Միանշանակ ինձ վարչապետ եմ տեսնում և ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում․ Երվանդ Թարվերդյան

Միանշանակ ինձ վարչապետ եմ տեսնում և ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում․ Երվանդ Թարվերդյան

Նորաբաց «Միացյալ Հայաստան» կուսակցության առաջնորդ Երվանդ Թարվերդյանը, որը «Սարգիս- Կարոլինա» ընկերության սեփականատերն է, այսօր «Մարիոթ» հյուրանոցում հանդիպում էր կազմակերպել երիտասարդների հետ, որի ընթացքում նրանց հետ կիսվեց իր փորձով։

 Հարցին, թե ի՞նչ նպատակ ուներ երիտասարդների հետ հանդիպումը, Թարվերդյանը պատասխանեց․

«Երիտասարդությունը շատ կարևոր է մեզ բոլորիս համար, որովհետև, ինչպես ես եմ ասում, այս ընտրություններին երիտասարդներն են հաղթելու, և այն անձը, որը կտանի երիտասարդների սերն ու հավատը, նա կլինի մեր երկրի հաջորդ ղեկավարը։ Անկախ նրանից՝ հի՞ն մեթեդներ, նո՞ր մեթոդներ, բիզնես, վարչական ռեսուրս․․․, ես համարում եմ, որ այս ընտրությունները լինելու են մեր պետության վերջին 100 տարիների ամենակարևոր քաղաքական միջոցառումը, և մեր պետությունը, համայն հայությունը շուրջ 2 ամիս հետո կունենա իր երկրի հերթական առաջնորդը՝ հանձին նոր վարչապետի, և այդ անձի նշաձողը այնքան բարձր է լինելու, որ անձնավորված չպետք է լինի, պետք է լինի մարդ, որին հասարակությունը սիրում է, հավատում է, ով ի վիճակի է շատ ծար բեռ տանել»։

Հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է վարչապետի պաշտոնում, Թարվերդյանը պատասխանեց․

«Միանշանակ տեսնում եմ, ուրիշ ոչ մեկին չեմ տեսնում։ Ես չեմ ասում, որ դա ինչ-որ մտքի թռիչք է կամ երազանք է, այլ ուղղակի ինձ, իմ անձը, իմ կրթությունը, իմ անցած կյանքի փորձը համեմատում եմ բոլոր կուսակցությունների լիդերների հետ։ Ես առաջիկայում ձևաչափ կառաջարկեմ, որ ոչ թե լինեն դեբատներ, այլ լինեն հանդիպումներ, որտեղ առաջնորդները հանգիստ պատասխանեն միևնույն հարցերին»։