Պարտության մարգարեությո՞ւն, թե՞ մանրակրկիտ մշակված պլան

Պարտության մարգարեությո՞ւն, թե՞ մանրակրկիտ մշակված պլան

2019 թվականի փետրվարի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ Սերգեյ Մարկովը, որը համատեղությամբ նաեւ ՌԴ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրենն է, ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մեկը մեկին ճշգրտությամբ կանխատեսել է հետագա իրադարձությունները՝ արձանագրելով, որ շատ կարեւոր է, որ ղարաբաղցիները Հայաստանում իշխանությունից հեռացված են։ 

Նա ասել է․ «Իմ տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանը պատրաստ է փոխզիջումների կազանյան բանաձեւի շուրջ»։ Ապա կարծիք է հայտնել, որ Ադրբեջանին հող հանձնելու իր պատրաստակամությունը հայ հասարակությունից թաքցնելու համար Փաշինյանը ստիպված է անցնել հայրենասիրական հռետորաբանության՝ վախենալով կասկածվել ազգային շահերի դավաճանության մեջ, բայց Փաշինյանը շատ է վախենում պատերազմից, չի ցանկանում այն։ Եվ քանի որ «ղարաբաղցիները համառում են եւ դեռ շատ են ուժեղ, հավանաբար, Ղարաբաղում նոր փոքր պատերազմի անհրաժեշտություն կառաջանա, ինչ-որ խորամանկ կոմբինացիայի իրականացում, որը կստիպի հայ ժողովրդին համոզվել տարածքները պահելու անհնարինության մեջ»:

Պարզ ասած՝ Փաշինյանին օգնելու համար, որ տարածքները հանձնվեն Ադրբեջանին, ըստ Մարկովի, պետք է Ղարաբաղում նոր կոտորած կազմակերպել, սպանել եւս մի քանի հազար հայ զինվոր, որից հետո հայ ժողովուրդը հոգեբանորեն կկոտրվի, եւ այդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանին ավելի հեշտ կլինի հողերի հանձնման գնալը։  Եվ «այս ամենը պետք է տեղի ունենա Ռուսաստանի եւ ԱՄՆ իշխանությունների օրհնությամբ»։

Այս մարգարեությունից, թե իրական պլանների գաղտնազերծումից մեկ տարի անց տեղի ունեցավ 44-օրյա պատերազմը, հազարավոր զինվորներ զոհվեցին, տարածքներ հանձնվեցին Ադրբեջանին, եւ այսօր հայ ժողովուրդը հոգեբանորեն կոտրված է, անգամ արցախցիների դեմ խաչակրաց արշավ է սկսվել։ Ավելին՝ Մարկովի ասած հայրենասիրական հռետորաբանությունն է իրականություն դարձել․ Նիկոլ Փաշինյանի 29․09․2020թ․ ԱԺ ելույթից մի հատված․ «Մենք պետք է պատասխան տանք մի պարզ հարցի․ մենք ունե՞նք ներուժ՝ մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանելու, թե՞ մենք այդպիսի ներուժ չունենք։ Մենք ունե՞նք այդպիսի վճռականություն, հաստատակամություն։ Մենք պարտավոր ենք հաղթել, եւ դրա համար կա միայն ու միայն մի նախապայման, որ մենք՝ ինքներս մեզ խոստանանք, որ ոչ մի միլիմետր չենք նահանջի մեր պատմության, մեր ժողովրդի, մեր Արցախի, մեր ապագայի ու մեր անցյալի, մեր ինքնության ու մեր արժեքների պաշտպանության դիրքերից։ Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ հայոց սփյուռքը եւ կեցցե՛ փառապանծ հայոց բանակը, որ պաշտպանելու է հայ ժողովրդի ապրելու, հաղթելու եւ զարգանալու իրավունքը»:

Քաղաքագետ Վիգեն Հակոբյանը շատ կարեւոր է համարում այն, որ Մարկովը ՌԴ ադրբեջանական լոբբիից է։ Ասում է՝ ընդհանրապես, գերտերություններում, որպես կանոն, լոբբիները բաժանված են՝ մի մասը մի երկրի լոբբիով է զբաղվում, մյուս մասը՝ այդ երկրի հակառակորդ երկրի, դերերի բաժանում է, որը դրված է գրեթե պետական մակարդակով։ «Հետեւաբար, բաց աղբյուրներում նրա ասածը ոչ թե մարգարեություն է, այլ իշխանական վերնախավի ծրագրերից մեկի շուրջ արտահոսք։ Ծրագիր, որը տեւական ժամանակ շրջանառության մեջ էր դրված։ Ինչպես հիշում ենք՝ կարճատեւ կամ միջնաժամկետ պատերազմի գաղափարը, որի արդյունքում կարելի է արձանագրել ինչ-որ նոր իրողություններ, այդ թվում՝ որոշ տարածքների հանձնում, դրա մասին շատ վաղուց էր խոսվում, ներառյալ 16 թվականի 4-օրյա պատերազմը։

Պարզապես ադրբեջանցիների համար, ադրբեջանական մամուլում բացահայտվել է այս պլանը, որը, ըստ իս, համաձայնեցված էր գերտերությունների հետ, որովհետեւ այն, ինչ տեսանք պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո հայաստանյան քաղաքական զարգացումներում, հատկապես ընտրությունների շուրջ, վկայում են, որ կար աշխարհաքաղաքական կոնսենսուս»,- ասաց Վիգեն Հակոբյանը։ Նրա ամփոփմամբ՝ սույն ալգորիթմը, որը նկարագրում էր, թե տարածաշրջանում ինչ զարգացումներ են լինելու, չէր կարող բացահայտվել իր՝ Մարկովի ցանկությամբ, եթե չունենար որոշակի «դաբրոներ» Կրեմլի աշտարակներից առնվազն մեկի կողմից։

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն էլ Մարկովի մարգարեության մասին հարցին ի պատասխան ասաց․ «Սերժին ասեք, թող մեկնաբանի։ Նրա մտերիմն է եղել (Մարկովը)։ Մարկովը ճիզվիտի մեկն է, որը բարձրաձայնել է այն, ինչ ծրագրել էին»։ Քաղաքագետը ղարաբաղցիներին հեռացնելու մասով էլ ասում է․ «Այդ ամեն ինչը պետք է լիներ 2016-ին։ Սերժիկը ստորագրեց հռչակագիրը՝ այդ ծրագիրը կանխելու համար, որովհետեւ էն ժամանակ պատրաստվում էին ռմբակոծել Ստեփանակերտը։ Ես շատ լավ գիտեմ, ես 16-ին ասել եմ, որ ղարաբաղյան կլանի օրերը հաշված են, որովհետեւ ղարաբաղյան կլանը 20 տարի խաբում էր։ Երեւանում ղարաբաղցիներին իշխանություն տվեցին էն պայմանով, որ իրենք պիտի լուծեն Ղարաբաղի հարցը։ Չլուծեցին՝ թռան, բերեցին Նիկոլին, դրա համար բոլորին պետք է հեռացնեին։ Էդ սցենարի մասին ես բարձրաձայնել եմ դեռ 2010 թվականին։

Քարտեզում նշված էր՝ «Խանկքենդի» եւ «Շուշա», էդ քարտեզն էլ վաճառվում էր ԱԳՆ-ի դռանը՝ Վարդան Օսկանյանի քթի տակ՝ «Նոյան տապան» գրախանութում, 30 հազար տպաքանակով։ Քարտեզագրման վարչությունն է այդ քարտեզը կազմել։ Նորից եմ ասում՝ Լավրովի պլանի ժամանակ դեռ էդ ծրագիրը կար։ Բա ինչի՞ Սերժը Պոզների հետ զրույցի ժամանակ հանկարծ խոսեց կազանյան համաձայնությունների մասին, որովհետեւ 16-ի պատերազմը, որն ավարտվեց դեկլարացիայի ստորագրմամբ, որ պիտի մինչեւ տարվա վերջ տա։ Ու նույն այդ Մարկովը 16 թվականին ասում էր, որ մինչեւ տարվա վերջ պետք է շրջաններից դուրս գա»։

Ավելին՝ Հմայակ Հովհաննիսյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանն այդ նպատակով կցանկանար իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին դեռ 2016-ին, պարզապես դրան խանգարեց Պավլիկ Մանուկյանը։

Արցախում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց․ «Հետին թվով բավականին հեշտ է աղմկահարույց եզրակացություններ անելը, եւ, մի կողմից՝ կատարվածից հետո ոչ մի, այդ թվում՝ ամենադավաճանական սցենար բացառելը սկզբունքորեն չի կարելի։ Մյուս կողմից, պատերազմով հայ հասարակությանը կոտրելն ու նախապես պայմանավորված պատերազմով ստատուս քվո փոփոխելը մի մարտավարություն է, մի սցենար էր՝ ոչ միայն Մարկովի, այլեւ բազում այլ մարդկանց կողմից նկարագրված, նաեւ՝ ապրիլյան պատերազմից առաջ։ Ճիշտն ասած, այն ժամանակ ես կարծում էի, որ պայմանավորված պատերազմը շատ դժվար է կառավարել, եւ այն վաղ թե ուշ վերահսկողությունից դուրս է գալու։

Հետեւաբար, շատ կասկածելի է պայմանավորված պատերազմի միջոցով հարցի լուծումը։ Ինձ թվում է, որ Փաշինյանը քաջ գիտեր, որ լինելու է նոր, մեծ պատերազմ։ Անմեղության կանխավարկածի կիրառմամբ՝ մենք կարող ենք եւ չդիտարկել առաջնահերթորեն դավաճանության սցենարը եւ եթե անգամ համարենք, որ նա ոչ մի կանխամտածված դավաճանական քայլի չի դիմել, Մոսկվայի, Ադրբեջանի ու Թուրքիայի  հետ կանխամտածված դավաճանական պայմանավորվածություններ չի ունեցել, միեւնույն  է՝ թե՛ երկիրը մինչեւ պատերազմը կառավարելու, թե՛ հատկապես պատերազմական գործողությունները կառավարելու ժամանակ նրա ցուցաբերած բացարձակ, աննկարագրելի ու վատ իմաստով՝ էպիկական ապաշնորհությունը միանգամայն բավական է ամրագրելու,  որ իրենց հարուցած հետեւանքներով, ազգային դավաճանության հետ միասին, Փաշինյանը գործել է աններելի մեղքեր»։ Քանի որ ստանձնելով ՀՀ ղեկավարությունը՝ Փաշինյանը լիակատար պատասխանատվութուն էր ստանձնում իր կառավարման ժամանակ ամեն մի հնարավոր զարգացման համար։