Ինչու՞ Պուտինը չի ուզում վերջ տալ պատերազմին. Թրամփն անկեղծացել է

Ինչու՞ Պուտինը չի ուզում վերջ տալ պատերազմին. Թրամփն անկեղծացել է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չունի պատերազմը դադարեցնելու մտադրություն, քանի որ իրեն հաղթող է համարում։ 

Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ 

Թրամփն առաջին անգամ ուղղակիորեն ընդունել է այս փաստը։

«Թրամփի այս խոստովանությունն այն էր, ինչ եվրոպացի առաջնորդները վաղուց հասկացել էին Պուտինի մասին։ Սակայն նրանք այն առաջին անգամ են լսել հենց Թրամփից։ Այն նաև հակասում է նրա հրապարակային հայտարարություններին, ըստ որի՝ նա կարծում է, որ Պուտինը իսկապես խաղաղություն է ուզում», - գրում է WSJ-ն։

Սակայն Պուտինի իրական դիրքորոշման գիտակցումը չստիպեց Թրամփին ձեռնարկել այն գործողությունները, որոնց հետ կապված հույս ունեին եվրոպացիները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մասնավորապես՝ ուժեղացնել Ռուսաստանի վրա ճնշումը։

Աղբյուրների խոսքով՝ Թրամփը կիրակի օրը՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից մեկ օր առաջ, հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ և հստակեցրել, որ կարող է պատժամիջոցներ կիրառել, եթե Մոսկվան հրաժարվի համաձայնել հրադադարին։ Սակայն, երկուշաբթի օրը նա փոխել էր իր մտադրությունը և հրաժարվել ծրագրերից՝ նշելով, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ սկսել ցածր մակարդակի բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ Վատիկանի միջնորդությամբ։

Չնայած Թրամփի դիրքորոշմանը, եվրոպացի առաջնորդները իրադարձություններում դրական կողմ տեսան։ Այժմ, ինչպես նշում է հրատարակությունը, լիովին պարզ է դարձել՝ Պուտինը չի ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Այս ըմբռնումն, իր հերթին, ընդգծում է, որ Ուկրաինայի հետագա աջակցությունը մեծապես ընկնում է Եվրոպայի ուսերին։

«Եվրոպացիները չեն հավատում, որ Թրամփի վարչակազմը կդադարեցնի ամերիկյան զենքի արտահանումը, քանի դեռ Եվրոպան կամ Ուկրաինան են վճարում դրա համար», - WSJ-ն մեջբերում է իր աղբյուրներին։