Մակունցը չէր կարող դիվանագիտական բարձրագույն աստիճան ստանալ 

Մակունցը չէր կարող դիվանագիտական բարձրագույն աստիճան ստանալ 

Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան նշանակված Լիլիթ Մակունցին Նիկոլ Փաշինյանը 1 օրում արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան է շնորհել, ճիշտ նույն տրամաբանության մեջ, ինչպես Արգիշտի Քյարամյանը մեկ գիշերում դարձավ գնդապետ, որպեսզի նշանակվի ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնում։

Բանն այն է, որ նախկինում դիվանագիտական որևէ աշխատանք չկատարած և նմանատիպ պաշտոն չզբաղեցրած Լիլիթ Մակունցին չէր կարող դիվանագիտության մեջ ամենաբարձր կոչումը շնորհվել, քանի որ «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը լրիվ այլ բան է ասում։ 

Ըստ այդ օրենքի 22-րդ հոդվածի՝ մրցույթի հիման վրա պաշտոնի նշանակված անձին տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ նվազագույն դիվանագիտական աստիճանը շնորհվում է սույն օրենքի 29-րդ հոդվածով՝ սահմանված փորձաշրջան անցնելուց հետո։ Հերթական դիվանագիտական աստիճանը կարող է շնորհվել համապատասխանաբար ավելի ցածր դիվանագիտական աստիճանով հետևյալ ժամկետներում ծառայելու դեպքում. «Կցորդ, երրորդ քարտուղար` առնվազն երեք տարի. երկրորդ դասի երկրորդ քարտուղար, առաջին դասի երկրորդ քարտուղար, երկրորդ դասի առաջին քարտուղար, առաջին դասի առաջին քարտուղար` առնվազն երկու տարի, երկրորդ դասի խորհրդական` առնվազն երեք տարի»: 

Նույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Հերթական դիվանագիտական աստիճանը շնորհվում է ատեստավորման արդյունքում մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին ներկայացված դրական եզրակացության հիման վրա: Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների և անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ` ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ»: 

Դիվանագիտական աստիճանները հատուկ դասային աստիճաններ են, որոնք դիվանագետին շնորհվում են դիվանագիտական ծառայության անցնելիս և ծառայության ընթացքում։ Դիվանագիտական աստիճանները բնութագրում են մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխանող որակավորումը: Դիվանագիտական աստիճանները լինում են բարձրագույն դիվանագիտական և դիվանագիտական: 

Բարձրագույն դիվանագիտական աստիճաններն են` 
1) արտակարգ և լիազոր դեսպանի աստիճանը
2) արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի աստիճանը, իսկ դիվանագիտական աստիճաններն են`
1) առաջին դասի խորհրդականի աստիճանը
2) երկրորդ դասի խորհրդականի աստիճանը
3) առաջին դասի առաջին քարտուղարի աստիճանը
4) երկրորդ դասի առաջին քարտուղարի աստիճանը
5) առաջին դասի երկրորդ քարտուղարի աստիճանը
6) երկրորդ դասի երկրորդ քարտուղարի աստիճանը
7) երրորդ քարտուղարի աստիճանը
8) կցորդի աստիճանը: 

Ինչպես նշեցինք, Լիլիթ Մակունցն իր կյանքում երբևէ դիվանագիտական պաշտոն չի ունեցել, հետևաբար՝ նա չի ունեցել նույնիսկ ամենացածր դիվանագիտական կոչում, բայց միանգամից ստացել է դիվանագիտության մեջ բարձրագույն կոչումը, մինչդեռ փորձառու դիվանագետները միայն տարիների ծառայությունից հետո են ստանում նման բարձր կոչում, այն էլ` ոչ բոլորը։ Իհարկե, անցյալում էլ են օրենքը բազմիցս խախտել, բայց դա պատճառ չէ, որ շարունակեն խախտել նաեւ այսօր։

Նույնիսկ օրենքն է սահմանում աստիճանների շնորհման հերթականություն և ժամանակացույց, սակայն նոր իշխանությունները թքած ունեն օրենքի պահանջների վրա, և չպետք է զարմանալ, որ, օրինակ, վաղը պարզվի, որ Արփի Դավոյանը մեկ գիշերում դարձել է ծովակալ կամ մարշալ։

Լիլիթ Մակունցին արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհելը նույնն է, որ ժամկետային զինվորին միանգամից գեներալի կոչում տան։

Ի դեպ, վերջին շրջանում դեսպանների հրամանագրերում ծառայության ժամկետ է նշվում՝ Վլադիմիր Կարապետյանին եւ նրանից հետո նշանակված եւս մի քանի դեսպանների ՀՀ նախագահի հրամանագրերում նշված էր՝ նշանակվում է դեսպան՝ 3 տարի ժամկետով։ Իսկ Լիլիթ Մակունցին, որպես «բարձրյալին» առավել մոտ կանգնած անձի, նշանակել են 4 տարի ժամկետով։ Թե ինչով է բացատրվում այս տարբերակումը, երբ նախորդ նշանակումներում գոնե կադրային դիվանագետներ են նշանակվել, իսկ Մակունցը դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության հետ երբեւէ առնչություն չի ունեցել, պարզ չէ։ Իշխանության կամայականությունն արտահայտվում է ամեն ինչում։