Առցանց ուսուցո՞ւմ, թե՞ զվարճություն և ժամավաճառություն

Առցանց ուսուցո՞ւմ, թե՞ զվարճություն և ժամավաճառություն

Կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում դպրոցներում եւ համալսարաններում դասապրոցեսն անցկացվում է առցանց տարբերակով, տեսազանգի օգնությամբ։ Համացանցում արդեն տեսանյութեր են տարածվել, որոնք ցույց են տալիս, որ դասախոսների մի մասը չի տիրապետում տեխնիկական հնարավորություններին։ Սակայն տեխնիկական տեսանկյունից անգամ հաջողված դասապրոցեսների պարագայում էլ դրանց արդյունավետությունը կասկածելի է, քանի որ դասապրոցեսը, դասախոսություններից զատ, նաեւ ինտերակտիվ շփում, հարցուպատասխան է ենթադրում։ 

ԵՊՀ մամուլի խոսնակ, գրականագետ Գեւորգ Էմին-Տերյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց, որ սա մեր կրթական համակարգի համար փորձություն է, եւ վերջնական եզրահանգումներ կարելի է անել միայն ամփոփումից հետո․ «Ակնհայտ է, որ մեր կրթական համակարգն ամբողջությամբ եւ, մասնավորապես, համալսարանը մինչ այս պահն այսպիսի փորձառություն չուներ։ Այսինքն՝ մենք ունեինք հեռավար ուսուցման համակարգեր, բայց դրանք շատ քիչ էին օգտագործվում։ Օրինակ՝ մենք գիտենք, որ համալսարանում մոտավորապես 3 հարյուր դասախոս կա, որ օգտվում էր «Մուդել» ծրագրից, բայց կորոնավիրուսն արագացրեց հեռավար ուսուցման անցնելու ձեւը։ Մենք այս ընթացքում բոլոր դեկանների հետ հարցազրույցներ ենք արել, բոլորը վստահեցնում են, որ դասերը բնականոն հունով ընթանում են, նույնիսկ տվյալներ կան, որոնք զարմացնում են՝ դեկաններ կան, որ ասում են, թե ուսանողների 80-90 տոկոս ներկայություն կա, մինչդեռ իրական դասապրոցեսի ժամանակ ներկայությունը 70+ տոկոսով է լինում։ Դա շատ լուրջ թիվ է։ Եթե այդ տվյալը ճիշտ է, ուրեմն դա ֆանտաստիկ արդյունք է։ Բայց պետք է սպասել, որ այս պրոցեսն ավարտվի, արդյունքներն ամփոփվեն, որպեսզի հնարավոր լինի ինչ-որ եզրահանգում անել։ Ըստ ամենայնի, դա փոխարինում է դասերը, եւ ենթադրում եմ, որ պրակտիկաները, դրսի աշխատանքները չհաշված ՝ ընդհանուր լսարանային եւ արտալսարանային դասերի լրացում չի լինի, հատուկ ժամանակ չի հատկացվի՝ դրանք վերականգնելու համար»։ 
Հարցրինք, թե որքանով են արդյունավետ առցանց քննությունները, դրանք ենթադրում են ուսանողների գիտելիքների ստուգո՞ւմ, թե՞ պարզապես «պտիչկա» դնելու համար են։ «Առցանց հարթակները նման հնարավորություն տալիս են, ուրիշ հարց է, թե որքանով են դասախոսներն ու ուսանողները տիրապետում հմտություններին։

