Սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդը լինելու համար դիմում է ներկայացվել

Սպանված Պողոս Պողոսյանի իրավահաջորդը լինելու համար դիմում է ներկայացվել

Փետրվարի վերջին Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, սկսվել էր դատախազության բողոքի քննությունը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:    

Հարությունյանի պաշտպանը դատարանից խնդրել էր ողջամիտ ժամանակ, որպեսզի հնարավորություն ունենա ծանոթանալու գործի նյութերին: Դատարանը նիստը նշանակել էր մարտի 27-ին, այնուհետեւ արտակարգ դրության պատճառով նիստը պետք է տեղի ունենար մայիսի 12-ին, ինչը եւս չի կայացել։

«Հրապարակ»-ի հետ զրույցում Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանը նշեց, որ նիստը կրկին հետաձգվել է, այս անգամ տուժող կողմի բացակայության պատճառով․ «Տուժող կողմը նաեւ դիմում է ներկայացրել, որ իրավահաջորդը փոխվի։ Նախկինում տուժողի եղբայրն էր, հիմա ուզում է տղան լինի»։

Ինչ վերաբերում է գործի նյութերին, նա նշեց, որ այս պահին ոչինչ չի ուզում ասել․ «Թող մնա դատական նիստին․ բայց աբսուրդ է։ Լիքը-լիքը բաներ կան, որ կզարմանաք։ Նիստի օրը կասեմ»։

Հիշեցնենք՝ Պողոս Պողոսյանի սպանության համար ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Կուկու մականունով թիկնապահ Աղամալ Հարությունյանը դատապարտվել էր պայմանական ազատազրկման՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար։