: 2019-ի փետրվարին, կառավարության ծրագրի նախագծի քննարկման ժամանակ, երբ Էդմոն Մարուքյանը փորձեց ժողովրդին պաշտպանել տնտեսական հեղափոխության ծանրությունը միայնակ կրելու բեռից եւ քննադատեց կառավարությանը, Փաշինյանը հունից դուրս եկավ ու է՛լ թան ու բրդած մածուն, է՛լ Սերժ ու Կարեն իրար խառնեց: Այդքանը հերիք չէր, մի հատ էլ Վատիկանի դրոշը կախեց Մարուքյանի կուսակցության գրասենյակի առաջ: Սրանով փորձեց հիշեցնել Մարուքյանի կապը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ: Զայրույթի պահին, հավանաբար, Փաշինյանը հաշվի չառավ, որ Մարուքյանն էլ հիշեցնելու բան կունենա, չէ՞ որ նրանք եղել են դաշնակիցներ, ունեն համատեղ գաղտնիքներ: Ու Մարուքյանի պատասխանը չուշացավ. «Բարի գալուստ, Ազգային ժողով»: 2017-ին Մարուքյանը եւ Փաշինյանը միասին՝ «Ելք» դաշինքով են անցել խորհրդարան: Եթե Մարուքյանը Վատիկանի դրոշի տակ է պատսպարվել, այդ դեպքում ի՞նչ գործ ուներ թունդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը Մարուքյանի հետ նույն դրոշի տակ, նույն դաշինքում, որով անցավ խորհրդարան: Իսկ այդ ընտրություններում առանց Սերժ Սարգսյանի «դաբրոյի» անգամ «ղուշն իր թեւով» չէր կարող մտնել ԱԺ տարածք, էլ ուր մնաց՝ ընդդիմադիրները մանդատ ստանային: 

Երեկ էլ ԱԺ-ում Էդմոն Մարուքյանի՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ հնչեցրած ելույթին ի պատասխան, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դուրս եկավ հունից եւ ասաց. «Կա՛մ դուք քաղաքական որոշում եք կայացնում, այրում եք ձեր կամուրջներն անցյալի հետ, կա՛մ  կանգնում եք հեղափոխության կողքին, որի հնարավորությունն ունեցել եք հեղափոխությունից առաջ, հեղափոխությունից հետո, հեղափոխությունից մի քիչ հետո։ Հիմա. կա՛մ դուք կանգնում եք հեղափոխության կողքին, եւ մենք մաքրում ենք Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի, նրանց փեսաների եւ մնացածի պուճուրիկ խմբակները, որոնք փողով փորձում են ատելություն սերմանել Հայաստանի Հանրապետությունում, կա՛մ ազնիվ եղեք, համենայնդեպս, էկեք ասեք՝ մենք մեր տեղը չենք գտնում ո՛չ դահլիճում, ո՛չ քաղաքական դաշտում։ Եվ մարդիկ թող ձեզ վերաբերվեն էդ ձեւով»։ Սիմոնյանը եւս մեկ անգամ ակնարկեց Մարուքյանի՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի դաշնակցի կապը Միքայել Մինասյանի հետ եւ հորդորեց Մարուքյանին այրել կամուրջներն անցյալի հետ: Իսկ Մարուքյանի երբեմնի դաշնակից Փաշինյանն այրե՞լ է 2017-ին անցյալին կապող կամուրջները:

Պարզվում է, որ ո՛չ: Տպագիր մամուլի խմբագիրների հետ կայացած հանդիպման ժամանակ հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասաց․ «Վերջին անգամ Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ»: Ի՞նչ է սա նշանակում: Թավշյա իշխանությունը, մի կողմից, հրապարակայնորեն «հալածում է» Միքայել Մինասյանին, հռնդյունով քանդում է նրա սեփականությունը հանդիսացող «Ջազվե» սրճարանը, քրեական գործ հարուցում նրա հոր՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի տնօրեն Արա Մինասյանի նկատմամբ, նրան պաշտոնանկ անում, դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացնում, մյուս կողմից, պարզվում է, հասարակությունից՝ «ժող ջան»-ից թաքուն, Փաշինյանը մարդ է ուղարկում Միքայել Մինասյանի մոտ, այն էլ իր ամենավստահելի մարդկանցից եւ երկրի կարեւորագույն պաշտոնյաներից մեկին՝ ԱԱԾ տնօրենին, այն դեպքում, երբ Փաշինյանի շրջապատում շատ կան Միքայել Մինասյանին մտերիմ մարդիկ: Ի դեպ, լուրեր են շրջանառվում, որ նույն Ալեն Սիմոնյանն էլ առնչություններ է ունեցել Միքայել Մինասյանի եւ նրա նեղ շրջապատի հետ։
Այդ ի՞նչ հույժ գաղտնիք էր քննարկվում, որ այդ բանակցությամբ զբաղվում էր անձամբ ԱԱԾ տնօրենը: Ի՞նչ չմաքրված հաշիվներ ունի Փաշինյանը Միքայել Մինասյանի, «սեւերի», մերժվածների հետ: Թե՞ ժողովրդի վարչապետը խաղում է մի քանի լարի վրա:

 ՀԳ․ ԱԱԾ նախկին տնօրենն իմացավ այդ հանդիպումը գաղտնազերծելու ճիշտ ժամանակը եւ չափը: Եթե ինքը չբարձրաձայներ այդ հանդիպման մասին, ապա մի օր Փաշինյանն այդ հանդիպումը կներկայացներ որպես Վանեցյանի կողմից պետական հեղաշրջման փորձի եւ Մինասյանի կողմից իրեն ծառայություններ առաջարկելու ապացույց։ Եվ որպես փաստ՝ կարող էր բերել ինչ-որ գրիչ, սրիչ, նկար, դատարկ թուղթ եւ այլն: Հրայր Թովմասյանի՝ միամտորեն նվիրած գրիչը վկա…