Երբ նոր էր սկսվել այս գործընթացը, մենք տարբեր դասախոսների էջերում տեսանք, թե դա սկզբնական շրջանում ինչքան վատ էր, առաջին օրերին չէին կարողանում տեսախցիկը միացնել եւ այլն, բայց հիմա տեսնում ենք, որ շատ լավ ընթանում է, եւ այն մարդիկ, որոնք առաջին օրերին չէին կարողանում ոչինչ անել, հրապարակային դասախոսություններ են կարդում։ Դա նաեւ այն առումով է լավ, որ մեր համացանցը լցվում է ինտելեկտուալ նյութով, որոշակի գիտահանրամատչելի բովանդակություն է տրվում, որը, միանշանակ, լավ է։ Սկզբնական շրջանում մի կատակ եղավ․ ուսանողներից մեկը գրել էր, որ 24 ժամ դաս են անում, որովհետեւ դասախոսը չի կարողանում տեսազանգն անջատել, բայց հիմա, կարծես, անցավ այդ փուլը, ամեն ինչ ընկել է հունի մեջ»,- պատասխանեց ԵՊՀ խոսնակը։ Հարցրինք նաեւ, թե վերահսկվո՞ւմ են այդ դասերը, հնարավո՞ր է, որ, օրինակ, դասախոսը պայմանավորվի ուսանողների հետ, որ դաս չանեն, բայց եթե հարցնող լինի, հակառակն ասեն, խաբելու առցանց տարբերակներ գտնեն։ «Ես գիտեմ, որ այն ցանցերը, որոնք համալսարանն է ստեղծում եւ տրամադրում, այդ առցանց հարթակները վերահսկվում են, դրանցով երեւում է, թե դասախոսն ինչքան դաս է արել, այլ հարթակները շատ դժվար է վերահսկել, օրինակ՝ Ֆեյսբուքը, «սքայփ»-ը եւ այլն, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ հաշվետվություններ պետք է ներկայացվեն։ Ես չգիտեմ, թե ուսումնական վարչությունն ինչպես է վերահսկում, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ մեխանիզմներ պետք է լինեն»,- պատասխանեց Էմին-Տերյանը։ 
Մենք զրուցեցինք նաեւ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ուսանողներից մեկի՝ Լիլիթ Զաքարյանի հետ, ով եւս նշեց, որ դասախոսներից շատերը չեն տիրապետում տեխնիկական հնարավորություններին, շատերը տեխնիկական հագեցվածության խնդիր են ունեցել։ «Մի շարք երկրներում առցանց ուսուցումը շատ վաղուց կրթական համակարգի առանցքային մասն է կազմում։ Մեր երկրում առցանց ուսուցման անցնելու գաղափարը փոքր-ինչ ռիսկային էր, քանի որ երկու կողմերն էլ՝ թե՛ ուսանողները, աշակերտները եւ թե՛ ուսուցիչները, դասախոսները, պատրաստ չէին սրան։ Շատերի մոտ կար տեխնիկական հագեցվածության խնդիր, ինչպես նաեւ՝ նորագույն տեխնոլոգիաներից օգտվելու դժվարություններ։ Սակայն ստեղծված իրավիճակը կարող է նպաստել՝ հետագայում առցանց ուսուցման այս փորձը (լավ թե վատ) օգտագործելու առցանց ուսուցման մշակույթ ձեւավորելու գործում, որին, ինչպես արդեն ասացի, մենք պատրաստ չէինք։ Այս ընթացքում դասերն իրականացվել են Zoom ծրագրի միջոցով եւ այլ հեռահաղորդակցման միջոցներով, շաբաթական մեկ օր, սակայն խտացված ռեժիմով՝ 2-2,5 ժամ տեւողությամբ։ Դասերն ինտերակտիվ եղանակով են իրականացվում, դասախոսը երբեւէ լեկցիա չի կարդում։ Ամեն դասից առաջ մենք ստանում ենք դասի թեման, կազմում հարցեր, ուղարկում դասախոսին, ըստ դրա՝ նա կառուցում է դասը, պրեզենտացիաների միջոցով։ Մենք ունեինք 2 միջանկյալ քննություն եւ մեկ վերջնական, սակայն, այս դեպքերի հետ կապված, հանձնելու ենք յուրաքանչյուր առարկայից 1 վերջնական քննությամբ։ Քննությունը բանավոր է լինելու, սոցիալական կայքերի միջոցով ենք հանձնելու՝ տեսազանգի հնարավորությամբ»,- ասաց ուսանողուհին։ Հնարավո՞ր է, որ բանավոր քննության ժամանակ ուսանողը պարզապես բացի եւ կարդա քննության նյութը։ Ուսանողուհին պատասխանեց, որ գործնականում հնարավոր է, սակայն դասախոսը ճանաչում է ուսանողին եւ գիտի նրա հնարավորությունները։ 

Թեմայի առնչությամբ զրուցեցինք նաեւ Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր, ներկայումս դասախոս Ռուբեն Հայրապետյանի հետ։ Նա նշեց, որ առցանց եղանակով դասախոսության անցկացումը, բնականաբար, նորություն չէ, եւ այդ մեթոդը վերջին տարիներին հաճախ կիրառվել է, եթե ֆիզիկական ներկայության հետ կապված՝ օբյեկտիվ խնդիրներ են առաջացել։ «Հարկավոր չէ այս գործընթացը որպես դարակազմիկ նորարարություն ներկայացնել, ինչպես հաճախ փորձ է արվում: Համավարակի առկայության պարագայում տարբերությունը միայն այն է, որ այդպիսի անհրաժեշտությունը համատարած է, եւ գրեթե բոլոր դասավանդողներն են այդպես կազմակերպում իրենց դասընթացները: Առցանցի դեպքում դասախոսության արդյունավետությունն օբյեկտիվորեն նվազում է, որովհետեւ դասավանդողի եւ ուսումնառողի միջեւ հետադարձ կապի օպերատիվության խնդիրներ են առաջանում, դժվարանում է նաեւ ոչ վերբալ արտահայտչամիջոցներով հաղորդակցությունը:

Կախված դասընթացի առանձնահատկություններից՝ արդյունավետությունն այդ օբյեկտիվ պատճառներով կարող է նվազել շատ կամ քիչ: Սակայն, ցավոք, ըստ նախնական դիտարկումների, արդյունավետության նվազման գործում սուբյեկտիվ պատճառները գերակշռում են: Եվ սա տրամաբանական է, որովհետեւ լսարանում ժամանակ «սպանող», իր դասընթացին չտիրապետող եւ ուսանողներին փաստացի խաբող դասավանդողներն առցանց եղանակով եւս չեն կարող որեւէ օգուտ տալ ուսանողներին: Նման դասավանդողները սկսում են խաբելու առցանց տարբերակներ փնտրել, ուղարկում են մեծածավալ անհասկանալի նյութեր եւ ուսանողներին պարզապես հանձնարարում հաջորդ դասին դրանց մասին պատմել կամ, օրինակ, առցանց թելադրություն են կարդում, ինչն ուղղակի զարհուրելի է: Եվ այս ամենի արդյունքում որոշ դեպքերում մեծ շուքով հայտարարում են, թե իբր բոլոր դասընթացները կազմակերպվել են: Իսկ պատրաստված դասախոսների առցանց դասախոսությունները կարող են նույնիսկ սովորականից ավելի արդյունավետ անցնել՝ օբյեկտիվ խնդիրներով հանդերձ, որովհետեւ ուսանողները շատ դեպքերում ոգեւորված են լինում նոր մոտեցումներով: Դասավանդման գրեթե բոլոր մեթոդները կիրառելի են ժամանակակից հավելվածների շնորհիվ՝ իրավիճակային քննարկումներ, առաջադրանքներ, հարցուպատասխան եւ այլն, հետեւաբար, այդ մեթոդները պետք է համատեղել, որպեսզի հնարավոր լինի իրական արդյունք ստանալ»,- ասաց Հայրապետյանը։