Վովայի Արշակը կրկին կալանավորվել է

Վովայի Արշակը կրկին կալանավորվել է

Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը՝ Վովայի Արշակը դեկտեմբերի 23-ին կրկին կալանավորվել է։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Արշակ Հակոբյանը կալանավորվել է Վճռաբեկ դատարանի որոշմամբ, որը բեկանել է նախորդ ատյանների որոշումը։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանը 562 մլն դրամի չափով գրավ էր կիրառել Հակոբյանի նկատմամբ եւ ազատ արձակել, ինչն աննախադեպ չափի գրավ է։ Ապա դատախազությունը վերաքննիչ բողոք էր տարել դատարան, որը բավարարվել էր մասնակիորեն, սակայն Հակոբյանը չէր կալանավորվել։ Առաջին ատյանի սահմանած գրավի չափի հետ համաձայն չէր նաև Արշակ Հակոբյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը, նա նշել էր, որ գրավի չափը բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում եւ իրենք գրավի գումարի չափ էին առաջարկել 50 մլն դրամը։ Փաստորեն, Վճռաբեկը բեկանել է այդ որոշումները եւ Հակոբյանին մի քանի օր առաջ կրկին կալանավորել են։ 

Ըստ մեղադրանքի, հիշեցնենք, Արշակ Հակոբյանը, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ զբաղեցնելով ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը եւ հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում դիտավորությամբ թաքցրել է հայտարարագրման ենթակա տվյալները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը, ինչպես նաեւ ենթադրաբար օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը` 22.007.259 ՀՀ դրամը: