Արևը միշտ արևելքից է ծագում

Արևը միշտ արևելքից է ծագում

Ուզենք թե չուզենք՝ պետք է ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի դեպքերի հետ կապված գործեց ինչպես «նախկինները»: Այսինքն՝ Ղազախստանի նախագահից զանգ ստանալուն պես ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների շտապ խորհրդակցություն հրավիրեց, որտեղ էլ որոշում կայացվեց ՀԱՊԿ զորքերը մտցնել Ղազախստան՝ իրավիճակը կարգավորելու նպատակով: ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ իրենք վերջապես աշխատեցրին ՀԱՊԿ-ը: Իրենք ասելով, հասկանալի է, նկատի ունի Նիկոլին, որ գործեց շատ օպերատիվ, այնքան օպերատիվ, որ նույնիսկ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներն էին անակնկալի եկել: Իսկ այնտեղ ովքե՞ր են… Պուտինն է, բատկան է, ինչու ոչ՝ Նազարբաևը, այսինքն մարդիկ, որոնք վերջին 3 տարիներին առիթը բաց չեն թողել Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը քննադատելու համար: Այ այդպես ձեզ կաշխատեցնի մեր Նիկոլը, կսկսի հենց ձեր կետից ու կավարտի ձեր կետի վրա: Տեսա՞ք թե ինչպես Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը վերջին սկայպաժողովի ժամանակ շնորհակալություն հայտնեց Նիկոլ Փաշինյանին՝ ցուցաբերած օպերատիվության, վճռականության և ՀԱՊԿ գաղափարներին նվիրվածության համար… Բա չէ, զահլա կա:

Փաշինյանի կենսագրության մեջ Ղազախական էջն, անշուշտ, առանձնանում է իր՝ թե բովանդակությամբ և թե հագեցվածությամբ: Այն չես համեմատի Փաշինյանի վարչապետության երկար ու ձիգ երեք տարիների դատարկության հետ… ասֆալտին փռեմ, պատերին ծեփեմ, արաղով կոմպրես անեմ, սահմանադրական հանրաքվե անցկացնեմ, ընտրախախտումների էջը փակեմ, չագուչ խաղացնեմ, խաղաղության դարաշրջան բացեմ: Այս սին խոստումների և սպառնալիքների ֆոնին, համաձայնեք, որ Փաշինյանի ղազախական արշավանքն իրոք հատկանշական էր: Եվ չզարմանաք, որ միջազգային հանրությունը Նիկոլին մի օր անվանի Նիկոլ Իջևանցի՝ Ալեքսանդր Մակեդոնացուն նկատի ունենալով, իսկ Փաշինյանի օպերատիվ գործողությունների շնորհիվ փրկված մոնղոլոիդները Չինգիզ խանի Առաջին և Բաթու խանի երկրորդ աստիճանի մեդալով պարգևատրեն նրան:

Ղազախստանի դեպքերից հետո լուրջ անելիք ունեն նաև հայ պատմաբանները: Գունավոր Նիկոլից պետք է ստեղծել ազգային Նիկոլի կերպար, ինչը բավականին աշխատատար պրոցես է լինելու: Սորոսական խաժամուժը կատաղի դիմադրում է, Ծռերն իրենց կորցրել են, Բաբաջանյան Արմանն ընդհատակ է անցել, Սաֆարյան Ստյոպն ու Դավիթ Սանասարյան՝ վատացել: Հասկանալի է՝ նրանք կորցնում են Նիկոլին, իսկ դա նշանակում է, որ իրենք են կորչում և օրեցոր մոտենում պատմության աղբանոցին: Հայաստանում Սորոսի էջը փակվելու վրա է: Մեր պատմաբանների խնդիրն է՝ ցույց տալ, որ Նիկոլը երեք տարի շարունակ սրանց քթից բռնած ման է տվել, ստիպել սորոսական խոշոր փողեր ծախսել, բայց երբ եկել է ժամանակը, թռել է ազգային ճամբար՝ ձեռքի հետ էլ Էրդողան-Ալիև զույգին հասկացրել, որ փակում է խաղաղության դարաշրջանի էջը՝ թիկունքում ունենալով Պուտինին, բատկային, ինչու ոչ՝ նաև Նազարբաևին ու մյուս մոնղոլոիդներին, որոնք, իբր, Թուրքիայի հենարանն են մեծ թուրանում: Քաջ Նազարի համբավին հավակնող Նիկոլից, ահա, այսպիսի մեծ ռազմա-քաղաքական և պետական գործիչ պետք է ձուլեն մեր պատմաբանները:
Կարծում եմ ժամանակն է, որ Նիկոլի հանդեպ իր վերաբերմունքը փոխի նաև ընդդիմությունը և միառժամանակ մի կողմ դնի նրան թախտից գցելու իր ծրագրերը:

Ի վերջո Նիկոլն այսօր շատ չի տարբերվում նախկիններից և Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորն էլ շատ դեսուդեն չի ծռում: Մնացել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցում էլ վերադառնա նախկինների կետին ու դառնա լրիվ նախկին: Դա էլ, կարծում եմ, ժամանակի հարց է և շուտով տեղի կունենա նրա հետ բացատրական աշխատանքների և Ալիև- Էրդողան տանդեմի ռազմատենչ նկրտումների ճնշման տակ: Պետք է այնպես անել, որ հայաստանյան հասարակությունը և աշխարհասփյուռ հայությունը մեկ անգամ և ընդմիշտ մոռանան Նիկոլին տրված «կապիտուլյանտ», «դավաճան», «հողատու», «ազգակործան պատուհաս», «Բ.Տ.» և նմանատիպ որակումները: Ես չեմ ասում, թե դրանք անարդարացի որակումներ են մի մարդու հանդեպ, որ իր կետից բանակցելով, այսքան աղետ բերեց մեր ժողովրդի գլխին: Ամենևին ոչ, բայց չմոռանանք, որ քաղաքականության մեջ, այդ թվում և ներքին, չպետք է լինեն հավերժական հակառակորդներ:

Ազգային ընդդիմությունը, կարծում եմ, պետք է առաջնորդվի ազգային ու պետական մնայուն շահերով, որոնք այսօր ակամա սպասարկում է Նիկոլ Փաշինյանը: Իսկ ինչ վերաբերում է նրան հեռացնելուն կամ գլխին փորձանք բերելուն, ապա կարիք չկա այդ ուղղությամբ հատուկ ջանքեր գործադրել: Դա կանեն սխալմամբ Նիկոլին իշխանության բերած ուժերը, որոնց նա լավ դաս տվեց Ղազախստանում: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ հիմա ճիշտ ժամանակն է պատգամավոր և նախարար քայլիստների հետ աշխատանքներ տանելու: Նրանք պատրաստ են քայլել դեպի այնտեղ, ուր Նիկոլն է քայլում, միայն թե դեռ քացի են գցում, էշ-էշ բաներ դուրս տալիս: Պարզապես պետք չէ դրան ուշադրություն դարձնել: 

Եվ վերջում հատուկ խնդրանք ընդդիմադիր Լևոն Տեր-Պետրոսյանին: Մեծարգո առաջին նախագահ, Դուք, որ Նիկոլից դժգոհելու այլևս ոչ մի պատճառ չունեք (հողերը տվել է, Արցախը թողել Ադրբեջանի կազմում, դարձել համաշխարհային մակարդակի առաջնորդ), աշխատեք զսպել իշխանության մեջ ներդրված ձեր «շնիկներին»: ԲԴԽ-անոցի Գագոն կլինի, օլիգարխ Գռզոն, եֆրեյտոր Գագիկը, ավազը թափած Խաչատրյան Վիգենը, թե թալանչի Քոչարյան Անդոնը, կապ չունի: Նրանք այսօր պարտավոր են համախմբվել Նիկոլի շուրջ, ինչպես ղազախները Տոկաևի և լռելյայն տանեն իրենց բաժին հասած խայտառակությունը, մինչև տեսնենք ինչ է լինում: